Ռեզոնանս-արձագանք՝ արվեստագետի, բնորդի, դիտորդի ու ցուցադրության աշխատանքների միջեւ: Տատանումներ, որոնք անցնելով տեսողական մակարդակ՝ փորձում են հաղորդակցվել դիտորդի հետ կերպարվեստի միջոցով: Խառնվածքներ ու անհատներ, որոնք ապրում ու ստեղծագործում են մեր մեջ ու մեր կողքին: Դեմքեր, որոնց իրական խորությունը մենք տեսնում ենք միայն նկարչի սուր աչքի միջոցով:
Գայ Ղազանչյանի հեղինակած դիմանկարները վաղուց արդեն ծանոթ են արվեստասեր հանրությանը: Նրա դիմանկարները բնորդին մի քանի տարբեր շերտերում են ներկայացնում ու այդտեղ, բուն դիմանկարն այդ շերտերից միայն առաջինն է: Այս առումով Գայ Ղազանչյանի «Ռեզոնանս» ցուցադրությունը «Ականատեսի» կենդանի արձագանքն է: Եթե արվեստագետի «Ականատես»-ում այն մարդիկ են, որոնք երբեւէ ապրել են ներկայով, բայց այլեւս գոյություն չունեն, ապա «Ռեզոնանսի» մարդիկ նրանք են, ովքեր լցված են «Ականատեսի» վերապրած հույզերով ու ապրումներով եւ ովքեր փորձում են դրանք դիտորդին փոխանցել: Իրապաշտական, հաճախ աղոտ ու հարուստ գունային շերտերով այս դիմանկարները, որոնք մարդկային հոգեբանության ճշգրիտ արտացոլք են, ներկայիս արվեստում թերեւս ժամանակակից հայ երիտասարդության լավագույն արտացոլումն են: Այս դիմանկարները, բնորդի միջոցով ցույց են տալիս այն հավաքական մարդուն, որն իր հույսով լի հայացքն ուղղում է վաղվա օրվան: Ով ընդվզելով անցյալի պարտույթան ու ներկայիս իրականության դեմ, կերտում է վաղվա՝ հաղթանակած իրականությունը: Ժամանակն է, որ թե՛ բնորդները, որոնք օգնել են արվեստաբանին հասնել այդ գիտակցությանը, թե՛ դիտորդը, որը բավականություն է ստացել Գայ Ղազանչյանի «Ռեզոնանս» ցուցադրությունից, որսա այդ «Ռեզոնանսը»:
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ









