Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Բարեփոխո՞ւմ, թե՞ վերահսկողություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի ապրիլի 3-ի ընտրական ծրագրի 10-րդ կետն առաջին հայացքից ներկայացվում է որպես «արժեքահեն հասարակության» մասին դրույթ: Սակայն դրա բովանդակությունը ցույց է տալիս բոլորովին այլ նպատակ: Խոսքը ոչ այնքան բարեփոխման, որքան Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պետական միջամտության ծրագրի մասին է:

Տեքստն առաջարկում է հստակ հերթականություն՝ գործող առաջնորդի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու նոր կանոնադրության ընդունում և հետո՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն: Միաժամանակ նախատեսվում է հոգևոր ծառայողներին ներառել սոցիալական երաշխիքների և հարկային հաշվառման պետական համակարգում:

Սա այն պահն է, երբ անհրաժեշտ է հստակ ասել՝ խնդիրը միայն եկեղեցու մասին չէ: Խնդիրը նաև այն է, թե ինչպես է պետությունը հասկանում իր սահմանները:

Անջատության լեզուն՝ միջամտություն ծառայության մեջ

Ծրագրի ամենամտահոգիչ կողմն այն է, որ միջամտությունը ներկայացվում է հենց պետություն-եկեղեցի անջատության լեզվով: Տեքստը հավաստիացնում է, թե հարգում է դավանանքի ազատությունը, վերահաստատում է Հայաստանի աշխարհիկ բնույթը և նպատակ ունի եկեղեցին դուրս բերել քաղաքականությունից՝ իբր վերականգնելով սահմանադրական կարգը:

Բայց այստեղ էլ հենց հիմնական հակասությունն է: Անջատության սկզբունքը պետք է պաշտպանի եկեղեցու ինքնավարությունը պետությունից: Այս դեպքում նույն այդ լեզուն օգտագործվում է՝ եկեղեցու ներքին կյանքի վրա ներգործությունն արդարացնելու համար: Երբ պետությունը սկսում է որոշել, թե ով պետք է հեռանա, ով պետք է ընտրվի, ինչ կանոնադրություն պետք է ընդունվի և ինչ նյութական կառուցակարգերով պետք է գործի եկեղեցին. այդտեղ ազատության լեզուն արդեն փոխարինվել է կառավարման լեզվով:

Անվտանգության բառապաշարն ու ֆինանսական լծակը

Տեքստի մյուս կարևոր շերտը եկեղեցու հասցեին հնչող անվտանգային մեղադրանքներն են: Ասվում է, թե եկեղեցու ղեկավարության գործունեությունը հնարավորություն է տվել արտաքին ուժերին այն վերածել Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետի: Սա ծանր մեղադրանք է, բայց այն ներկայացվում է առանց հստակ փաստերի, առանց կոնկրետ պատասխանատուների և առանց իրավական ընթացակարգի: Այդպիսի ձևակերպումների նպատակը հաճախ ոչ թե ապացուցելն է, այլ միջամտությունը քաղաքականապես արդարացնելը:

Նույնքան խոսուն է նաև սոցիալական և հարկային համակարգի մեջ հոգևորականությանը ներառելու առաջարկը: Արտաքուստ այն կարող է թվալ հոգատար քայլ, բայց իրականում ստեղծում է վերահսկողության նոր մեխանիզմներ: Պետությունը, որը հաշվառում է, վերադարձնում է, ֆինանսավորում է, վաղ թե ուշ ձեռք է բերում նաև ազդելու հնարավորություն: Իսկ եկեղեցու նման պատմական ինստիտուտի պարագայում դա պարզապես վարչական փոփոխություն չէ, այլ ինքնավարության սահմանափակում:

Պետության չափավորության փորձաքարը

Եկեղեցին, ինչպես ցանկացած մարդկային հաստատություն, վեր չէ քննադատությունից: Սակայն կա մի սահման, առանց որի ո՛չ աշխարհիկություն կա, ո՛չ կրոնի ազատություն, ո՛չ սահմանադրական հավասարակշռություն: Կրոնական համայնքի ներքին կարգը չի կարող դառնալ ընտրական ծրագրի նյութ և կուսակցական վերաձևավորման օբյեկտ:

Ուստի այս կետը պետք է կարդալ ոչ թե որպես սովորական բարեփոխման առաջարկ, այլ որպես պետության հավակնության փաստաթուղթ: Երբ պետությունը սկսում է տնօրինել ժողովրդի հոգևոր մարմինը, վտանգվում է ոչ միայն եկեղեցու ազատությունը, այլ նաև պետության սեփական սահմանադրական չափավորությունը:

Եթե պետությունը եկեղեցուն «պաշտպանում» է այնպես, որ սկսում է կառավարել նրան, դա այլևս պաշտպանություն չէ: Դա վերահսկողություն է՝ բարեփոխման անունով:

ՏԻՐԱՏՈՒՐ ՔԱՀԱՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ