Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Շիրակի հայագիտական կենտրոնի գիտական պեղումները

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի գործընկերների հետ պեղումներ են իրականացրել Ջրաձորի  ամրոց-բնակավայրում: Արդյունքում բացահայտվել են որոշակի համադրելի իրողություններ Շիրակի` Ք.ա. IX-VIII դդ. իրարից հեռու տեղադրված բնակավայրերում: Ջրաձորի N 5 կացարանի տափանված  հատակի վրա բացվել են սաջ եւ աղորիքներ:

Նույն տեղում հայտնաբերվել է հոր՝ լցված Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առարկաներով: Պատկերը նույնն է Ազատանի ամրոցի պարսպին հարող կացարանում եւ Շիրակավանի ամրոցում: Նման ընդհանրությունների առկայությունը տարբեր հուշարձաններում թույլ է տալիս գիտնականներին եզրակացնել, որ Ք.ա. VIII դ. Երկու ամրոցները եւ բնակավայրերը ենթարկվել են հարձակման:

Գիտնականների կարծիքով, Շիրակի Ք.ա. 1-ին հազարամյակում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադրության հետազոտությունը հնարավորություն է տալիս հետեւել Ուրարտական պետության ընդարձակման տրամաբանությանը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ