Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ՆԱՄԱԿՙ ԽՄԲԱԳՐԻՆ

ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ

Մեծարգո պարոն խմբագիր,

Ես անհամբերությամբ եմ սպասում «Ազգ» թերթի յուրաքանչյուր համարին եւ կարդում եմ առաջին տողից մինչեւ վերջինը: Կարդում եմ եւ ո՛չ ընթերցում:

Անբասիր մայրենի լեզու, հարուստ բովանդակությամբ հոդվածներ, համարձակ ու մտահոգ հարցադրումներ, հրատապ թեմաների բազմազանություն, մշակութային անցուդարձ եւ, ամենակարեւորը, հարգանք ընթերցողի նկատմամբ, նրա հետաքրքրությունների նկատմամբ:

Ընթերցողը «Ազգի» ամեն մի սպասվող համարում որոնում է նոր հարցադրումներ, նոր վերլուծություն, հասարակական-քաղաքական նոր կանխագուշակություն:

Ահա այս հիմնավորումով կարծում եմ, որ հայտնի բանավեճը շարունակել պետք չէ. ամեն ինչ ասվել է: Շարունակելու դեպքում վախենում եմ, որ հեղինակներն ամբողջովին հեռանան գրականագիտական հարցերից: