Հակառակ միջազգային մամուլի այն հավաստիացումների, թե երկշաբաթյա հրադադարից հետո Պակիստանը կրկին կհյուրընկալի Իրանից եւ ԱՄՆ-ից Իսլամաբադ ժամանող պատվիրակություններին, հայտարարվեց, որ տարբեր հանգամանքներից ելնելով՝ Իրանի բանակցային թիմը չորեքշաբթի օրը չի մասնակցի Իսլամաբադում նախատեսված հանդիպմանը, եւ ներկայումս բանակցություններին մասնակցելու որեւէ հեռանկար չկա: Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու որոշման մասին լուրը ԱՄՆ-ին փոխանցվել է միջնորդական առաքելություն ստանձնած Պակիստանի խողովակներով:
Դրան հաջորդեց ԱՄՆ պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ Իրան-ԱՄՆ միջեւ հրադադարի ավարտին մոտենալու պայմաններում նախագահ Դոնալդ Թրամփը այն երկարաձգել է՝ մինչեւ Իրանի կողմից առաջարկի ներկայացումը: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ այս որոշումը կայացվել է պակիստանյան կողմի խնդրանքը հաշվի առնելով:
Երկշաբաթյա հրադադարից հետո պատերազմի վերսկսման հեռանկարով մտահոգ մարդիկ սկսեցին հարց բարձրացնել, թե ինչու է Թրամփը, միակողմանի հրադադար հայտարարելով՝ փաստացի նահանջ է արձանագրում:
Որոշ վերլուծաբաններ միակողմանի հրադադար հայտարարելու այս շրջադարձը գնահատում են որպես Վաշինգտոնի թյուր հաշվարկների հետեւանք: Ըստ նույն գնահատականի, Իրանը, փոխելով խաղի պայմանները, պահանջում է վերացնել ծովային շրջափակումը եւ, միաժամանակ, նավթի արդյունահանման անվտանգության հարցը դարձնելով քննարկման առարկա՝ առաջարկում է նոր կանոններ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության համատեքստում:
Իրանցի վերլուծաբանների կարծիքով, բանակցությունների երկրորդ փուլին չմասնակցելու մասին Թեհրանի որոշումը սոսկ դիվանագիտական քայլ չէր, այլ Վաշինգտոնի ռազմավարական հաշվարկների սխալ հաշվարկ:
ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել էր, որ եթե Իրանը չմասնակցի Իսլամաբադի բանակցություններին, հրադադարի չեղարկումը չի ուշանա: Սակայն ընդամենը մի քանի ժամ անց, երբ Թեհրանը հայտնեց իր դիրքորոշումը, Թրամփը խոսեց միակողմանի հրադադար հայտարարելու մասին:
Այժմ Թեհրանում առավել քան երբեւէ համոզված են, որ այս հանկարծակի շրջադարձը կարելի է գնահատել որպես դիրքային նահանջ, իսկ չիրականացված սպառնալիքը՝ որպես թուլության նշան:
Իրանական «Թասնիմ» կայքի՝ տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Իրանը հրադադարի երկարաձգման խնդրանքով չի դիմել ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ միջնորդ Պակիստանին: Այս պայմաններում Թրամփի հայտարարությունը, որը չի պարունակում հստակ ժամկետներ, կարող է ունենալ մի քանի մեկնաբանություն: «Թասնիմ»-ի գնահատմամբ՝ դրանցից հիմնականը այն է, որ Թրամփը փաստացի իրեն պարտված է համարում: Բացի այդ, ենթադրվում է, որ նա եկել է այն եզրակացության, որ պատերազմով հնարավոր չէ հասնել իր նախանշած նպատակներին, եւ նախընտրելի է դիտարկել գործընթացից դուրս գալու տարբերակը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ









