Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Ժամկետանց

Ժողովրդին մատուցվող ամեն ինչ պետք է ունենա իր պահպանման ու պիտանիության ժամկետները, որոնց մասին պարտադիր նշումներ են լինում  խանութներում  առաջարկվող ապրանքների վրա:  Ձուն, օրինակ,  նեխելու հատկություն ունի, պանիրը՝ բորբոսնելու, դեղամիջոցը՝ բուժական հատկությունից զրկվելու, տանձն ու խնձորը՝ լխկելու,  80-ականների սովետական արտադրության զենքները՝ չկրակելու եւ այլն:

Պիտանիության ժամկետը կախված է լինում արտադրանքի տարրալուծման մեխանիզմից՝ լույսի ազդեցությունից, ջերմությունից, խոնավությունից, քաղաքական իրավիճակից եւ այլ հանգամանքներից, եւ կարգավորվում է  սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ կառավարության համապատասխան օրենքներով: 

Իսկ ո՞վ է զբաղվելու մեր գրախանութներում վաճառվող գրքերի, օրինակ՝  բացատրական բառարանների «թողարկման» եւ «պահպանման» ժամկետների վերահսկման խիստ կարեւոր գործով, որի անհրաժեշտությունը փաստելու համար  կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել: 
Օրինակ, մեր բառարաններից եւ ոչ մեկում չկա  ՔՊ-ի մասին որեւէ հոդաբաշխ բացատրություն:

Դրա փոխարեն պրպտուն միտք ունեցող հայը Ք-ի դիմաց  կարդում է՝ «հայկական այբուբենի 36-րդ եւ վերջին գիրը», իսկ Պ-ի ամար՝ «26-րդ տառն ու շրթնային խուլ պայթական բաղաձայնը» ոչինչ չարտահայտող մակագրությունները: Անձամբ ես հասկանում եմ  «վերջին գիրն ու  պայթական» արտահայտությունների խորքային իմաստը:  Սակայն ինձ զարմանք է պատճառում  այդ հապավման դիմաց   ՔՊ-ականների անձնուրաց ու անմնացորդ աշխատանքի մասին մեր բառարանների   համառ լռությունը:

Հայկական բացատրական բառարաններում չկան նաեւ «ՀԵՐՈՍ» բառահոդվածին  նվիրված եւ այդ գլխաբառի համար պատշաճ տեղեկություն պարունակող բացատրություններ, իսկ «ՀԵՐՈՍ» բառի հոմանիշների շարքում իսպառ բացակայում է «ՀԱՐԿԱՏՈՒ» եզրույթը:

Եվս մեկ օրինակ:  ՀԱՅՐԵՆԻՔ բառահոդվածի դիմաց մեր ժամկետանց բառարանները միայն տալիս են հետեւյալ բացատրությունը՝   «Երկիր, որտեղ մարդ ծնվել է եւ որի քաղաքացին Է»: Սակայն  նույն բառահոդվածի դիմաց գրված չէ, որ «հայրենիքը նույն պետությունն է,  սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ»:

Մեր բառարանների ժամկետանց լինելու փաստի մասին է վկայում  նաեւ «ԳՈՅ» բառահոդվածի դիմաց ներկայացված ոչ լիարժեք բացատրությունը, թե իբր ԳՈՅ-ը մեր գիտակցությունից անկախ գոյություն ունեցող օբյեկտիվ ռեալություն է,  եւ ոչ մի խոսք՝  ԳՈՅ թատրոնի ցեղապաշտական նկրտումների ու իրական արվեստից շեղվելու անհաջող փորձերի մասին:

Քաղաքական իրավիճակի իրական ոգին չարտահայտող մեր բառարանները ՀԱՄԱԼՍԱՐԱՆ բառահոդվածը բացատրելիս զլացել են հիշեցնել, որ բոլոր մակարդակների ուսումնական կոչումներ շնորհող  այդ բարձրագույն ուսումնական հաստատությունը մայրաքաղաքներում գործունեություն ծավալելու իրավունքից զրկված է:

Կարծում եմ, վերը նշված համոզիչ փաստերով ամրագրված  օրինակները կարող են մեր բացատրական բառարանները վերանայելու, ինչու չէ, նաեւ գրախանութները փակելու համար հիմք ծառայել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ