Արձակ գործեր ցեղասպանության մասին
Ինչպե՞ս գրել անասելի տանջանքների, ողբերգությունների մասին: Հնարավո՞ր է արդյոք շարադրել, թղթին հանձնել զանգվածային սպանությունների դաժանագույն մանրամասները: Ցեղասպանություն վերապրած կամ նրանց շառավիղները հանդիսացող խիզախ անձնավորություններ կատարել են «անասելինՙ ասելի» դարձնելու դժվարագույն քայլը, եւ մենք այսօր հսկայական գրականություն ունենք հայերի, հրեաների, հույների եւ այլոց ցեղասպանությունների մասին:
Գրական այս ժանրի առաջավոր ներկայացուցիչներ Թեսսա Հոֆմանը, Փիթեր Բալաքյանը, Ֆեթիյե Չեթինը, Մագդալենա Մարժալեկըՙ Պոտսդամի համալսարանից, Դողան Ակհանլեն, Ուիլֆրիդ Էգըրզը, Րաֆֆի Քանդրյանը եւ ուրիշներ հոկտեմբերի 11-ից 13-ը հավաքվել են Բեռլինումՙ խոսելու այն մարտահրավերները հաղթահարելու մասին, որոնք թույլ են տալիս «անասելին» դարձնել «ասելի»:
Գիտաժողովի մասին «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 26-ի համարում գրել է «Կրակե պատի միջով. Հայաստան, Իրաք, Պաղեստին. Ցասումիցՙ հաշտեցում» (Through the Wall of Fire: Armenia, Iraq, Palestine: From Wrath to Reconciliation) գրքի հեղինակ Մուրիել Միրսք-Վայսբախը: Գիտաժողովը հովանավորել են Բեռլինի Ավետարանական ակադեմիան, «Ճանաչման եւ փոխըմբռնման միջազգային աշխատանքային խումբը» (AGA) եւ Ֆրանկֆուրտի Գերմանա-հայկական ընկերությունը:
Ամերիկայից ժամանած Բալաքյանը նկատել է, որ կոնֆերանսի անցկացումը Վանսիին այնքան մոտիկՙ Շուանենվերդերում «ծանր փորձառություն» է, քանի որ այդ վայրի անունով իսկ մկրտված 1942 թվի հունվարյան կոնֆերանսի ժամանակ նացիստ առաջնորդները ծրագրեցին «վերջնականապես լուծել հրեական հարցը», որը պատմության մեջ մտավ «Ողջակիզում» եզրով:
AGA-ի հիմնադիրներից եւ Գերմանիայում հայերին պատուհասած ցեղասպանության իրազեկման ակտիվիստներից դոկտ. Թեսսա Հոֆմանն իր բացման խոսքը սկսել է Թեոդոր Ադորնոյի 1951-ին արտահայտած այն մտքով, որ «Օսվենցիմից հետո բանաստեղծություն գրելը բարբարոսություն է»: Բայց ավելացրել է, որ դրանից տարիներ առաջՙ 1920-ին Զապել Եսայանը Կոստանդնուպոլսում հարց էր բարձրացրել, թե արդյոք հնարավո՞ր էր գրականության միջոցով արտահայտել «անարտահայտելին»: «Իհարկե հնարավոր է առանձին դրվագներ պատմել, բայց մարդկային ոչ մի լեզու չի կարող ամբողջական նկարագրությունը տալ մի ամբողջ ժողովուրդ բնաջնջելու սարսափելի ոճրի», գրել էր նա:
Այդուհանդերձ, բավական խորաթափանց եւ հուզախառն քննարկումներով պարզվել է, որ հատկապես գեղարվեստական արձակը կարող է կատարել այն պարտականությունը, որ լրագրությունն ու գիտական ուսումնասիրությունը չեն կարող: Պատճառն այն է, որ գեղարվեստական գրականությունը «պոետիկ բնույթ ունի», ինչպես գերմաներեն «Դիխտունգ» (պոեզիա) բառն է այդ իմաստը պարունակում: Գեղարվեստական գրականությունը խտացնում է իրականությունը պատկերների, պատկերային համակարգի մեջ, որն էլ իր հերթին է՛լ ավելի խորն է ներկայացնում իրականությունը, քան սոսկ իրադարձությունների ժամանակագրական թվարկումը:
Գրող Էլիաս Վենեցիսն, օրինակ, որպես նյութ ընտրել է Զմյուռնիայից 1922 թվին հույների բռնի տեղահանությունը: Նրա մասին զեկուցում է կարդացել դոկտ. Միքայելա Պրինցինգերը: Նա նշել է, որ Վենեցիսն իր մանկությունն անցկացրել է հունա-թուրքական պատերազմի սարսափների մեջ եւ հիշել է, թե ինչպես հայրը մի բուռ հող է իր հետ վերցրել որպես «կորսված հայրենիքի խորհրդանիշ»: Պրինցիգերն այնուհետեւ հատվածներ է ցուցադրել Վենեցիսի «Համար 31328» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմից: Ռեժիսոր Նիկոս Կունդուրոսի ֆիլմը կոչվում է «1922»:
Պոտսդամի համալսարանից դոկտ. Մագդալենան խոսել է «Համակենտրոնացման ճամբարների գրականության» մասին, առանձնապես անդրադառնալով վաղ շրջանի լեհ գրողների բերած նպաստին: Նա նշել է, որ համակենտրոնական ճամբարների մեծ մասը լեհական տարածքում էր գտնվում եւ 6 միլիոն սպանված հրեաներից կեսը լեհեր էին:
Գալով հայերին պատուհասած ցեղասպանությանըՙ դոկտ. Հոֆմանը շեշտը դրել է վերապրողների զավակների (Վարդան Հարությունյան եւ Դավիթ Խրտյան) եւ թոռների (Փիթեր Բալաքյան եւ Ֆեթհիյե Չեթին) ստեղծագործությունների վրա:
Բազմանդամ մի ընտանիքում ծնված եւ տիպիկ ամերիկյան պատանեկություն ունեցած Փիթեր Բալաքյանը իր «Ճակատագրի սեւ շունը» հուշագրության մեջ բացահայտում է իր ընտանիքի ու նախահայրերի ապրած «տրավմայի մութ ուրվականըՙ 1915 թվականին թուրքական կառավարության կողմից իրագործվեց ավելի քան մեկ միլիոն հայերի բնաջնջումը, որոնց մեջ էին նաեւ Բալաքյանի բազմաթիվ ազգականներ: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր», գրել էր 1997 թվին «Լոս Անջելես Թայմզը»:
Չեթինի պարագայում, ճիշտ է, նա առաջինը չէր, որ անդրադառնում էր «տաբու» թեմային (իրենից առաջ, օրինակ, կար Այլա Քուտլուն), բայց նրա «Մեծ մայրիկս» գիրքը նոր էջ բացեցՙ ստիպելով հատկապես հին սերնդի մարդկանց վերիհշել իրենց անցյալը եւ իրենց արմատները:
Գիտաժողովի ընթացքում Բալաքյանն ու Չեթինը հատվածներ են կարդացել իրենց գրքերից:
Այնուհետեւ Օհայոյի պետհամալսարանում գերմաներեն լեզվի պրոֆեսոր, դոկտ. Բեռնարդ Մալկմուսը զեկուցել է հայերի ճակատագրին վերաբերող երկու հրեա գրողներիՙ Ֆրանց Վերֆելի եւ Էդգար Հիլզենրաթի ստեղծագործությունների մասին, նշելով, որ ի տարբերություն Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպի, Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» պատմական վեպ չէ, այլ հեքիաթանման մի պատում է, որտեղ գլխավոր հերոս Թովմա Խատիսյանի եւ հեքիաթասացի երկխոսությունից մեր առջեւ հառնում է Մեծ եղեռնի ահավոր պատմությունը:
Աշխատանքային երեք տարբեր խմբերի քննարկումներում խոսք է գնացել ան մարտահրավերների մասին, որոնց հաղթահարումով «անասելին» դարձել է «ասելի» եւ հանձնվել սերունդներին:
Նկար 1. Ֆեթիյե Չեթին եւ Մագդալենա Մարժալեկ
Նկար 2. Փիթեր Բալաքյան