Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ջրաղացները Ջավախքում

Ջավախքում նույնպես դարեր շարունակ կառուցվել եւ շահագործվել են ջրաղացներ, որոնք մեծ դեր են կատարել տնտեսության զարգացման համար:

Կուլիկամը հայաբնակ գյուղ է, գտնվում է  Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, նույն քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւելք, ծովի մակարդակից 1730 մետր բարձրության վրա` ջրառատ Աբլար վտակի աջ ու ձախ ափերին:

Ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են Էրզրումի նահանգի Սնկառիճ գյուղից` 1830 թվականին: Շնորհիվ բնակավայրի միջով հոսող ջրառատ Աբլար վտակի վրա կառուցված բազմաթիվ ջրաղացների՝ կուլիկամցիների համար ջրաղացպանությունը համարվել է գլխավոր զբաղմունքներից մեկը:

Կուլիկամ գյուղում ջրաղացը իր տեսակի մեջ եզակի է: Աստիճանաբար ջրաղացպաններին փոխարինելու են եկել էլեկտրական աղացները, քանի որ այն ավելի արագ է աղում: Բայց մարդիկ միշտ ջրաղաց են փնտրում, եթե ուզում են աղալ իրենց հացահատիկը:

Մնաց պապի ջրաղացը կառուցվել է 1843 թվականին: Նրա նախնիները Կուլիկամ գյուղ են տեղափոխվել Արեւմտյան Հայաստանից՝ Սնկարիչից: Շախբեկյանները ժառանգական ջրաղացպաններ են: Տեղափոխվելով այստեղ, նրանք կառուցել են իրենց ջրաղացը:

Միայն Կուլիկամ գյուղում 75 աղացաքար է եղել: Այստեղ կառուցել են այնպիսի ջրաղացներ, ինչպիսիք եղել են Արեւմտյան Հայաստանում, երբ մարդիկ իրենց հացահատկային մշակաբույսերը աղալու համար բերում էին Կուլիկամ:

Ջրաղացում կան մի քանի աղացաքար՝ մեծ եւ փոքր աղացներ, ինչպես նաեւ երկանք՝ կորկոտ աղալու համար: Խորհրդային տարիներին ջրաղացը ծառայել է կոլտնտեսությանը: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո, 1993թ-ին, Մնացական Շախբեկյանը դատարանի միջոցով պաշտպանել է իր սեփականության իրավունքը:

Անհրաժեշտ է Հայաստանի թանգարաններից մեկում ջրաղացների վերաբերյալ բաժին ունենալ,որտեղ այցելուներին կներկայացվեն մեր երկրի ջրաղացները:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր