Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԹԵՔԵՅԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻՆ

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը շարունակում է աջակցություն ցուցաբերել հայ կրթօջախներին եւ իր մարդասիրական գործունեությամբ կապող օղակ հանդիսանալ Հայաստանի եւ Արցախի Թեքեյան դպրոցների միջեւ: Սեպտեմբերի 20-ին եւ 21-ին հիմնադրամն իրականացրեց իր հերթական միջդպրոցական ծրագիրը` երրորդ «Թեքեյանական խաղեր» մարզական միջոցառումը` նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին:

Միջոցառման նպատակն էր ակտիվացնել դպրոցներում մարզական կյանքը եւ բարձրացնել սպորտի դերը, նպաստել երեխաների առողջության ամրապնդմանն ու առողջ ապրելակերպին, ինչպես նաեւ նպաստել տարբեր մարզերում գտնվող դպրոցների միջեւ սերտ համագործակցությանն ու համախմբմանը:

«Թեքեյանական խաղեր – 2014» անցկացվեց Գյումրի քաղաքում` Վ. Թեքեյանի անվան թիվ 2 ավագ եւ Լորդ Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցներում: Մրցույթն ընդգրկում էր յոթ մարզաձեւ` շախմատ, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, վազք, հրում գետնից: Մասնակցում էր վեց թիմ` թվով 90 աշակերտ եւ մարզիչ, Հայաստանի (Երեւան, Գյումրի, Ստեփանավան, Կարբի) եւ Արցախի (Բերձոր)` Վ. Թեքեյանի անվան դպրոցներից, ինչպես նաեւ Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցից: Հիմնադրամը հնարավորություն էր ընձեռել աշակերտներին իրենց թիմային հաջող մասնակցությամբ մրցանակներ շահել եւ օգտակար լինել հարազատ դպրոցին:

Բոլոր մասնակից-թիմերն էլ աչքի ընկան իրենց մարտական տրամադրությամբ, հաղթելու մեծ ցանկությամբ եւ ֆիզիկական պատրաստվածությամբ: Երկօրյա համառ պայքարից հետո մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ`

Կարբի – առաջին մրցանակ

Երեւան – երկրորդ մրցանակ

Ստեփանավան – երրորդ մրցանակ

Բերձոր – խրախուսական մրցանակ

Գյումրի «Թեքեյան» – խրախուսական մրցանակ

Գյումրիի «Բայրոն» – խրախուսական մրցանակ

«Թեքեյանական խաղեր – 2014» մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Գյումրիի Վ. Թեքեյանի անվան դպրոցում, որն էլ պատրաստել էր նաեւ տոնական ձեռնարկ` դպրոցի ակրոբատների, երգիչների մասնակցությամբ:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, պատվոգրերով եւ մրցանակներով պարգեւատրելով բոլոր մասնակից-թիմերին եւ նորանոր նվաճումներ ու հաջողություններ մաղթելով, ասաց. «Թեքեյանական խաղերում պարտվողներ չկան, քանզի մարզական այս ծրագիրը նպաստում է առողջ երիտասարդ սերնդի ձեւավորմանը, ընկերական շփմանն ու նոր կապերի հաստատմանը»: Տնօրենը նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր դպրոցներին, մասնավորապես Գյումրիի Թեքեյան եւ Բայրոն դպրոցներին` ծրագրի իրականացմանը մեծապես աջակցելու համար:

Միջոցառումը եզրափակվեց դպրոցների ներկայացուցիչների շնորհակալական խոսքով, ովքեր բարձր գնահատեցին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ջանքերը` սպորտի միջոցով կոփել ու կրթել դպրոցականներին: