Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ԴՈԿՏ ՄԱՐԻ ՓԱՓԱԶՅԱՆԸՙ ՍԱՆ ԽՈՍԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Հ. Ծ.

Մայիսին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում դոկտ. Մարի Փափազյանը պաշտոնապես դարձել է Սան Խոսե պետական համալսարանի (Կալիֆոռնիա) 30-րդ նախագահը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Նա առաջին հայն է եւ ընդհանրապես 3-րդ կինը, որ զբաղեցնում է այդ պատվավոր պաշտոնը:

Պատմական «Թաուեր Բիլդինգի» եւ Մարտին Լութեր Քինգի անվան գրադարանի հարեւանությամբ գործող համալսարանում այդ առթիվ հավաքվել են կրթական ոլորտի անվանի անձնավորություններ: Հայ եկեղեցու արեւմտյան թեմը ներկայացրել է հայր Տաթեւ Հարությունյանը , ով բարձր գնահատելով դոկտ. Փափազյանի հասարակական գործունեությունը համայնքում, խոսել է ընդհանրապես կրթության դերի մասին որպես հզոր գործիք երջանիկ ապագա կառուցելու գործընթացում:

Եղել են նաեւ այլ ելույթներ, որոնք գովասանքներ են շռայլել Փափազյանի հասցեին: Վերջում դոկտ. Փափազյանը խոսք առնելով շնորհակալություն է հայտնել վստահված պաշտոնի համար եւ անդրադարձել է իր հայկական արմատներին ու ծնողների ու մասնավորապես իր ամուսնուՙ Դենիս Փափազյանի աջակցությանը իր բոլոր նախաձեռնություններին եւ ակադեմիական վարչական գործունեություններին:

Շնորհավորում ենք դոկտ. Փափազյանին եւ մաղթում բեղմնավոր պաշտոնավարություն: