Միջազգային օպերայի հայ աստղ Լիանա Հարությունյանն ապրիլի վերջին երկու անգամ «Տուրանդոտ» օպերայի գլխավոր դերերգով հանդես եկավ Բարսելոնի Կատալոնական երաժշտության պալատի բեմում:
Ստորեւ ներկայացնում ենք կատալոնացի քննադատների կարծիքները հայ երգչուհու դերերգի մասին:
«Այս «Տուրանդոտի» հաջողությունը կազմի բոլոր անդամների ձեռքբերումն էր: Սակայն առաջինը, ում պետք է ծափահարել, սոպրանո Լիաննա Հարությունյանն է, որն այստեղ իր նորամուտն էր նշում գլխավոր դերում: Դժվար թե հնարավոր լինի պատկերացնել ավելի կատարյալ կատարում, քան նրա առաջին Տուրանդոտն էր: Այն բոլոր առումներով փայլուն էր: Նա բացառիկ արտահայտչականությամբ ու խորությամբ ներկայացնում էր մի դեր, որը հաճախ հնչեցնում են կոշտ, գրեթե ճչացող, լարված ու խոցող հնչերանգներով: Բայց Հարությունյանի կատարման մեջ այդ ամենից ոչինչ չկար: Ընդհակառակը, նրա մեկնաբանությունը լի էր նրբությամբ ու խոր զգացմունքայնությամբ: Հատկապես այն տեսարանում, երբ Տուրանդոտը հրաժարվում է իր սիրտը հանձնել Կալաֆին՝ այն բանից հետո, երբ վերջինս լուծում է նրա հանելուկները: «Ո՛չ, ո՛չ, ես քոնը չեմ լինելու: Չե՛մ ուզում, չե՛մ ուզում». այս խոսքերն ունկնդրի սրտին դիպան անմիջական ու կործանիչ հուզական ուժով՝ թողնելով խոր, ցավոտ մի հետք» (Ալեխանդրո Մարտինես, «Պլատեո մագազին»):
«Կատարողների կազմում առանձնահատուկ կերպով աչքի ընկավ հայ դրամատիկ սոպրանո Լիաննա Հարությունյանը՝ Տուրանդոտի դերում: Նրա ձայնային գործիքը հզոր է, թարմ, հարուստ հարմոնիկ երանգներով եւ անթերի վերահսկվող ամբողջ ձայնային տիրույթում: Նրա ուժեղ հնչողությամբ բարձր նոտաները բացառիկ վարպետությամբ հաղթահարում են նվագախմբի եւ երգչախմբի հնչյունային խտությունը՝ փայլուն կերպով տիրապետելով օպերային երգացանկի ամենաբարդ դերերից մեկին» (Ֆեռնանդո Սանս Ռիվիեր, «Օպերա ակտուալ»):
«Հարյուրամյակի առիթով վերակենդանանում է մի մեծ «Տուրանդոտ»: Սոպրանո Լիաննա Հարությունյանը մարմնավորեց գրեթե կատարյալ Տուրանդոտ՝ հզոր, ազդեցիկ, անթերի հաստատված բարձր նոտաներով՝ նույնիսկ ամենաբարդ ու պահանջկոտ հատվածներում, եւ միաժամանակ՝ նուրբ զգացողությամբ ձայնային գիծը մեղմացնելու ու ձեւավորելու մեջ: Նրա գեղեցիկ, հարուստ հարմոնիաներով լեցուն ձայնը վստահորեն վեր էր բարձրանում նվագախմբի եւ երգչախմբի հնչյունային զանգվածից՝ իրեն պարտադրելով ուժի ու նրբագեղության բացառիկ համադրությամբ» (Պաբլո Մելենդես-Հադդա, «Էլ պերիոդիկոդե Կատալունյա»):
«Այս Տուրանդոտում հատկապես առանձնանում է Լիաննա Հարությունյանի հղկված ու մշակված ձայնարտադրությունը՝ ստեղծելով խորապես հուզական Սառցե Արքայադստեր կերպար:
….Կատարողների կազմում հատկապես աչքի ընկավ հայ սոպրանո Լիաննա Հարությունյանը, որի ձայնարտադրության նրբությունն ու մաքրությունը կարողացան Սառցե Արքայադստերը բերել մարդկային զգացմունքայնության դաշտ: Նրա ձայնի ուժը, ձայնավարման վերահսկողությունը եւ ամբողջ տեսիտուրայի կայունությունն ընծայեցին մի Տուրանդոտ, որն առանձնանում էր տեմբրային բացառիկ գեղեցկությամբ եւ մարգարտաշող, նրբահյուս ֆրազավորմամբ» (Խորդի Մադալենո, «Լա վանգուարդիա»):
«Հայ սոպրանո Լիաննա Հարությունյանի հզոր ձայնը խոր ազդեցություն թողեց հանդիսատեսի վրա՝ ամբողջ ներկայացման ընթացքում՝ բացահայտելով չափված, ճշգրտորեն կշռադատված մեկնաբանություն՝ ամուր տեխնիկական վստահությամբ: Նրա վերեւի նոտաները հզոր էին եւ նպատակային՝ թատերական արտահայտչության մեջ ճշգրիտ, կարողանալով փոխանցել Սառցե Արքայադստեր զայրույթը Կալաֆի ցանկությունների հանդեպ: Միեւնույն ժամանակ, երբ նա մեղմացնում էր իր գեղեցիկ ու միատարր ձայնը, ի հայտ էին գալիս նրա ճկունությունն ու քնարականությունը: Ստորին ռեգիստրի լիարժեք հնչողությամբ, ինչպես նաեւ բարձր նոտաների ձայնարտադրության ու պրոյեկցիայի լիակատար վերահսկմամբ, նա ստեղծեց մի մեծ Տուրանդոտ, որն արժանացավ հանդիսատեսի ոգեւորված օվացիաներին եւ հոտնկայս ծափահարություններին» (Խավիեր Պերես Սենս, «Սկերցո»):









