Մեր այս հրապարակումը պատրաստելու ժամերին Պեկինում երկու գերտերությունների ղեկավարները աշխարհի խնդիրներն էին քննարկում, ու հավանաբար մեր տարածաշրջանի համար եւս հարցեր էին վճռում Թրամփն ու Սին Ծինփինը, որոնք հետեւանքներ են թողնելու բոլորի վրա: Իսկ Հայաստանում անխռով ընթանում էր նախընտրական քարոզարշավը, որը տեւողության առումով դեռ կես չի ընկել, բայց հասցրել է բոլորին հոգնեցնել եւ ուրվագծել այն սխեմաները, որոնց մեջ փորձում են տեղավորվել ընտրական ընթացքի մասնակից 17 կուսակցությունն եւ 2 դաշինքը:
Նախ այդ թվով ուժերի մասնակցությունն արդեն ընտրողի հանդեպ դավադրություն, նրան շփոթեցնելու հանգամանք է, մանավանդ` նրանցից շատերին ընտրողը պարզապես չի էլ ճանաչում, ու նրանք քարոզարշավն են հենց առիթ դարձրել` մարդկանց հետ ծանոթանալու համար:
Երկրորդ` եթե այդ «անճանաչների» մասնակցությունը միայն նրա համար է, որ հիմնական քաղաքական ուժերին ավելի տեսանելի դարձնեն, իսկ իրենք ընտրաքվեների որոշակի քանակություն փոշիացնեն, ապա դա ստացվում է` ընտրաքվեների շատ թանկարժեք /ուղիղ եւ փոխաբերական առումով/ ինչ-որ քանակություն կորչելու է, նախապես ավելի կոշտ եւ անկառավարելի դարձնելով ընտրության մոտիկ օրերին հիմնական ֆավոիտ քաղաքական ուժերի բառապաշարն ու դիմակայությունը, իսկ միգուցե նաեւ` հետընտրական զարգացումները:
Իսկ քարոզչական միամսյակի առաջին քառորդի ընթացքում ավելի խտացված ու ցայտուն տեսանք ու տեսնում ենք այն քարոզչական նեգատիվը, որ վերջին ութ տարին մեր քաղաքական ուժերը շպրտել են իրար եւ հանրության վրա` դիմակայության, սեւ-սպիտակի, միմյանց ոչնչացնելու սխեմայով: Հիմա դա ավելի բյուրեղացված, ավելի հնարամիտ կաղապարված ձեւով է տեղում ընտրողի վրա այս կլիշեով` վիզաների ազատականուցո՞ւմ, թե՞ միութենական պետություն, պատերազմ, թե՞ խաղաղություն, թալանչիների՞, թե՞ թալանի վերադարձ, եւ այլն:
Այն, ինչից հոգնել էր մեր հանրությունը եւ կուզենար առաջիկա հինգ տարին հեռանալ այդ բոլորից, այժմ փաստորեն նորից է առաջարկվում նրան` նախ քարոզարշավի,ապա հավանաբար խորհրդարան անցնելիք երեք-չորս ուժերի տեսքով, եւս հինգ տարի, պրծում չկա: Սխեման անցյալ երեսուն տարվանն է` ոչինչ նոր, միմյանց մեջ բաժանված քաղաքատնտեսական արիալ, որում լայնորեն ներկայացված են արտաքին ազդեցությունները, տեղական կլանների շահերը, վերջին իշխանության բնագծերը, իսկ ընտրողին, ինչպես եւ առաջ, հատկացված է «մասսովկայի» դերակատարում, ոչ ավելի: Անցյալի քաղաքական սխեմաները կոտրելու համար պետք էր ոչ թե արհեստական քաղաքական միավորներ ստեղծել ընտրությունների նախաշեմին, որոնց լիդերները ընտրողին են ներկայանում իբրեւ մի «քինդեռսյուրպրիզ»` բրադեռս Սարգսյաններից մինչեւ ԴՕԿ, այլ արդեն տարիներ ե’ւ իշխանությունը, ե’ւ ընդդիմությունը պիտի չխանգարեին իրենց իրական ժառանգորդների առաջացմանը, եթե իրոք երկրի մասին մտածում էին, դա կլիներ բնականոն զարգացման ընթացք, մինչդեռ նրանք հակառակն արեցին:
Այսպիսով` մեր իշխանությունն ու ընդդիմությունը այլընտրանքի հնարավորություն չեն առաջարկում հանրությանը, նրան ստիպելով ընտրություն կատարել առկա համակարգով: Ընտրության մասնակից ուժերի մեջ մենք տեսանք, որ միայն մեկ գործիչ /Սուրեն Պետրոսյանը/ է խոսում այդ մասին, չնայած կա նաեւ «Բոլորին դեմ եմ» անվանումով ընտրության մասնակից, իսկ մնացածը բոլորն ընդունել են խաղի կանոններն ու ընդամենն ուզում են իրենց դերակատարությունը հին սխեմայում: Ու այդ հնարավորությունը, բնականաբար, հին սխեմայի հիմնական դերակատարներն ունեն, որքան էլ ցավով արձանագրենք դա, 19 ուժից մեկ տասնյակից ավելին ընդհանրապես իզուր է ասպարեզ նետվել, նյութական ռեսուրս ծախսում եւ քարոզչական ժամանակ կլանում: Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ամերձ կարապետյանական, ու այս երկուսին էլ նման ծառուկյանական ուժերն են սխեմայի գլխավոր դերակատարը, ինչպես նաեւ իշխանությունը, որը նույնպես հին սխեմայի աենագլխավոր դերակատարն է դարձել այս ութ տարում: Նրանց բոլորի պայքարը սխեմայի ներսում է` իշխանությունն ուզում է մնալ ղեկին, ու դրա համար արել ու անում է ամեն ինչ, դրա համար նա ունի ամեն ինչ`իշխանություն լինելու գերադասությունը, իրավական եւ ուժային լծակներ, անցյալից որոշ տոկոսով դեռ մնացած անօրինակության դեմ պայքարելու կերպար/թե բա` Կարապետ Գուլոյանի տունն է պետականացվել էս նախընտրական մաջալին/: Գումարած`արտաքին պայմանավորվածություններ, հայ-թուրքական սահմանին առեւտրի սահմանափակումների վերացումը մեկ օր առաջ հապացույց, այսպիսի բաների էլի սպասեք`ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի քաջալերող հայտարարություններով, ու այս շարքում մեր «քյարը» Ալիեւի` գերիներին բաց թողնելը կլիներ/իմ բարեկամ Դավիթ Բաբայանի ձայնային հաղորդագրությունը Բաքվի բանտից փախցնի բոլորիդ քունը, հա/ …
Ընդդիմադիր երեք հիմնական միավորները եւս պատրաստ են անել ամեն ինչ`սխեման պահպանելու, ավելին` սխեմայի ներքին ուրվագիծը փոխելու եւ իշխանությանն ընդդիմություն դարձնելու համար, անկախ նրանից վերջնարդյունքում դա տեղի կունենա, թե ոչ:
Ընտրության մասնակից մի քանի այլ ուժեր, որոնց միայն լիդերներն են հայտնի հանրությանը, փաստորեն ոչ մի շանս չունեն հայտնվելու խորհրդարանում, ու երբեմն կարելի է ափսոսալ այն մի քանի որակյալ հանրահայտների համար, որոնք մարդ-կուսակցություն սխեմայով մասնակցելով ընտրություններին`ավելի գորշ զանգված պարունակող ընդհանրական սխեմայից դուրս են մնալու եւ անցնեն պատմության գիրկը:
Կկարողանա՞ վերարտադրվել այս իշխանությունը, թե ոչ, շատերի համար պարզ է այս գլխից, դիմակայության նոր քարոզչական երանգներ կիրառող ընդդիմությունն էլ իր մեծ հույսերն ունի, ընդ որում` նրանցից յուրաքանչյուրը պայքարում է դոմինանտության համար մյուսների հանդեպ:
Բայց սթափ մարդիկ հասկանում են, որ աշխարհում կատարվող սրընթաց, երբեմն անսպասելի փոփոխությունների պայմաններում հնացած սխեմաները միշտ երկրի արգելակ են, ու ոչ ոք չգիտե, թե մեր նոր ընտրական պատկերի հաստատումից տարիուկես, երկու տարի հետո ինչ կլինի, չե՞ն կրկնվի արդյոք «հայտնի ուժերի ազդեցությամբ» կամ «ավելի հզոր ուժերի պարտվելու» նախադեպերը, երբ նոր իշխանության կարգախոսները, պարտավորություններն ու համաձայնությունները հնացած ու ժամանակավրեպ կդառնան, քանի որ այլ երկրներում իշխանություններ եւ աշխարհում առաջնահերթություններ կփոխվեն, երբ աշխարհի նոր առաջնահերթություններն, ասենք, վերարտադրված մեր իշխանության հագով չեն լինի, ու չեն լինի առկա բոլոր քաղաքական ուժերի հագով, նոր մարտահրավերներին դիմակայող ժառանգորդներն էլ ստեղծված չեն լինի:
Ես որպես քաղաքական լրագրության հնաբնակ երեսուն տարուց ավելի քաղաքական դաշտում տեսնում եմ նույն դեմքերին, նույն կլանները, որոնց շուրջ անգամ եթե նոր դեմքեր էլ կան, ապա նորոգելու, թյունինգ անելու համար միայն հին, ամեն ինչ իրար մեջ բաժանած կլանները:
Ես նրանց բոլորին ասում եմ` Հայաստանը նրանց հայրենիքը չէ միայն, այլ նախ` իմը, իմ նման շատերինը, հասարակ ընտրողինը, հայրենիքը ոչ ռուսամետներինն է, ոչ եվրոպամետներինը կամ արեւմտամետներինը, ոչ պուտինասերներինը, ոչ էլ թրամփասերինն ու կալլասասերներինը: Սա Աստծո երկիրն է, այստեղից են դուրս եկել Թրամփի, Կալլասի, Կոշտայի, Պուտինի ու Զելենսկու հեռավոր նախնիները, ես երկիր չունեմ ոչ մեկի ոտքի տակ դնելու: Կուզեի այս երկրի` խորքերում թաքնված եւ առկա համակարգով ճզմված ներուժը վերջապես կայանար, դուրս գար առկա սխեմաներից, «իքիբիր», փրկիչ, փողով ընտրելու, օլիգարխատ սպասարկելու վիճակներից եւ հենց ընտրությունների հաջորդ օրվանից սկսեր կայանալ, ստեղծեր աշխարհի մարտահրավերներին դիմակայող զսպանակ, քանի որ անկախ նրանից, թե ո՞վ կլինի իշխանություն, մեր երկիրն արժանի է աշխարհի մարտահրավերներին մրցունակ նոր սերնդի, որը ռուս պաշտոնյաների սպառնալիքներին, եվրոպական եւ ամերիկյան մտրակին ու քաղցրաբլիթներին դիմակայելու համար կունենա խելք, դիվանագիտական պատրաստվածություն ու ճկունություն, պրոֆեսիոնալիզմ եւ խորքային հայրենասիրություն/ դուք տեսե՞լ եք ուրիշ մի երկրի իշխանություն, որ կոստյումին սեփական երկրի քարտեզի սուվենիր կպցնի/:
Որպեսզի գոնե նոր արտահերթ կամ հերթական ընտրություններին մարդու մոտ չառաջանան այս կարգի հարցեր` ի՞նչ է անում Սուրեն Սուրենյանցը Ծառուկյանի կողքին, Էդմոն Մարուքյանը հիմա վարչապետի թեկնածո՞ւ է, թե արդարադատության նախարարի, ո՞ւմ թեւերն է Արման Թաթոյանը, ի՞նչ տարբերություն ՕԵԿ-ի բաժանած ջեմի ու Փաշինյանի բաժանած «պեչենու» միջեւ, «քոչվելու ու քոչացնելու» տարբերությունը ո՞րն է ընտրողի համար, հաԽՏանակն է ճիշտ, թե՞ հաղթանակը, Վաղարշակ Հարությունյանը ռեֆորմի՞ստ է եղել-չենք իմացել, Լեւոն Զուրաբյանին տեսնես ի՞ նչ է եղել, որ սկսել է նանոտեխնոլոգիաներից խոսել, եւ այն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.- Մնացել ենք նախընտրական ցնցաքարոզների տակ ու շատ կարեւոր բաներ չենք նկատում/այդ մասին` հաջորդիվ/, բայց մեկը մատնանշեմ:
Հայաստանում ընտրողների թիվ է հայտարարվել 2,482,872-ը: Հա՞: Բայց նայեք` աշխարհում համարվում է, որ ընտրողները սովորաբար կազմում են բնակչության 70 տոկոսը միջինում: Ո՞վ է մաթեմատիկայից ուժեղ, հաշվեք, ու կտեսնեք, որ մի 300 հազար այսկողմ-այնկողմ է`հաշիվ կա՞ մեջը:
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.









