Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ՖԻԶԻԿԱՅԻ 2014 Թ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՃԱՊՈՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Պ. Ք.

Ֆիզիկայի բնագավառում կատարած ակնառու հայտնագործության համար 2014 թ. Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի գիտնականներ Իսամու Ակամասակին, Հիրոշի Ամանոն եւ Սյուձի Նակամուրան: Այդ մասին հաղորդում է Նոբելյան հաձնախմբի կայքէջը:

Այդ երեք գիտնականները ստեղծել են էժանագին կապույտ լուսադիոդային լամպեր (հանրահայտ կապույտ LED-երը): Տվյալ կիսահաղորդչային սարքերը լուսապատկերի կապույտ դիապազոնում լույս են արձակում իրենց միջով էլեկտրական հոսանքի անցկացման արդյունքում: Լուսագովազդային վահանակները պարունակում են հենց այդպիսի լուսադիոդներ:

Անցյալ տարի ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ ստացել էին Պիտեր Հիգսը, եւ Ֆրանսուա Էնգլերըՙ մասնիկների ստանդարտ մոդելի թույլ էլեկտրական հատվածում զանգվածագոյացման բացատրության հետ կապված տեսական աշխատանքների համար:

Առաջին Նոբելյան մրցանակը 1901 թ. շնորհվել է Վիլհելմ Ռենտգենինՙ հետագայում իր անունով կոչված ճառագայթների հայտնագործման համար: Ֆիզիկայի մրցանակն ունի իր ռեկորդները: Այսպես, երկու անգամ դրան արժանացել է ամերիկացի Ջոն Բարդինը. 1956 թ. Ուոլթեր Բրեթեյնի եւ Ուիլյամ Շոքլիի հետՙ տրանզիստորի հայտնագործման համար եւ 1972 թ. Լեոն Կուպերի եւ Ջոն Շրիֆֆերի հետՙ գերհաղորդականության միկրոսկոպիկ տեսության ստեղծման համար: Դափնեկիրների միջին տարիքը 55-ն է: Ամենից երիտասարդը 25-ամյա ավստրալացի Ուիլյամ Բրեգն է, որը իր հոր հետ 1915 թ. մրցանակ ստացավ բյուրեղներում ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիային (արգելքների շրջանցմանը), վերաբերող հետազոտությունների համար: Նրա աշխատանքը տեսական հիմք ծառայեց ռետնգենակառուցվածքային տարրալուծման համար:

Ֆիզիկայի մրցանակը (համահեղինակությամբ) ստացել է ընդամենը երկու կինՙ Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին 1903 թ. ճառագայթման հետազոտման համար եւ Մարիա Գյոպերտ-Մայերը 1963 թ. ատոմի միջուկի թաղանթային մոդելի համար: Մինչեւ 2013 թվականը տեղի է ունեցել ֆիզիկայի մրցանակների շնորհման 107 արարողություն: Դափնեկիրների ընդհանուր թիվը 195 է, նրանցից 47-ը մրցանակը ստացել են միանձնյա կարգով: