Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՊԱՏՎԱՆՇԱՆ ՊՐՈՖ. ՀԱՐՈ ԲԵԴԵԼՅԱՆԻՆ

Հ. Ծ.

Ճարտարագիտության եւ բարեգործության բնագավառներում մատուցած ծառայությունների եւ նվիրվածության առ ի գնահատանք նոյեմբերի 10-ին Լոնդոնի Բուկինգհեմյան պալատում կայացած պաշտոնական արարողության ժամանակ բրիտանական ասպետության պատվանշանների դասին պատկանող «Գերազանցության հրամանատարի» շքանշանով է պարգեւատրվել Լոնդոնի «Հայ Տան» հոգաբարձուներից պրոֆ. Հարո Բեդելյանը:

Պրոֆ. Բեդելյանը «Ճարտարագետների համաշխարհային ֆեդերացիայի կազմակերպության» նախկին գործադիր փոխնախագահն է եղել: Նա անկախ խորհրդատու է, որ ժամանակին ծառայել է նաեւ «Balfour Beatty» եւ «Transmanche Link» (անգլո-ֆրանսիական թունելի կապալառու) ընկերություններում: Անդամ է ճարտարագետների արքայական ակադեմիայի, այցելու եւ պատվավոր պրոֆեսոր համապատասխանաբար Պորտսմուտի համալսարանի եւ Քեմբրիջ համալսարանի սբ. Քեթրին քոլեջի:

Հանդիսությունը տեղի է ունեցել թագուհու ծննդյան տոնի կապակցությամբ անցկացված միջոցառումների շրջանակներում: