ՌԱԶՄԱՇԽԱՐՀ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՄԵԿ ՇԱՐՔՈՎ

5

Թուրքիայի ՊՆ-ը մարտի 19-ին հայտարարեց, որ Սիրիայի տարածքից հրթիռային հարձակման է ենթարկվել Քիլիս նահանգը. «Սիրիայից արձակված հրթիռները ընկել են Քիլիս նահանգի անապատային տարածքում։ Զոհեր չկան, վնասներ չեն պատճառվել»,- գրում է այդ երկրի ՊՆ-ն` Twitter-ի պաշտոնական էջում։

Ինչպես նշվում է` թուրքական կողմը պատասխան հարվածներ է հասցրել։

***

Մարտի 18-ին ավարտվեցին Ադրբեջանի ԶՈՒ զորավարժությունները, ներգրավված էին մինչեւ 10 հազար զինծառայողներ, շուրջ 100 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

***

«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել է, որ «Տեղական կործանիչ ինքնաթիռ» (Milli Muharip Ucağıՙ MMU) ծրագրի շրջանակներում նախատեսվում է ամսական արտադրել 2 միավոր TF-X կործանիչ։ Դրանցից յուրաքանչյուրը կարժենա 100 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Combat տելեգրամյան ալիքը` հղում անելով TAI-ին։

TAI տնօրենի պնդմամբՙ այժմ կործանիչների նախագծի վրա աշխատում է մոտ 1000 թուրք ինժեներ, որոնց թիվը ընկերությունը ցանկանում է հասցնել 6000-ի։ Նախագծի վրա աշխատում է նաեւ շուրջ 100 բրիտանացի ինժեներ։

***

Ադրբեջանում մի քանի նոր զորամասեր են բացվել, այդ թվում` ռազմաօդային ուժերի։ Դրանցից մեկը գտնվում է Սյունիք-Սանասար (Կուբաթլու) սահմանային գոտում։ Մարտի 18-ին Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովն ու պաշտպանական գերատեսչության մի շարք անդամներ մասնակցել են այդ զորամասերի բացման արարողություններին։

***

Մարտի 19-ին ՌԴ սեւծովյան վեց սուզանավեր անցել են շուրջօրյա մարտական հերթապահության, նշում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։

***

Թուրք մասնագետները ուկրաինացի զինվորականներին կնախապատրաստեն բնակեցված տարածքներում մարտեր վարելուն. հայտնում են ռուսական թելեգրամ–ալիքները։

Հայտնի է դարձել, որ Ուկրաինան Թուրքիայի հետ պայմանավորվել է հրահանգիչների ռազմական օգնության հարցում։ Այս տարվա մայիսի վերջին Ուկրաինա կժամանեն թուրք ռազմական մասնագետներ, որոնք մինչեւ հուլիսի կեսերը Ուկրաինայի զինված ուժերի ռազմական անձնակազմի համար կանցկացնեն դասընթաց բնակավայրերում ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ։

Նշվում է, որ ուկրաինացի գեներալները շատ հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում ձեռք բերվածՙ թուրքական զինուժի փորձով։ Ընտրված թուրք դասախոսների թվում կլինեն 44-օրյա պատերազմի անմիջական մասնակիցներ։

***

ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովը հայտարարել է, որ ՌԴ ռազմածովային ուժերը 2021 թվականին կստանան երեք ատոմային սուզանավեր։

***

ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը Սեւ ծովում վարժանքներ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ։

«Համատեղ ծովային զորավարժություններին մասնակցել են ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության «Այլենդ» դասի «Դիոսկուրիա» եւ «Օչամչիրա» նավերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) եւ Smeli (Բուլղարիա) նավարը։

Վարժանքների նպատակն Է Վրաստանի եւ դաշինքի անդամների ծովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակի բարձրացումը»,- ասված Է հաղորդագրության մեջ։

ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրեր Էին մտել մարտի 15-ին։

***

Իրանը կշարունակի ամրապնդել իր հրթիռային ներուժըՙ իր պաշտպանական ծրագրերին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամինՙ նշելով, որ Իրանն ընթացիկ տարում զգալի առաջընթացի է հասել պաշտպանական արդյունաբերության ոլորտում, չնայած բոլոր սահմանափակումներին։

***

Ռոստեխ կորպորացիայի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել «Սուխոյ» եւ «ՄիԳ» ընկերություններիՙ որպես առանձին իրավաբանական անձանց գոյությունը։ Այս որոշումը կայացել է խորհրդակցության արդյունքների հիման վրա, որին մասնակցում էին Ռոստեխի եւ Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավարությունը։ Այս մասին գրում է РБК-նՙ հղում անելով ավիացիայի արդյունաբերության աղբյուրին եւ Ռոստեխի մամուլի ծառայության հաստատմանը։

***

Հատված Մովսես Հակոբյանի` «Իրավունք» թերթին տված հարցազրույցից. «Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա. այսօր` ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնա նման արկածախախնդրության, բայց ոչ թե որ չեն կարող կամ չեն ուզում»։

— Ուրե՞մն։

— Էրդողանն էլ, Ալիեւն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որեւէ քայլ, առավելեւս ռազմական, Ռուսաստանը անպատասխան չի թողնի։

— Իսկ Սյունիքի, Զանգեզուրի մասով մտահոգություններ չունե՞ք։

— Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողություններ թեկուզ հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ»։

***

Ամերիկյան Thomas Hudner էսկադրային ականակիրն ուղեւորվել է Սեւ ծովՙ անվտանգության ապահովման գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմը։

***

ԱՄՆ նախագահականում քննարկում են զորքերն Աֆղանստանից դուրս բերելու մասին։ Այս պահին, ինչպես հայտնում են Պենտագոնն ու Սպիտակ տունը, վերջնական որոշում չկա։

***

Ըստ The Times օրաթերթի, բրիտանական ռազմական հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ է կիրառել Կիպրոսում Ակրոտիրի ավիաբազայի բրիտանական A400M ինքնաթիռների դեմ։

Տեղեկության համաձայն, Ռուսաստանը պարբերաբար փորձել է խափանել A400M-երի արբանյակային կապը։ Բրիտանական աղբյուրների հաղորդմամբՙ ինքնաթիռները տեղափոխել են միայն զինվորականներ ու պահեստամասեր: