Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

ՎԱՐՍԵՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Կոմիտասի 16, բն. 18

Չե՞ք հավատում, դե լսեք:

Հունվարի 27-ին, երեկոյան հարեւանուհուս տնից վերադարձա իմ բնակարանը, բանալին դռան մեջ ջարդվեց: Մնացի դրսում:

Հարեւանները դուրս եկան, փորձեցին օգնել, չարչարվեցին, ապարդյուն: Նրանցից մեկըՙ Արտոն, հիշեց ինչ-որ համար եւ զանգահարեց: Տառացիորեն 15 րոպե անց արկղերով, տարաներով, շղթաներով նրանք մեր տանն էինՙ Կոմիտասի 16 շենքի 4-րդ հարկում: Չորս ջահել, կորովի տղաներ, որոնք առանց խուճապի իրենց գործն էին անում: Ամենակրտսերը շղթայով օղակը ոտքերից հագավ, ամրացրեց գոտկատեղին եւ անհետացավ:

Մի քանի րոպե անց իմ բնակարանի դուռը ներսից բացվեց: Ինչպե՞ս էր 4-րդ հարկի փակ եվրոպատուհանըՙ առանց ապակին կոտրելու բացել, մտել բնակարան, մնաց հանելուկ:

Հարեւաններս ոգեւորված հյուրասիրություն էին առաջարկում եւ դրամ, իսկ նրանք հրաժարվեցին: Եթե չտեսնեի, չէի հավատա, թե մեր օրերում այդքան անշահախնդիրՙ ժողովրդին իսկական ծառայողներ կան:

Վերջին պահին խնդրեցի գոնե իրենց անուն,ազգանուններն ասել:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հատուկ փրկարարական աջակցության կենտրոնի 19-րդ ջոկատ.

Կապիտաններՙ Արմեն Ներսիսյան, Վարազդատ Սեդրակյան

Ենթասպաներՙ Տիգրան Մարկոսյան, Գարիկ Ստեփանյան

Օրհնյալ լինեն ժողովրդին իսկական ծառայող հոգիները:

Շնորհակալություն: