Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ

Ի. Պ.

«Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի մասնագետները հունիսի 23-ից Ստեփանակերտում են` համաձայն Երեւանի ու Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ կնքված համագործակցության: Մասնագետների Արցախ մեկնելը նպատակ է հետապնդում տեխնիկական եւ մեթոդական աջակցություն ցուցաբերել ԼՂՀ մայրաքաղաքի շտապ բուժօգնության ծառայությանը:

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ «Երեւանի շտապ բուժօգնության» մասնագետները Ստեփանակերտում են հունիսի 23-ից, եւ տեղի «Շտապ բուժօգնություն» կայանի բժիշկների հետ մասնակցում են կանչերին, ցուցաբերում բժշկական անհրաժեշտ օգնություն` տեղում կատարելով փորձի փոխանակում:

Հյուրընկալելով Երեւանից ժամանած բժիշկներինՙ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրանցՙ ցուցաբերվող աջակցության համար, հույս հայտնել, որ նման այցերը կլինեն շարունակական, եւ Ստեփանակերտի շտապ օգնության կայանի գործունեությունն աստիճանաբար կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին: «Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը ներկայացրել է այցի շրջանակում իրականացվող աշխատանքները:

Ծրագրի հերթական փուլը շարունակվելու է մինչեւ հունիսի 26-ը: