Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայ-վրացական կրթական զարգացումները

Երկրների միջեւ հարաբերությունների զարգացման վրա դրական ազդեցությունն է թողնում կրթական ոլորտը՝ ստեղծելով լավ հնարավորություններ երիտասարդների համար, որն առանձնահատուկ կարեւորություն ունի հարեւան երկրների փոխհարաբերություններում: Արագ տեմպերով է զարգանում նաեւ հայ-վրացական կրթական ոլորտը: Տարբեր ծրագրերի շրջանակներում տեղի են ունենում ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, միասնական հետազոտական աշխատանքներ, միմյանց լեզուների ծանոթացում: Այսպես ամրանում են երկրների համագործակցային երկարատեւ կապերը, իսկ միջկառավարական փոխառնչությունները նոր ոլորտներ են գրավում: Լավագույն ծրագրերից են փոխանակման ծրագրերը, որոնք հնարավորություն են ընձեռում ուսանողներին սովորել հարեւան երկրում՝ ծանոթանալով մշակույթին, լեզվին եւ ավանդույթներին: Մեկ այլ ծրագրի շրջանակներում, երբ կատարվում են հետազոտական աշխատանքներ,  ուսանողները կամ երիտասարդ գիտնականները կարողանում են մասնակցել տարբեր նախագծերի, պրակտիկաների, որոնցով ձեռք են բերում փորձ եւ գիտելիք՝  կիրառելով դրանք գիտական ոլորտում:

Այնուամենայնիվ, ամենակարեւոր դերը երկրների միջեւ կրթական կապերը ամրապնդելու գործում կատարում են Հայաստանի Հանրապետությունում՝ «Վրացագիտություն», Վրաստանի Հանարապետությունում՝ «Հայագիտություն» կրթական ծրագրերը:

Վրացագիտությունը արեւելագիտության, իսկ ավելի հստակ՝ կովկասագիտության ճյուղ է, որի բացը  այս տարի Երեւանի պետական համալսարանը լրացրեց,  որտեղ բացվեց վրացագիտության կենտրոն: Այն խթան  է հանդիսանում վրացագիտության զարգացման համար: Ներկայումս Երեւանի Պետական Համալսարանը  միակն է, որտեղ տվյալ մասնագիտության կադրեր են պատրաստում:

Կենտրոնի՝ «Վրացագիտություն» մագիստրոսական ծրագիրը խիստ կարեւոր է պատմամշակութային փոխլրացումների եւ միջկառավարական շփումների զարգացման համար, քանի որ Հայաստանում վրացագետների պահանջարկ կա, սակայն մասնագետների թիվը խիստ սահմանափակ է եւ նրանց կարիքը միշտ զգացվում է:

 Պահանջարկի առկայությունը պայմանավորված է երկրների բազմադարյա սերտ հարաբերություններով, ներկայիս փոխհարաբերությունների զարգացմամբ եւ, առհասարակ, սեփական պատմությունն ուսումնասիրելու ժամանակ ուղղակի անհնար է անտեսել եւ չօգտվել հարեւան երկրում պահպանված աղբյուրներից: Բացի այս ամենը՝ ներկայումս Վրաստանում կան բազմաթիվ ձեռագրեր հայ ժողովրդին եւ հայոց պատմությանը վերաբերյալ, որոնք դեռեւս վերծանված չեն, նույնը վերաբերում է Հայաստանում գտնվող վրացական ձեռագրերին:
 Մագիստրոսկան ծրագրի շրջանակներում ուսանողները կսովորեն վրացերեն, Վրաստանի պատմություն, կծանոթանան վրացական մշակույթին, արվեստին, գրականությանը, երկրի վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը: Հետագայում այդ մասնագետներին հնարավորություն կընձեռնվի աշխատել ոչ միայն կրթական ու գիտական ոլորտներում, այլ նաեւ պետական կառույցներում:

Վրացագիտության կենտրոնի կողմից տարվող աշխատանքների արդյունքը կարող է հնարավորություն դառնալ բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման եւ փոխշահավետ նոր պայմանագրերի ստեղծման համար:

ՊԱՊՅԱՆ ՄՈՆԻԿԱ

ԵՊՀ

Պատմության ֆակուլտետ

Կովկասագիտություն 2-րդ կուրս