Ճապոնացի պատմաբանի աշխատությունը Ասիայում առեւտրական գործունեություն ծավալած հայերի մասին
Հայոց պատմության, հայ ժողովրդի մասին պատմող ճապոներեն գրքերն ու գիտական աշխատությունները սակավաթիվ են, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր նոր համալրում մեծ ուրախության առիթ է հանդիսանում: 2023 թ. այդ գրքերի շարքը համալրվեց եւս մեկով՝ պատմաբան Շինջի Շիգեմացուի «Ծովերը նվաճած հայ առեւտրականները. Ասիայով մեկ սփռված հայերի առեւտրական գործունեության պատմությունը» («Ումի նո Արումենիա շյոնին. Աջիա րիսան կոէկի նո րեկիշի», Շյուէյշյա) մենագրությամբ, որը պատմում է հայ վաճառականների՝ ասիական տարբեր շրջաններում ծավալած գործունեության մասին: Շիգեմացուի մենագրությունը առաջին ճապոնալեզու աշխատանքն է, որն անդրադառնում է սույն թեմային: Հեղինակը նշում է, որ հայկական հետքերին վերաբերող նյութեր ու փաստաթղթեր սկսել է փնտրել 2000 թ.-ից՝ նախ Մալայզիայում եւ Հնդկաստանում, ապա այլ երկրներում: Հավաքված բազմաթիվ նյութերի շնորհիվ էլ հնարավոր է եղել վերարտադրել Ասիայի հայերի պատմությունը:
Գիրքը բաղկացած է նախաբանից, վերջաբանից, ինչպես նաեւ հետեւյալ ութ գլուխներից՝ 1. Հայկական մետաքսե ճանապարհը, 2. Ցամաքային եւ ծովային առեւտրական ճանապարհները Հնդկաստանում, 3. Հայ առեւտրականները եւ անգլիական Արեւելահնդկական ընկերությունը, 4. Հայկական համայքի մի ընտանիքի պատմություն, 5. Հայկական նավերը ասիական ծովատարածքում, 6. Հայկական առեւտրական նավերի նավարկությունները Ճապոնիա, 7. Հայ առեւտրականների գործունեությունը Ճապոնիայի օտարերկրացիների բնակավայրերում, 8. Հայկական փողոցները, եկեղեցիները, հյուրանոցները:
Առաջին գլխում հեղինակը քննարկում է 17-18-րդ դարերում Եվրասիա մայրցամաքում հայերի կողմից ծավալած առեւտրային գործունեությունը՝ նշելով, որ 1605 թ. Նախիջեւանի Ջուղայից բռնի տեղահանված հայերը, հաստատվելով Սեֆյան Պարսկաստանի հարավային հատվածում, ստեղծում են Նոր Ջուղա քաղաքը, որտեղից էլ սկսում են ցամաքային, գետային եւ ծովային ճանապարհներով առեւտուր անել մի շարք ուղղություններով՝ Նոր Ջուղայից Հալեպ, Իզմիր, Ստամբուլ, Վենետիկ, Մարսել (արեւմտյան ուղի), Կասպից ծովից Մոսկվա, Պետերբուրգ, Արխանգելսկ (հյուսիսային ուղի), Իրանից Աֆղանստան եւ կենտրոնական Հնդկաստան (արեւելյան ուղի) եւ այլն:
17-րդ դարի վերջին, տարածաշրջանում տեղի ունեցող հակամարտությունների պատճառով վերոհիշյալ արեւմտյան եւ հյուսիսային ուղիներով առեւտրի իրականացումը դժվարանում է, ինչը սակայն բերում է արեւելյան ուղու զարգացմանը: Երկրորդ գլխում, օգտագործելով այս շրջանում գործունեություն ծավալած հայ վաճառականների թողած գրավոր նյութերը, Շիգեմացուն ներկայացնում է Հնդկաստանում հայերի առեւտրական ուղիները, Լահորի հայ առեւտրականներին, պատմում է Ագրայում բարձր պաշտոն զբաղեցրած հայ Մուբարաք Շահի, Սուրաթում հոգեւորական եղած Ոսկանի եւ այլոց մասին: Հեղինակը նշում է նաեւ, որ հաստատվելով Սուրաթում ՝ հայերն առեւտրական նպատակներով սկսում են Արաբական ծովով նավարկել դեպի Ցեյլոն, այնտեղից էլ՝ Բենգալյան ծոց, Մալակկայի նեղուց եւ Հարավ-չինական ծով, ինչպես նաեւ Մալակկա, Պենանգ եւ Մանիլա նավահանգիստներ:
Գրքի երրորդ գլուխը պատմում է անգլիական Արեւելա-հնդկական ընկերության (ԱԱԸ) եւ հայ առեւտրականների հարաբերությունների՝ մասնավորապես 1688 թ. նրանց միջեւ կնքված առեւտրական պայմանագրի մասին եւ քննարկում այն հարցը, թե ինչն էր մղել ԱԱԸ-ը համագործակցելու հայերի հետ: Հեղինակը, ներկայացնելով պայմանագրի մանրամասները, գրում է, որ անգլիացիները ցանկանում էին հայերին շահագրգռել՝ ցամաքային ուղիների փոխարեն օգտագործել ծովային ուղիները, որտեղ ԱԱԸ-ը շահեր ուներ: Որպես պայման անգլիացիները պահանջում էին, որ հայերն օգտագործեն իրենց նավերը, անցնեն ԱԱԸ-ի իրավասության տակ գտնվող ճանապարհներով եւ ապրանքը չվերավաճառեն իրենց մրցակիցներ հոլանդական եւ ֆրանսիական Արեւելա-հնդկական ընկերությանը, ինչպես նաեւ իսպանացի եւ պորտուգալացի վաճառականներին: Հայերն էլ, իրենց հերթին, դեմ չէին ծովային ուղիները շահագործելուն, քանի որ ցամաքային ճանապարհներով առեւտուր անելը գնալով դժվարանում էր: Վերոհիշյալ պայմաններից վերջինը հայերը հիմնականում խախտում էին, սակայն դա ինչ-որ չափով օգուտ էր տալիս նաեւ անգլիական ԱԱԸ-ին, որը չէր կարողանում առեւտուր անել, օրինակ, Մանիլայում (Իսպանիայի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով), որտեղ հայերն անխոչընդոտ մուտք էին գործում: 17-րդ դարի վերջից անգլիական ԱԱԸ-ն ընդլայնում է իր ծովային ուղիները հարավ-արեւելյան Ասիայում, որն ազդում է նաեւ հայ առեւտրականների գործողության վրա: Եթե մինչ այդ նրանց բնակության վայրը հիմնականում Հնդկաստանն էր, ապա 17-19-րդ դարերում նրանք հաստատվում են նաեւ Լահորից մինչեւ Սուրաբայա ընկած հատվածի գլխավոր քաղաքներում:
Չորրորդ գլուխը՝ «Հայկական համայնքի մի ընտանիքի պատմությունը», թերեւս ամենահետաքրքրականն է: Այստեղ Շիգեմացուն ներկայացնում է Սինգապուրում հաստատված հայերին, որոնք թեեւ մեծաթիվ չէին, բայց կարողացել էին իրենց դրոշմը թողնել այս երկրի վրա: Երեք սերունդ Սինգապուրում բնակված հայ ընտանիքներից մեկը Հովակիմի ընտանիքն էր, որը բացի իր բնակավայրից, գործունեություն էր ծավալում նաեւ Հնդկաստանում, Մալակկայում, Ինդոնեզիայում եւ Անգլիայում: Այս ընտանիքի վեց անդամների գերեզմաններն այժմ Սինգապուրում են: Ընտանիքի «գլուխն» էր Մադրասում ծնված գործարար Բարսեղ Հովակիմը (Պարսիկ Ջոաքիմ), ամուսնացած Սինգապուրի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչ Եսայի Զաքարիայի դուստր Մարիա Ուրելիայի հետ, որի հետ ուներ երեք դուստր եւ ութ որդի (նրանց մեծ մասը բավական երիտասարդ տարիքում է մահացել): Հեղինակը ներկայացնում է ընտանիքի բոլոր անդամների հակիրճ կենսագրությունը՝ կանգ առնելով հատկապես ավագ դուստր Աշխեն Հովակիմի (Ագնես Ջոաքիմ) վրա, որը նշանակալից հետք է թողել Սինգապուրում: Աշխենը, որը մոր՝ Ուրելիայի պես, հրապուրված էր այգեգործությամբ, 1893 թ. իրենց այգում հայտնաբերում է խոլորձի նոր տեսակ, որը նրա պատվին անվանակոչում են Վանդա միսս Ջոաքիմ: Այս խոլորձը 1981 թ. ընտրվում է որպես Սինգապուրի ազգային ծաղիկ:
Հինգերորդ գլուխը պատմում է «Աբգար եւ ընկ.» ընկերության առեւտրական նավերի՝ ասիական ծովատարածքում նավարկության մասին: Հեղինակը նշում է, որ 20-րդ դարի սկզբին «Օսակա շյոսեն» ծովագնացության ընկերությունը, դիտարկելով նոր ծովուղիներ օգտագործելու հնարավորությունը, սկսում է հետազոտել շուկան՝ պարզելով, որ Կալկաթա, Մալակկայի նեղուց, Հոնկոնգ երթուղում ամենաազդեցիկը «Աբգար ընկ.»-ի եւ Բրիտանա-հնդկական «Սթիմի» (որին 1912 թ. պետք է միավորվեր «Աբգար ընկ.»-ի ծովագնացային ընկերությունը) համատեղ նավարկություններն էին: Չնայած ճապոնացի գործարարներն այդ ժամանակ արդեն գիտեին «Աբգար ընկ.»-ի եւ նրա ունենած ազդեցության մասին, նրանք պատկերացում չունեին, որ դրա սեփականատերերը հայեր էին: Շիգեմացուն այնուհետեւ ներկայացնում է Աբգար ընտանիքի պատմությունը, նրանց առեւտրական նավերը եւ դրանց ուղիները, որոնց մեջ Մեյջիի հեղաշրջումից հետո (1868) մտնում էր նաեւ Ճապոնիան:
Վեցերորդ գլխում Շիգեմացուն անդրադառնում է հայկական նավերի նավարկություններին դեպի Ճապոնիա՝ հատկապես կենտրոնանալով Կոբեի նավահանգիստ մուտք եւ ելք գործող նավերի վրա: 1897 թ.-ից հետո Կոբե մուտք գործած հայկական համարվող նավերից էին «Ճապոնիան», «Արմենիան» (չնայած պատկանում էր գերմանական Իլիս ընկերությանը), «Արաթուն Աբգարը» եւ «Գրեգորի Աբգարը»: Հեղինակը նշում է նաեւ, որ «Աբգար ընկ.»-ի ծովագնացական ընկերութունը Ճապոնիայում գործունեություն ծավալելու համար հաճախ համագործակցում էր այլ երկրների, հիմնականում՝ անգլիական ընկերությունների հետ, որոնցից էին «Բրաուն» առեւտրական ընկերությունը, «Բերնարդ» առեւտրական ընկերությունը եւ այլն:
Յոթերորդ գլուխը պատմում է Ճապոնիայում բնակություն հաստատած Միքայել Աբգարի ընտանիքի (որը հետագայում Հայաստանի պատվավոր հյուպատոս դարձած Դիանա Աբգարի ամուսինն էր) եւ Աբգար առեւտրական ընկերության գործունեության մասին: Ներկայացնելով Կոբեում եւ Յոկոհամայում սույն առեւտրական ընկերության գործունեության բնույթը՝ հեղինակը տեղեկություններ է տրամադրում նաեւ նրանց վաճառած ապրանքների մասին: Դրանցից էին շելլակը, որը հիմնականում գործածվում էր ձայնապնակների արտադրության մեջ, բնական ներկանյութերը, գլխարկները, որոնք Ճապոնիայի մոդեռնիզացիայի եւ արեւմտյան մշակույթի տարածման հետ կապված մեծ պահանջարկ ունեին, արաբական խեժը, «ամենաբույժ» անունը ստացած դեղաբույս սեւագլխիկ սովորականը, ինչպես նաեւ ռադիոընդունիչները եւ մոտոցիկլետները: Հեղինակը նշում է, որ Աբգարները, գիտակցելով անգլիական եւ այլ խոշոր երկրների առեւտրական ընկերությունների հետ մրցակցելու դժվարությունները, վաճառում էին այնպես կոչված «որմնախորշային» ապրանքներ:
Վերջին՝ ութերորդ գլուխն անդրադառնում է Ասիայում հայկական փողոցներին, եկեղեցիներին եւ հյուրանոցներին: Մասնավորապես, հեղինակը գրում է Կալկաթայում հայկական թաղամասի եւ դրա բնակիչների, Հարավային եւ Հարավ-արեւելյան Ասիայում կառուցված հայկական եկեղեցիների, ինչպես նաեւ հայերի կողմից կառավարվող հյուրանոցների մասին, որոնցից կային նաեւ Ճապոնիայում: Հեղինակը նշում է, որ Ասիայում հյուրանոցային բիզնեսում գործունեություն ծավալելու հիմնական շարժառիթը 19-րդ դարի վերջին Եվրոպայում սկսված ճանապարհորդական տենդն էր, սակայն հայ կառավարիչները նաեւ օգնում էին ջարդերից փախած իրենց հայրենակիցներին՝ նրանց ապաստան եւ աշխատանք տրամադրելով:
Շիգեմացուն պատմում է Սինգապուրի «Ռաֆլզ» հյուրանոցի հիմնադիրներ Սարգիս եղբայրների եւ Հարավ-արեւելյան Ասիայում նրանց ստեղծած հյուրանոցային «կայսրության», Ճապոնիայի Կոբեում հայերի կողմից հիմնված հյուրանոցների մասին եւ այլն:
Ասիական տարբեր երկրներում հայթայթած արխիվային եւ այլ նյութերի վրա հիմնված այս աշխատությունը հետաքրքրաշարժ եւ ուսուցողական պատում է Ասիայում հայ առեւտրականների գործունեության առանձնահատկությունների, այդ երկրներում հայերի դիրքի եւ ազդեցության, հայկական ընտանիքների եւ համայնքների մասին: Այն նաեւ ճապոնացի ընթերցողին է ներկայացնում գործունյա, տոկուն եւ արարող հայ ժողովրդի պատկերը, ժողովրդի, որը չընկրկելով դժվարությունների դիմաց՝ միշտ շարժվում է առաջ…
ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ճապոնագետ