Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Գեղեցկության չափանիշը

Կնոջ գեղեցկությունը  պատկերելիս, մեր աշուղները  ժամանակին դիմել  են այլասացության  հնարքին: 

Օրինակ, յարին համեմատել  են  ցատկոտող սարի ջեյրանի  կամ  թռչկոտող  հավքի հետ:  
Գեղեցկուհու  դեմքը նկարագրելու համար  մեր աշուղներն  այլ  բան չեն մտաբերել, քան արեգակի  ու լուսնի սկավառակները,  Իսկ հոնքերի համար՝   երեք օրվա մահիկը:  Աղեղից  արձակվող  նետն ու վիրահատական սուր   նշտարն էլ օգնել են աշուղներին՝  նկարագրելու գեղեցկուհու թարթիչները:

Աչքերը վրձնելիս,  մեր սիրերգակների մտքի մեջ պատկերվել  են եղնիկի խումար աչքերից սկսած մինչեւ  վարդազգիների ընտանիքին պատկանող նուշն ու  գինարբուքի  համար նախատեսված պսպղուն ոսկե փիալան: 

Կնոջ կրծքերի գեղեցկությունը նախշազարդելու համար մեր երգասացների  երեւակայությունը  խնձորի  չափսերը  չգերազանցող  շամամ  կոչված  անուշահոտ սեխից  այն կողմ դեռ  չի անցել:
Սլացիկ բոյը նկարագրելիս,  չինարից ու բարդիից բացի, մեր երգասացները  մեկ էլ    նոճու օգնությանն են դիմել, եւ  գեղեցկուհու քայլքը նմանեցրել  ծառի սեթեւեթ նազանքին:  
Կնոջ մազերը վարդի մեջ փաթաթված  ռեհանին նմանեցնելու հարցում ոչ ոքի ֆանտազիան դեռ  հայ երգասացների  վառ երեւակայական  թռիչքից այն կողմ չի անցել:
Իդեալական կնոջ մեջքը մատղաշ եղեգնի,  իսկ   պարանոցի չափսերը կարապի վզի հետ զուգաչափելու համար դեռ  ոչ ոք մեր աշուղների հետ մեջլիս նստելու համարձակություն չի ունեցել:     

Սակայն, մի՞թե  մեզ  համար ավելի ընկալելի  է կնոջ գեղեկցությունն ու հմայքը ժամանակակից գեղեցկության մրցույթների չափորոշիչներով բնորոշելու մեթոդաբանությունը, որն առավելապես հիմնված է մաթեմատիկական չոր հաշվարկների վրա, երբ գեղեկցության ոսկե չափանիշը համարվող 90-60-90 պարամետրերին համապատասխան  կնոջ ուսագոտու   եւ գոտկատեղի  հարաբերակցությամբ է որոշվում   գեղեկցության թեկնածուի թովչանքն ու կատարելությունը: 
Կարծում եմ, այնուամենայնիվ  գեղեցկությունը բնորոշելու լավագույն միջոցները եղել են ու կլինեն՝  կնոջ դեմքի օվալը լուսնի ու արեւի սկավառակների հետ զուգադրումն ու  սիրեցյալի քայլքը   նոճու սեթեւեթ նազանքի հետ համեմատելը: Եվ համոզված եմ, որ   ոսկե փիալայից չտարբերվող նշաձեւ աչքերին, կարապանման  պարանոցին ու սովորական խնձորի չափսերը չգերազանցող շամամի անուշահոտությանը փոխարինող չափորոշիչները դուրս են մնալու մրցակցությունից:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ