Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

 «Չստուգաբանություն»

«Կոթող» բառը ստուգաբանված չէ: Դրա ծագման մասին ընդամենը կան մի շարք ոչ գիտական ենթադրություններ:

* Օրինակ՝ հակառակ բառի  արտաքին նմանության,   ինչպես «Հայկազեան  լեզուի Նոր Բառգիրքն»  է շփոթեցնում,  այն կապ չունի  «քյոթուգ»  բառի հետ: Այլ կերպ ասած՝ հայերեն «ԿՈԹՈՂ» եւ թուրքերեն «kötük» բառերի նմանությունը պատահական է:

* Կոթողը չի առնչվում  նաեւ    «կաթողիկե», առավել եւս՝ «կաթողիկոս» բառերի հետ, այնպես, ինչպես գռեհկաբար ստուգաբանել է  Հիւնքեարպէյենտեան Տեր-Յովհաննէս քահանան: 

* Կոթողը ոչ մի ազգակցական կապ չունի նաեւ ծագումով անհայտ «կոթ» բառի հետ, որն իրավացիորեն  վկայված է Գեւորգ Ջահուկյանի «Հայերեն ստուգաբանական բառարանում»:

* Եվ վերջապես, ո՛չ արտաքին նմանությամբ, ո՛չ էլ իմաստային ու գործառութային  տրամաբանությամբ, ԿՈԹՈՂ-ը կապ չունի նաեւ  ԱԽՈՌ բառի  հետ, այնպես, ինչպես ոմանք փորձում են    հուշարձանը  նմանեցնել    ձիանոցի, որտեղ  անհայտ ծագումով մարդիկ  գնում ու պատերին մոմ են կպցնում:

Հետեւաբար, պետք է շատ զգույշ լինել, որ    Մատենադարանի ու Կոնսերվատորիայի նման ԿՈԹՈՂԱՅԻՆ հուշարձանները պատահաբար չհայտնվեն մեր երկրին միլիարդների եկամուտներ բերող  շենքների ցուցակում:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ