Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Կանցկացվի «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոն՝ նաեւ ԱՊՀ երկրներից մասնակիցներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Գյումրու համայնքապետարանն ու Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը (Երեւան) հուլիսի 16-ին Շիրակի մարզկենտրոնում համատեղ կանցկացնեն «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոն:

Ինչպես ծանուցվում է այս մասին քաղաքային իշխանության տարածած հայտարարությունում, փառատոնն անցկացվում է ԱՊՀ ժողովրդական ստեղծագործության եւ մշակութային ժառանգության տարվա միջոցառումների շրջանակում: Նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, մեծացնել դրանց ճանաչելիությունը եւ նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը:

Գյումրու տարբեր մշակութային, արհեստագործական կազմակերպություններից ու անհատներից բացի, որոնք կներկայացնեն եւ կտարածեն «վարպետաց քաղաքի» շունչը, փառատոնին կամասնակցեն նաեւ ժողովրդական ստեղծագործության վարպետներ ինչպես Հայաստանի տարբեր համայնքներից, այնպես էլ ԱՊՀ երկրներից: Գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի եւ ԱՊՀ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, կմասնակցեն վարպետաց դասերին, արհեստների շուրջ քննարկումներին, հնարավորություն կունենան ձեռք բերելու ինքնատիպ հուշանվերներ:

Կազմակերպիչների հավաստմամբ, քաղաքն այդ օրը կդառնա արհեստների, ազգային երգ ու պարի, ավանդական զրույցների, համեղ ուտեստների եւ անմոռանալի զգացողությունների կենտրոն:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի