Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ

Պ. Ք.

Քուվեյթյան Al-Rai թերթը հաղորդել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ուժեր ծավալել Սիրիայում իր երկրորդ ռազմակայանում: ՌԴ օդատիեզերական ուժերի խմբավորումը, ինչպես նաեւ ռազմակայանի ապահովման եւ պաշտպանության զորամասերը կտեղաբաշխվեն «Շայրաթ» օդանավակայանումՙ Հոմսից 35 կմ հարավ-արեւելք:

«Շայրաթի ռազմակայանն ունի 45 ամրացված օդանավաշենք, որոնք թույլ են տալիս գնդակոծության դեպքում օդանավերը պաշտպանել վնասվածքներից», գրում է թերթի հատուկ թղթակից Էլիյահու Ջ. Մագնիերը վկայակոչելով Դամասկոսի ռուս-սիրիա-իրաքա-իրանական համատեղ շտաբի աղբյուր: Հոդվածագիրը նշում է, որ օդանավակայանն ունի երեք կիլոմետրանոց հիմնական թռիչքուղի, որը հնարավորություն է տալիս ընդունելու ամեն տեսակ օդանավեր: Կա նաեւ պահեստային թռիչքուղի, որը գրեթե պատրաստ է օգտագործման:

Հրատարակության աղբյուրների համաձայն, «Շայրաթ» ռազմակայանի օգտագործման շնորհիվ Սիրիայում ռուսական ռազմօդանավերի թիվը կհասնի 100-ի: Նույն շրջանում կտեղաբաշխվեն պաշտպանության եւ ապահովման ուժեր: ՌԴ ուժային կառույցների մի աղբյուր «Լենտա.ռու» կայքէջի թղթակցին ասել է, որ «Շայրաթի» ռազմակայանի օգտագործումն անհրաժեշտ է Սիրիայի հարավում եւ արեւելքում գործողություններ ծավալելու համար: