Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ինչպես են գործերդ, գյուղական դպրոց

Այցելությունս ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս դպրոց պատահական չէր: Արշալույս  գյուղը գտնվում է Արմավիրի տարածաշրջանում: Գյուղը  հիմնադրվել է 1828-1830 թթ.: 1935 թվականին վերանվանվել է Արշալույս: Գտնվում է մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արեւելք, Երեւանից` մոտավորապես 19 կմ, Վաղարշապատից` մոտ 5 կմ հեռավորության վրա: Գտնվում է Վաղարշապատ-Արմավիր մայրուղու վրա: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 860 մ:

Ըստ ՀՀ  2011 թ. մարդահամարի արդյունքների` Արշալույսի մշտական բնակչությունը կազմել է 4250 մարդ: Բնակիչները 1831 թվականից ի վեր հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, կան Երեւանի շրջակայքից եկածներ:

Դպրոցն ունի ավելի քան 500 աշակերտ, ջեռուցման ժամանակակից համակարգ, գրադարան, 22 դասարան, 56 աշխատակից, որից` 42-ը բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներ են: Գյուղի միակ դպրոցն է: Աշակերտների  առաջադիմությունը բարձր է: Ոսուցիչների հիմնական մասը  գյուղի բնակիչներ են եւ սիրով են կատարում մանկավարժական աշխատանքը:

Թերեւս ճիշտ կլիներ դպրոցի տանիքին տեղադրել արեւային վահանակներ: Առնվազն 5 կՎտ կզորությամբ արեւային վահանակի տեղադրման դեպքում տարեկան հնարավոր է արտադրել առնվազն 8000 կՎտժ էլեկտրական էներգիա: Հետեւաբար, այն կարող է նպաստել համայնքի էներգետիկական խնդիրների բարելավմանը:

Վերադառնում եմ Երեւան լավ տրամադրությամբ, հույսով եւ հավատով,որ դպրոցի ապագան հուսադրող է:Այստեղ աշխատում են իրենց գործին անսահման նվիրված բարի եւ ազնիվ մարդիկ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

Խմբագրության կողմից: Հարկ է նշել, որ Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանը  Արշալույս համայնքի  դպրոցի գրադարանին նվիրել է 80 կտոր գիրք` տնտեսագիտության, հայոց լեզվի բացատրական բառարաններ, Աստվածաշունչ եւ այլն: Ուրախալի է, որ Ս.Պապիկյանի մարզային գրադարանների համալրման գործընթացը շարունակվում է: