Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շինարարի լույսը

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Պատմություն

Կարեն Դեմիրճյանի ծննդյան 90-ամյակին

Գրել պետական ականավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի մասին, նույնն է, թե նկարագրել պատմական մի ամբողջ դարաշրջան, որում ապրեց ու արարեց Շինարարը: Այո՛, ժողովուրդը նրան Շինարար կոչեց, ով աշխարհ էր եկել՝ կրելու Աստծո կողմից իրեն որպես պարգեւ տրված այդ տիտղոսը, որ մեծ առաքելություն ուներ` շենացնելու մեր երկիրը, բարգավաճ ու հզոր դարձնելու Հայոց պետությունը:

Հիշում եմ նրան ամենամյա մեր տոներից` հրապարակում շքերթների ժամանակ` հպարտ ու արժանապատիվ կեցվածքով: Տեսնում ու հասկանում էի, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը հուսալի ձեռքերում են: Հայաստանը ղեկավարելու նրա տասնչորս տարիները վերածննդի ու վերելքի, հույսի, լույսի ու լավատեսության տարիներ էին, մեր ազգային դիմագիծն ավելի հստակ էր արտահայտված… Ո՞վ գիտե, եթե ողջ լիներ Կարեն Դեմիրճյանը, գուցե հայոց հողն այդքան արնածոր չլիներ: Այսօր ո՛չ ոքի սիրտը չի՛ ցավում մեր խոցված հողի համար: Փոխվել են մարդկային հարաբերությունները եւ արժեհամակարգը, հոգեւոր արժեքներին փոխարինում է նյութականը: Իսկ Դեմիրճյանը պետական գործիչ լինելուց զատ, մեծ տեղ էր տալիս հոգեւոր արժեքներին, հրաշալի հասկանում էր ե՛ւ գրականություն, ե՛ւ արվեստ, մասնավորապես` երաժշտություն, սատար էր լինում մեր մշակույթի ու գիտության տաղանդավոր գործիչներին: Այդ են հավաստնում ժամանակակիցների հուշերը մեծ հայորդու մասին:

Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահից հետո ստեղծված` նրա անունը կրող թանգարանում երբեք չէի եղել: Մի առիթով միջոցառում էր կազմակերպված Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում, որին հրավիրված էի: Ներկա էր նաեւ Դեմիրճյանի այրին` տիկին Ռիման, որ շատ մտերիմ էր անվանի բանաստեղծուհու հետ: Այդ միջոցառման ժամանակ ինքն էլ հետաքրքրական հուշեր պատմեց Կարեն Դեմիրճյանի եւ Սիլվա Կապուտիկյանի գաղափարական հայացքների ընդհանրության մասին: Տիկին Ռիմային լսելուց հետո ասացի ցանկանում եմ այցելել թանգարան: Նա հրավիրեց ինձ` ավելացնելով, որ Կարեն Դեմիրճյանին ամբողջությամբ հասկանալու համար անպայման պետք է տեսնել թանգարանը:

Սիրով ընդունեցի հրավերը: Գնացի՛: Տեսա թանգարանը, հիացա, ոգեշնչվեցի, մտաբերեցի նրա ղեկավարած երանելի ու անմոռաց տարիները: Եվ իսկույն մտաբերեցի իմ հանդիպումը տիկին Ռիմայի հետ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում: Առաջինը, որ աչքի զարնեց Դեմիրճյանի տուն-թանգարանում՝ Կապուտիկյանի խոսքն էր. «Կարեն Դեմիրճյանն ավելին էր, քան ժողովրդի սիրեցյալ զավակը, ավելին էր, քան կուսակցության առաջին քարտուղարը, քան Կարեն Շինարարը, քան Ազգային ժողովի նախագահը, ավելին էր, քան` ինքը: Նա առաքյա՜լ էր»: Ավելին չե՛ս ասի, ամեն բան ասվա՛ծ է:

Ամիսներ անց Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարան գնացի երկրորդ անգամ: Երկար զրուցեցի տիկին Ռիմայի հետ: Նա մանրամասներ պատմեց Դեմիրճյանի կյանքից, որոնց մասին գուցե քչերը գիտեն: Հետո ինձ նվիրեց իր հեղինակությամբ հրատարարակած` անուսնու կյանքի ու գործի մասին պատմող գիրքը: Տիկին Ռիմայի հուշերից անմոռանալի մի դրվագ է մեխվել հիշողությանս մեջ. «Կարեն Դեմիրճյանը հաճախ էր լինում հանրապետության տարբեր շրջաններում, հետաքրքրվում էր մարդկանց առօրյայով, անելիքներով ու հոգսերով: Հարկ եղած դեպքում հանձնարարում էր միջոցներ ձեռնարկել` բացթողումները շտկելու համար: Բայց երբ մեկնում էր Անիի շրջան, միշտ սովորականից ուշ էր վերադառնում: Երբ հարցնում էի՝ ինչու ես ուշ վերադարձել, լուռ էր, խորասուզված մտքերի մեջ: Վերադառնալիս ոչինչ չէր պատմում: Հավանաբար նրան ժամանակ էր պետք` իմի բերելու իր հույզերը, մտահոգությունները: Միայն օրեր անց խաղաղվելուց հետո էր կիսվում ինձ հետ: Պատմում էր, որ Ախուրյանի ափին մի քարայր կա, որտեղից հստակ ու հիանալի երևում են քաղաքամայր Անիի ավերակները: Անիի շրջան իր աշխատանքային այցերից հետո, Երեւան վերադառնալիս, միշտ կանգ էր առնում Ախուրյանի ափին ու ցավախառն կարոտով նայում կիսավեր Մայր տաճարին ու պարիսպներին, Փրկչի եկեղեցուն… Ես լավ էի հասկանում նրա հոգու խռովքը, քանի որ վանեցի մոր եւ կարնեցի հոր զավակ էր ու լավ էր գիտակցում, թե ինչ է նշանակում ավեր ու կորուսյալ երկիր: Այդ տեղը հետագայում ինքը «Կարենի քարայր» կոչեց: Անսահման հայրենասեր էր, ամեն ինչ անում էր, որ մեր ժողովուրդը ձերբազատվի զոհի բարդույթից եւ ուրախ կյանքով ապրի: Ամենադժվար ու ճակատագրական պահերին անգամ չէր չարանում աշխարհի ու մարդկանց առջեւ»:

Այո, Կարենը` Կարեն էր: Մերօրյա իշխանավորներից ո՞վ կգնա ու կկանգնի Ախուրյանի ափին ու ցավով կնայի այն ափից հայացքը մեզ հառած Անիի ավերակներին: Վստահ եմ` ո՛չ ոք: Միայն նրա նման հայորդին կարող էր այդքան խորը թախիծով ու խռովահույզ խորովվել իր ժողովրդի անափ ցավերի հրդեհում: Նա բացառիկ անձնավորություն էր, որն իր գիտելիքների անսպառ պաշարով, իրեն բնորոշ «դեմիրճյանական հմուտ դիվանագիտությամբ», միջազգային ատյաններում միշտ բարձր էր պահում մեր երկրի վարկանիշը: Նա ամեն բան անում էր անսահման սիրով եւ պետական մտածողությամբ:

Կարեն Դեմիրճյանի մասին որքան էլ խոսես ու գրես, միեւնույն է` անհնար է նրա հոգու անսահմանությունը տեղադրել սեղմ ասելիքի մեջ: Նրա հայրենասիրությունը տիեզերքի պես անսահման էր: Հայոց մեծ բանաստեղծուհու խոսքերով ասած` «Նա առաքյա՜լ էր», անսահման նվիրյա՜լ, իր կյանքի ամեն րոպեն շռայլորեն նվիրաբերում էր Հայոց պետականաշինությանը: Նրա շնորհները շատ էին, սակայն նշածներն էլ բավարար են այս մեծ հայորդու կերպարն ավելի ամբողջացնելու համար…

Երբեք չե՛մ մոռանա, թե ինչպես էր արտասվում Դեմիրճյանը, երբ հրդեհվում էր մարզահամերգային համալիրը` իր ստեղծած այդ հրաշալի կառույցը: Ու թեեւ նա արցունքաշաղ աչքերով նայում էր հրդեհվող համալիրին, բայց երբեք չէր վհատվում, լավատես էր եւ հորդորում էր շինարարներին չկոտրվել` ասելով, որ ավելի լավը կկառուցենք: Եվ հառնեց համալիրը` ավելի շքեղ, ավելի գեղեցիկ, ուր այսօր էլ թեւածում է Շինարարի անմեռ ոգին:

Մեր ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում շատ առաջնորդներ է ունեցել, բայց ի նշան հավերժական երախտագիտության` միայն մեծերին եւ առավել արժանավորներին է պսակել ու հավերժացրել պատվանուններով: Արտաշես Առաջին արքային անվանել է Արտաշես Բարեպաշտ, Տիգրան Երկրորդին` Տիգրան Մեծ, Բագրատունյաց Աշոտ Երկրորդ արքային` Աշոտ Երկաթ, Կիլիկիայի Հայոց պետության թագավոր Լեւոն Երկրորդին` Լեւոն Մեծագործ…

Եվ, ահա, 20-րդ դար… Մի նոր աստղ շողաց Հայոց երկնակամարում` Կարեն Դեմիրճյանի աստղը: Մարդ, որ աշխարհ էր եկել հույսով ու լույսով ողողելու 600-ամյա օսմանյան գիշեր տեսած իր ժողովրդի ապագան: Ժողովուրդն անսահման սիրեց նրան` որպես երկիր կառուցած հայրենաշեն ղեկավարի, մարդու՝ որի համար հայրենիքի շահն առաջին տեղում էր: Պատահական չէ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը մի առիթով զրուցելով Կարեն Դեմիրճյանի հետ՝ ասել է. «Դուք ձեր հայրենասիրությունն արտահայտել եք ձեր հայրենաշինությամբ»: Նախադասություն, որում մի ամբողջ դարաշրջան է խտացած:

Չարագործը, ավա՜ղ, կտրեց նրա կյանքի թելը, բայց չկարողացավ կտրել այն մեծ ժամանակի թելը, որը կապում էր այդ պայծառ մարդուն իր փառավոր նախնիներին եւ ապագա սերունդներին: Նա աշխարհ էր եկել շարունակելու իր մեծանուն նախնիների գործը, աշխարհ էր եկել արարելու, առաջնորդելու իր ժողովրդին, քանզի քաջ գիտակցում էր, որ հայ ժողովուրդը իր կորուսյալ հայրենիքը վերագտնելու` չիրականացած  բազում երազներ ունի: Ո՞վ գիտե, գուցե այդ ամենը նա անում էր հենց այսօրվա համար` երբեք կուլ չգնալով իր ժամանակի խոչընդոտներին, պարտադրանքներին ու ճնշումներին` մնալով հպարտ ու արժանապատիվ: Տեղին է ասված, որ ընտրյալներին հեռվից պիտի գնահատես, հեռվից պիտի տեսնես նրանց ամբողջ մեծությունը, չխամրող լույսը: Նա լույսով եկավ, իր հայրենաշինությամբ լուսավորեց ու ծաղկեցրեց Հայաստան երկիրը… ու հեռացավ, մեզ` ապրողներիս թողնելով այդ հարատեւ լույսը…

***

Եվ ես, բանաստե՛ղծս, ուզում եմ ավարտել տողերս` Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող իմ չափածո խոսքով` որպես մի հուշարձան նրա անմեռ հիշատակին.

Ժողովուրդը քեզ Շինարա՜ր կոչեց,

Անսահման սիրե՜ց ժողովուրդը քեզ,

Դու լա՛վ գիտեիր, թե ինչպես պիտի

Մեր չսպիացող ցավե՜րն ամոքես…

Անհանգիստ, արթուն զարկերա՜կն էիր

Հայոց աշխարհի,

Չարանենգ դարում քեզ չահաբեկեց եւ ո՛չ մի ոսոխ,

Չահաբեկեցի՛ն նույնիսկ խենթացած

Փոթորիկները քո ժամանակի,

Չխոտորեցի՛ն քեզ հողմերն անգամ`

Օտար ու դաժան,

Մնացիր հպա՛րտ, վե՛հ ու աներե՛ր`

Եղար մեր կողքի՛ն`

Մեզնից` անբաժան…

Ավա՜ղ, հարվածով նենգ ու դավադիր ինչ-որ գնդակի

Մարտիրոսվեցի՛ր, դարձար նահատա՛կ,

Անմեռ հո՜ւյսն էիր մեզնից ամենքի,

Քո հեռացումով արթուն է ցավը`

Դառն ու անհատակ…

Տարինե՜ր կանցնեն ու կանցնեն դարե՜ր,

Դեռ պիտի հառնե՛ս, պիտի աստղանա՛ս`

Որպես կենսատու, լուսաշող արեւ՜…

 Կարե՛ն Շինարար,

Քեզ պիտի հիշի՛, պիտի մեծարի՛

Հայաստա՜նն արար…

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր

Նախորդ գրառումը

Գլխավոր դերերում Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Աջափնյակի թաղապետի նշանակումը ՔՊ-ում միանշանակ չի ընդունվել. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Աջափնյակի թաղապետի նշանակումը ՔՊ-ում միանշանակ չի ընդունվել. «Հրապարակ»

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական