Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՖԱՅՈՒՄ (ԵԳԻՊՏՈՍ) ՔԱՂԱՔՈՒՄ ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՆԱՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հ. Ծ.

«Շատ զարմանալի, բայց իրավ» ընդհանուր խորագրի ներքո եգիպտահայ համայնքի ՌԱԿ պաշտոնաթերթ «Արեւ» եռօրյան տեղեկացնում է, որ Ֆայում քաղաքում (Եգիպտոս) Մուհամմեդ Աբլա անունով մի եգիպտացի իր միջոցներով մնայուն մի կենտրոն է տրամադրելՙ ցուցադրելու համար եգիպտացի ծաղրանկարիչների գործերը: Լուրը հայտնի է դարձել, երբ այդ անձնավորությունը ի թիվս այլ երգիծանկարիչների ընտանիքների, դիմել է նաեւ հայազգի ճանաչված ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի դուստրՙ տիկին Սեդա Սարուխանինՙ ձեռք բերելու համար մի քանի նկարներ իր «Ֆայում Արտ Սենտր» (Fayoum Art Center) թանգարանի համար: Տիկին Սեդան եւ ամուսինըՙ պրն Կարո Ներետյանը սիրով ընդառաջել են խնդրանքին եւ Սարուխանի գործերից մի քանիսը նվիրել եգիպտացի արվեստասեր անձնավորությանը, զարմանք հայտնելով, որ նա կարողացել է իրականացնել մի ծրագիր, որը պետք է Եգիպտոսի մշակույթի նախարարությունը կյանքի կոչեր: