Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՈՒՍՏ, ԵԶԱԿԻ ՄԻ ՀՈՒՇԱԳԻՐՔ..

14/01/2022
- 14 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Ռուբեն Դրամբյանի «Իմ հիշողությունների» Ա. հատորը

Հայ հուշագրական գրականությունը հարստացել է եւս մեկ մեծարժեք կոթողով: Ճիշտ է, լեզուն ռուսերեն է, սակայն այն գրել է հայ մտավորական, եւ հատորի առյուծի բաժինը վերաբերում է հայ իրականությանը: Խոսքը վերաբերում է անցյալ տարեվերջին լույս տեսած Ռուբեն Դրամբյանի «Իմ հիշողությունները» գրքին:

Արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Դրամբյանը (1891-1991) հայ արվեստաբանության եւ Հայաստանում թանգարանային գործի հիմնադիրներից է, այն նվիրյալներից, որոնք 1920-ական թվականներին թողեցին քիչ թե շատ ապահով կյանքն արտերկրում եւ հայրենադարձվելովՙ լծվեցին հայրենի եզերքի վերածնության գործին: Նրա ջանքերով հիմնվեց Հայաստանի պետական (այժմՙ Ազգային) պատկերասրահը եւ տասնամյակներ շարունակ ձեռք բերեց բազմաթիվ արժեքավոր գործեր: Դրամբյանը հայ արվեստաբանության մեջ հիմնարար աշխատություններ է գրելՙ նվիրված Հակոբ Հովնաթանյանին, Եղիշե Թադեւոսյանին, Մարտիրոս Սարյանին, Հակոբ Գյուրջյանին, Հակոբ Կոջոյանին, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին…

Ականավոր արվեստաբանի վախճանից ուղիղ երեսուն տարի անց մի փայլուն անակնկալ է մատուցում նրա դուստրըՙ Իրինա Դրամբյանը (նմանապես երախտաշատ արվեստաբան)ՙ մի շքեղ հատորով հրատարակելով հոր հիշողությունները: Ժամանակաշրջանի, աշխարհագրության, պատմական իրադարձությունների եւ ներկայացված երեւելի անձանց ընդգրկմամբ այս հատորի հետ թերեւս կարող են համեմատվել Մարիամ Թումանյանի եւ Վիգեն Իսահակյանի հուշագրքերը: Իսկապես, մեր գրական անդաստանում քիչ են հուշագրություններ, որ գրել են օտար շրջանակների հետ սերտ շփումներ ունեցած, միջազգային կարեւոր դեմքերի ճանաչած եւ բարձրաշխարհիկ տոհմերի պատկանող մտավորականներ: Ալեքսանդրապոլի մեծահարուստ ընտանիքում ծնված, Պետերբուրգում բարձրագույն կրթություն ստացած եւ աշխարհ տեսած Ռուբեն Դրամբյանը մեր այդ քչերից էր: Եվ իսկապես, անցյալի հայորդիների դիմասրահում շատ չեն այնպիսիք, որոնք անձամբ տեսել են Ռուսիո ինքնակալներին եւ կամ ունեցել են սեփական «Կոդակ» լուսանկարչական սարքը ու գործադրել այն Ճապոնիայի քաղաքներում… Գրեթե հարյուր տարի ապրած արվեստաբանը, ունենալով փայլուն հիշողություն, 1980-ականներին բարեբախտաբար գրի է առել իր հարուստ կենսագրությունը եւ հուշերը ժամանակակիցների մասին: Հայաստանի երրորդ հանրապետության նախօրյակը տեսած Դրամբյանը, որի առաջին հիշողությունը ընտանիքի հետ ուղեւորությունն էր Ալեքպոլից Թիֆլիս սահնակով (քանի որ տակավին չկար երկաթուղի), հիշում է խոր անցյալին վերաբերող մի շարք իրողություններ, օրինակ, ինչպես Ֆրանսիայում մի անգամ պատահաբար փողոցում տեսել է Ալեքսանդր Պուշկինի դստերը…

Դրամբյանի հուշագիրքն անգնահատելի սկզբնաղբյուր է ոչ միայն հայ արվեստի պատմության, այլեւ 20-րդ դարի առաջին քառորդի հայոց պատմության մասնագետների համար, որոնք բազմազան ուշագրավ մանրամասներ կգտնեն իրենց հետաքրքրող իրողությունների վերաբերյալ: Եթե գրվի այս հատորի հիմնաբառերի (թեմաների) ցանկը, ապա այն մի ամբողջ էջ կզբաղեցնի, քանի որ հուշագրության էջերից, ինչպես առատության եղջյուրից, ուղղակի հորդում են մեկը մյուսից հիշարժան դեպքեր եւ դեմքեր: Նախախորհրդային Արեւելահայաստանի պատմություն, Ալեքպոլի, Երեւանի եւ Թիֆլիսի տոհմիկ ընտանիքներ, արեւելահայ առօրեականության պատմություն, հայ թատրոնի երեւելիներՙ Սիրանույշ, Հովհաննես Աբելյան, Սաթենիկ Ադամյան, Հովհաննես Զարիֆյան, Աշո Շահխաթունի, Կոմիտաս Վարդապետի համերգը Թիֆլիսում, ուղեւորություններ եվրոպական երկրներ, 20-րդ դարասկզբի ռուսական կերպարվեստ, թատրոն, օպերա եւ բալետ, Վերա Կոմիսարժեւսկայա, Ֆեոդոր Շալյապին, Սերժ Դյագիլեւ, Վացլավ Նիժինսկի, Պետերբուրգի եւ Մոսկվայի գեղարվեստական կյանք, Պետերբուրգի եւ Մոսկվայի հայ համայնք, ուսանողական կյանք, իրավաբանություն, ճարտարապետություն, թանգարաններ, գրքերի եւ կերպարվեստի գործերի հավաքչություն, Ալեքսանդր Բենուա, Կոնստանտին Սոմով, Քրիստափոր Կուշնարյով, Առաջին համաշխարհային պատերազմ, Մեծ եղեռն, Սարդարապատի ճակատամարտ, բոլշեւիկյան հեղաշրջում, Հայաստանի Առաջին Հանրապետություն, ռուսական զինվորական ծառայություն ցարական նավատորմումՙ Հեռավոր Արեւելքում, այց Ճապոնիա, գարդեմարինների դասընթացներ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, խորհրդային իշխանության առաջին տարիներ եւ այլն, եւ այլն, եւ այլն…

Սակայն Դրամբյանի հուշագիրքը պատմական փաստերի եւ դեմքերի չոր հիշատակություն չէ, այլ բազմակողմանի զարգացած լայնախոհ, համարձակ, հայրենասեր մտավորականի կիրթ խոսք, որ երբեմն դառնում է զգացմունքային: Անհնար է առանց հուզմունքի կարդալ ավագ եղբոր անժամանակ մահվան պատմությունը եւ առհասարակ մանկուց որբացած տղայի հոգեվիճակն արտահայտող հատվածները:

Դրամբյանն իր հուշագիրքը գրել է խորհրդային տարիներին, ուստիեւ համեմատաբար ազատ 1980-ականներին չի վարանել ժամանակի իրադարձությունների վերաբերյալ իր վերաբերմունքն արտահայտել ամենայն անկեղծությամբ: Այսպես, «Հոկտեմբերյան հեղափոխությունը, քաղաքացիական պատերազմը եւ առաջին խորհրդային տարիները» գլխում նա կատարվածն անվանել է «հեղաշրջում» եւ բացատրել. «Այն ժամանակ հենց այդպես, հեղաշրջում էին անվանում (նաեւ դրա կազմակերպիչները) 1917-ի հոկտեմբերի վերջին օրերի իրադարձությունները, ընդ որում այդ անունը տալիս էին առանց բացասական երանգի: Եվ միայն ավելի ուշ ի հայտ եկավ վերամբարձ եւ հանդիսավոր «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը» (էջ 209): Սակայն, ըստ Դրամբյանի, հեղաշրջման բերած փոփոխությունները «դժվար է անվանել դրական: Գեղեցիկ լոզունգները համընդհանուր հավասարության եւ արդարության հաղթանակի վերաբերյալ, խաղաղության մասին, որը խոստանում էին դեկրետները հորինողները, հողի մասին, որը պետք էր տրվեր գյուղացիներին, ինչպես ֆաբրիկաներն ու գործարաններըՙ բանվորներին եւ այլն, եւ այլն, պարզվեց, որ իրականում ամենամաքուր դեմագոգիա եւ սուտ էին» (էջ 209-210):

Անաչառ վավերագրող եւ խորը վերլուծող Դրամբյանը որոշ երեւույթներ եւ անձանց ներկայացնում է հնարավորինս առարկայորեն: Այսպես, ըստ նրա, «Խորհրդային տարիներին շտամպ էր դարձել նախահեղափոխական Երեւանը հիշելիս անվանել այն փոշոտ եւ նույնիսկ զուրկ բուսականությունից. ինքնատիպ լրագրողական հնարք, որն ակնհայտորեն կոչված էր ուժգնացնել նոր Երեւանի ներբողական արտահայտչականությունը: Կարող եմ վկայել, որ 1900-ական թվականներին այն բուսականությամբ բավական հարուստ քաղաք էր» (էջ 297): Եվ որպես լրացուցիչ ապացույց նա հղել է իռլանդացի ճանապարհորդ Լինչին, որը Երեւանն անվանել է «այգիների քաղաք»… Եվ կամ Դրամբյանը վկայակոչել է Չեխովի հայտնի դիմանկարներից մեկը ստեղծած Օսիպ Բրազի վկայությունը ռուս գրողի մասինՙ ցրելով նրա դրական բնութագրի վերաբերյալ ստեղծված լեգենդներից մեկը…

Գիրքը պատկերազարդված է առատորեն, գրեթե ամեն էջից պատմվող նյութը տեսողականացնում են անցյալի բազում լուսանկարներ (մի զգալի մասը Դրամբյանի ընտանեկան արխիվից)ՙ պատկերելով ներկայացվող իրադարձություններն ու անձանց:

Հուշագիրքը հրատարակության պատրաստողըՙ Իրինա Դրամբյանը, ոչ միայն բարեխղճորեն ծանոթագրել է շարադրանքում առկա մի շարք անուններ եւ երեւույթներ, այլեւ հավելվածում ընդգրկել Դրամբյանի մորՙ Տիգրանյան գերդաստանի վերաբերյալ տեղեկություններ, արվեստաբանիՙ 1909-1917 թվականներին հարազատներին գրած մի շարք նամակներ եւ այլ օժանդակ գրություններ, որոնք լրացնում են առանց այդ էլ հարուստ նյութը:

375 էջ ընդգրկող հուշագիրքը վերջանում է 1924 թվականով, երբ Մարտիրոս Սարյանի եւ Ալեքսանդր Թամանյանի համառ պնդումներից հետո Ռուբեն Դրամբյանը տեղափոխվում է Հայաստան: Բայց, ինչպես կասեր Օստապ Բենդերը, «Սա վերջն է առաջի՛ն մասի»: Ընթերցողներիս մնում է համբերությամբ սպասել, թե երբ մեր սեղանին կհայտնվի Ռուբեն Դրամբյանի «Իմ հիշողությունները» հարուստ, եզակի հուշագրքի երկրորդ հատորը: Հուսով ենքՙ շատ մոտ ապագայում…

Հ.Գ. – Դրամբյանի «Իմ հիշողությունները» կարելի է ձեռք բերել Երեւանի «Բուկինիստ» գրախանութում:

Նախորդ գրառումը

ԿԱՀԻՐԵՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԱՆ ԼԵՈՅԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հաջորդ գրառումը

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է GITEC-IGIP GmbH ընկերության ներկայացուցիչների հետ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը հանդիպել է GITEC-IGIP GmbH ընկերության ներկայացուցիչների հետ

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական