Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

 Իմաստաբանական բառարան

«Անդազահան անել»

Մեր քաղաքական խոսույթում ի՜նչ բառեր ասես չեն օգտագործվում. էլ «ջեպկիր», էլ «մուտիլովշիկ», էլ «գյուռմամիշ», էլ «քյառթու» ու նմանատիպ բազմաթիվ այլ արտահայտություններ:

Այս կարգի արտահայտությունների մեջ պատվավոր  տեղերից մեկն էլ  հատկացված է  «ԱՆԴԱԶԱՀԱՆ ԱՆԵԼ» բառակապակցությանը, որի հաճախակի օգտագործումը կարող է  նպաստել մեր քաղաքական բառապաշարում  դրա վերջնական  ներառմանը:

Հայերենում  ԱՆԴԱԶԱ  բառը  երկու  իմաստ ունի. Առաջինը նշանակում է  «Խոսք», «պատմություն», «ասացվածք»:  Օրինակ՝ «Ջուրը կու տանե ու հիդ կու բերե: Ինչի՞ վրա է ասված էս անդազեն»:  Այս իմաստով  «անդազա» բառը պիտի առաջացած լինի «խրատական խոսք» նշանակությամբ  պարսկերեն  ԱՆԴԱԶԵ  բառից:

Բայց մեզ հետաքրքրող բառը «չափանմուշ» ու «ձևվածք» նշանակությամբ  երկրորդ ԱՆԴԱԶԱ-ն  է, որը նույնպես  փոխառություն է պարսկերենից: Եվ եթե  այս բառը մեր հարևաններից   ավելի վաղ՝ միջին պարսկերենի շրջանում փոխառած լինեինք, այն կունենար  *ԱՆՏԱՃԱԿ ձևը՝ պահլավերենում ՀԱՆԴԱՉԱՔ հոմանիշի առկայության պատճառով: Բայց մենք «մտածել» ու «քննել» իմաստով հայերենում  ունենք նաև ԱՆԴԱՃԵԼ բայը, որը փոխառություն է պահլավերենից:

Եվ  քանի որ ԱՆԴԱԶԱ բառի փոխատուն ժամանակակից պարսկերենն  է, ուստի այն տեղ չի գտել հայերենի հիմնական բառապաշարի մեջ,  ու դրանից  կազմված «ջարդուփշուր» իմաստով   «ԱՆԴԱԶԱՀԱՆ»-ը  կիրառելի է  միայն  խոսակցականում:

«Անդազահան անել», նշանակում է այնպես հարվածել, որ ջարդուփշուր լինելու պատճառով  սուբյեկտը կորցնի իր «ստանդարտ չափերը»:

Ժամանակակից պարսկերենի    ԱՆԴԱԶԵ  բառի հիմքում  «նետել»  իմաստով       ԱՆԴԱԽԹԱՆ  բայի ներկայի  հիմքն է:

Ֆիրդուսու բերած վկայությունը համոզիչ է.
 

«Պետք է նետել (չափել), որից հետո՝ կտրել»:

Սաադին էլ է  պարսկերեն «նետել» բայը   «չափել»  իմաստով օգտագործել՝
 

«Առանց նետելու (չափել) պետք չէ կտրել»:

Բայց նետելը ի՞նչ կապ ունի չափելու հետ:

Կապն անմիջական է:

Հնարավոր չէ չնկատել միաժամանակ «նետել» ու «քննել»    իմաստներով  պարսկերեն  ԱՆԴԱԽԹԱՆ ու նույն իմաստներով հայերեն «գցել, բռնել» (անդաճել) բայերի միջև տիպաբանական ընդհանրությունը:

Վաղ անցյալում  պարսկերենով այդ չափման միավորը «նետել» բայի ներկայի հիմքից կազմված բառով  կոչվել է «նետվածք»՝ «ԱՆԴԱԶԵ», որը հետագայում ընդհանրացվել ու ստացել է «չափ» իմաստը:

Բանն այն է, որ հնում տարածությունը չափելու մի քանի հնարք է եղել, որոնցից մեկը փայտի կտոր նետելն էր:    Ֆիզիկապես ամրակազմ մարդուն   հանձնարարվում էր  փայտի կտորը  նետելու միջոցով   հեռահարության համար չափման միավոր սահմանել, որոնցից յուրաքանչյուր միավորը  կոչվում էր «մեկ փայտ»:  Ատրպատականում  այդ միավորը թուրքերենով ստացել է  «աղաջ» (ԱՂԱՋ) անվանումը, որը հավասար էր մեկ փարսախի՝ (3 մղոն):
Կա մի հետաքրքրական ավանդապատում, որի համաձայն՝ ժամանակին թավրիզահայերին տեղի իշախանությունները գերեզմանոցի տարածք հատկացնելու որոշում էին կայացրել: Ասում են՝  տեղաբնակ հայերին հաջողվում է գտնել դյուցազնակազմ մի հայորդու, որի նետած փայտի հեռահարությունը գերազանցում էր նախկինում սահմանված չափերը, ում շնորհիվ էլ թավիրզահայերին հաջողվում է գերեզմանոցի համար հսկայական տարածքի տեր դառնալ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ