Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԱՅՆԱԿ` ՀԱՄԱԿԱՐԳԻ ԴԵ՞Մ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չգիտենք նոր վարչապետ Կարեն Կարապետյանը նո՞ր է հայտնաբերել պետական ապարատի գործուղումների համարկարգի պրիմիտիվ գողությունները, թե իր քաղաքապետ եղած ժամանակ էլ գիտեր այդ մասին, բայց չէր կարողանում բարձրաձայնել: Իսկ հիմա նոր ստատուսը նրան թույլ է տալիս ասելու` վերջացրեք: Ասելու` խելքը ճիշտ տեղ օգտագործեք: Չգիտես ինչու` ակամա հիշվում է այն ժամանակը, երբ Վազգեն Սարգսյանը ձեռքը սեղանին խփեց, անուններ տվեց ու պահանջեց սեղանին դնել գողացվածը: Հետոն բոլորը գիտեն: Բայց հուսանք` այժմ իրավիճակն էլ է այլ, մարտահրավերներն էլ այլեւս նահանջի տեղ չեն թողնում, իսկ նրանք, ովքեր չեն ըմբռնում պահի լրջությունը` դա իրենց պրոբլեմն է:

Ասածս այն է, որ ով չէր հավատացել փոփոխություններին` Կարեն Կարապետյանի` ընդհանուր համայնապատկերի համատեքստից կտրված կառավարանիստ ելույթները լսելով, միգուցե սկսեր հավատալ դրանց, հատկապես` կառավարության վերջին նիստից հետո: Եթե չիմանար, իհարկե, որ համակարգն այնպես է բյուրեղացրել իր խորքի սխեմաները, որ ողջ համակարգին դիմակա` հազիվ թե մեկ մարդը կարող է բան անել, եթե լայնածավալ աջակցություն չլինի: Բայց աջակցության մասով բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հակասություններ ու խնդիրներ են առկա, անգամ` օրենսդրորեն, որքան էլ ուզում ենք, որ մեր կյանքը փոխվի:

Օրինակ` էդ «վերջացրեքը» ընտրություններին էլ է վերաբերու՞մ, թե միայն նախարարություններին, առհասարակ` քվե գողանալուն էլ պետք է վերջ տրվի՞, թե` միայն թղթի վրա ծախսեր ուռճացնելուն: Եթե Կ. Կարապետյանին պատմեն, թե ինչ սխեմաներ են աշխատում ընտրությունների ժամանակ, տեսնես նա կասի՞` վերջացրեք, անկախ այն բանից, որ քաղաքական դեմք չէ եւ քաղաքական տեխնոլոգիաների մեջ էլ չի խորացել: Բայց ամեն տեսակ, դիցուք այժմ` ՏԻՄ ընտրությունների համար նաեւ ինքն է, չէ՞, պատասխանատու, այսինքն` վարչապետն ու կառավարությունը: Կամ մասնավոր սեկտորում` մարդկանց արժանապատիվ աշխատավարձ չվճարելով գողանալուն էլ պիտի վերջ տրվի՞, թե «վերջացրեքը» միայնումիայն նախարարական գործուղումների ժամանակ երակ մտնելուն է վերաբերում:

Հակասություններն ամենուրեք են:Կարեն Կարապետյանը կարծես թե տեխնոկրատների կառավարություն է կազմում, պրոֆեսիոնալ կառավարիչների նշանակումն, իհարկե, ողջ աշխարհում աշխատող կառավարելու թիվ մեկ տարբերակն է: Բայց նայեք` հակասությունն արդեն մեր փոխված Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի մեջ է: Մենք որդեգրել ենք 100 տոկոս համամասնական ընտրակարգը, որն աշխատում է այն երկրներում, ուր երկու-երեք մեծ կուսակցություններ կան, ու կուսակցական համակարգն իսկապես կարող է այլընտրանք առաջարկել գործող կառավարությանն ու իշխող կուսակցությանը: Մեր դեպքում տեսեք ինչ է ստացվում. կուսակցական ցուցակներով պետք է ընտրությունների գնանք, այդ նույն կուսակցականներից առաջադրենք վարչապետ ու նախարարներ (բազմիցս գրել ենք, որ շատ պրոֆեսիոնալներ, չուզենալով որեւէ կուսակցության մեջ լինել` դուրս կմնան կառավարմանը մասնակցելու հնարավորությունից), սակայն այժմ այն, ինչ անում է Կ. Կարապետյանը, հակասում է այդ նոր ընտրակարգի տրամաբանությանը: Նա բերում է իր հավատարիմներին` լավ մենեջերների, ինչպես ասում են, որոնք գործող իշխող կուսակցության հետ կարծես թե կապ չունեն, իսկ մեր քաղաքական դաշտը նոր կառավարության ձեւավորման առումով հիմա դիտորդի կարգավիճակում է փաստորեն (ՀՅԴ-Կ.Կարապետյան լարվածությունը եւս այդ համատեքստում դիտարկեք)` ոչ մի բանի մասնակից չէ: Կ. Կարապետյանը, հաջողելու դեպքում, իհարկե, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի` վարչապետի թեկնածու կարող է լինել, բայց կարող է նաեւ չլինել, դա իր իրավունքն է, մանավանդ` եթե ՀՀԿ-ի հետ կապ չունեցող իր թիմով հիմա հաջողի: Հաջողելու դեպքում եթե նա չի ուզում լինել ՀՀԿ թեկնածուն, ինքնին առաջանում է հակասությունը: Սա այն դեպքում` երբ նա սկզբնապես արդեն անցումային վարչապետ չէ, մի ուրիշի փափուկ վայրէջքը կազմակերպելու համար: Այժմ արդեն իսկ ողջ կեցվածքով Կ. Կարապետյանը կարծես անտեսում է քաղաքական դաշտը: Ինչպես որ տարիներ հանրությունն էր օտարված քաղաքական գործընթացներից, հիմա քաղաքական դաշտն է օտարված տեղի ունեցողից: Իսկ նույն քաղաքական դաշտը, որն իր կառուցվածքով ու նպատակներով արդեն իսկ բարեփոխումները դանդաղեցնող է (քանի որ զուտ կուսակցականներին, իսկ որ ավելի վատ է` խնամի-ազգակցական հյուսվածքով միմյանց շուլալված կուսակցական վարչարարներին առաջ մղելու խնդիր է դնում առավելապես, ինչը, երեւում է, Կ. Կարապետյանի սրտով չէ), կարող է Ազգային ժողովում տապալել նրա ծրագիրը: Անգամ Ազգային ժողովի եկող շաբաթ կայանալիք այն արտահերթ նիստը, որտեղ կառավարության նոր կառուցվածքը պետք է հաստատվի, մի քիչ եթե չափազանցությունների գիրկն ընկնենքՙ կարող է մկաններ ցույց տալ քաղաքական դաշտը երկրորդ պլան մղած վարչապետին: Տեսականորեն, իհարկե:

Այսինքն` այն, ինչ տեղի է ունենում հիմա, միգուցե իսկապես պահանջարկված ու սպասված է հանրության կողմից վաղուց, սակայն համակարգը, որին կարծես թե պատերազմ հայտարարելու փորձ է անում նոր վարչապետը, բազմաթիվ հնարավորություններ ունի առհասարակ փոփոխություններ թույլ չտալու, ինչպես որ երկար ժամանակ չի թույլատրել, քանի որ դա համակարգի շահերից չի բխում:

Անգամ ՏԻՄ ընտրությունների ընթացքում եղած միջադեպերն են խոսում այն մասին, որ համակարգը փոխվելու նշաններ ցույց չի տալիս: Վերցնենք թեկուզ Գյումրիի ողբերգական դեպքը: Ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի` ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդուն մահացած են գտել, իսկ իրավապահ համակարգը միանգամից խոսում է ինքնասպանության վարկածի մասին: Սա օրենսդրության խախտում է արդեն` Հայաստանի գլխավոր դատախազն է անգամ ինքնասպանության վարկածը հնարավոր համարել: Մինչդեռ խոսվում է ոչ կոռեկտ մի գովազդային վահանակի եւ դրա շուրջ տեղի ունեցած «ռազբորկաների» մասին, որոնք պիտի ենթադրեին հավասար այլ վարկածների գոյությունը եւ տեղի ունեցածի քաղաքական ենթատեքստը: Հիմա համակարգի` ինչ- որ վարկածի հավանականության մասին արտահայտվելու շտապողականությունը չի՞ խոսում այն մասին, որ համակարգը չի ուզում իրերի դրության փոփոխություն, միգուցե հենց տեղի ունեցածը սպանություն է ընտրական հողի վրա, ինչո՞ւ ուղղորդել, եթե այլ շահեր չկան: Դե հիմա Կ. Կարապետյանը ոնց պետք է իրար փոխկապակցված էս համակարգի դեմ դուրս գա, կամ ոնց պետք է սովորեցնի, որ ոչ կոռեկտ գովազդային վահանակը անմաքուր ընտրապայքարի կամ գոտկատեղից ներքեւ հարվածելու կարծրացած սովորույթ է:

Կամ` Էջմիածնում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին եւս նախորդել է մի անմաքուր պատմություն, հիմա ոնց պետք է իրական ճշմարտության բացահայտումը կախված չլինի ուժեղներից:

Այնպես որ` որքան էլ նախագահ Սարգսյանն ասի բարեփոխումների արագացված փուլի մասին` համակարգային փոփոխություններով որակապես նոր պետության ունենալու հեռանկարով, վստահեցնի, որ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն կա, որին ոչ ոք չի կարող խանգարել, կյանքն այլ բան է ցույց տալիս: Հա, միգուցե անհատները չեն կարող կամ չեն համարձակվի անձնապես խանգարել, բայց համակարգը կխանգարի: Մանավանդ` այնքան էլ չի հասկացվում, թե երկու ձեռքերը նո՞ւյն նպատակի համար են գործում, թե տարբեր:

Չի հասկացվում, թե ինչ է լինելու նոր խորհրդարանական ընտրություններից հետո, խորհրդարանական նոր խճանկարն ու նոր կառավարությունն ինչպե՞ս են գործակցելու, եթե հիմա արդեն կառավարության ձեւավորումն ու Կ. Կարապետյանի գործելակերպը մի տեսակ արդեն այլ հեռանկար են հուշում:

Ընտրություններից ընդամենն ամիսներ առաջ չի երեւում, թե ո՞վ է ապագա վարչապետը (համենայնդեպս` վիզուալ), կամ ո՞նց են զուգահեռ նույն լիազորություններով երկու ֆիգուր` վարչապետը եւ մինչեւ 2018 թվականի գործող նախագահը նույն լիազորությունները միաժամանակ բանեցնելու:

Նկատելի է, որ քաղաքական ուժերը շփոթված են այս բոլորից, եւ չգիտեն իրենց ինչպես պահել: Անգամ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժերի մրցակցությունը Վանաձորում սպասվելիք ընտրությունների համատեքստում այդ իներցիայից դուրս չէ: Բայց եկող շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստում երեւի կերեւա, թե համակարգի հիմնական թեւերը խորամանկորեն ինքնապաշտպանվո՞ւմ են, թե՞ տրվում են արագացված փոփոխություններին:

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՙ ԲԱՔՈՒՆ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՃԱԿԱՏ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական