Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Հանգցնել եւ հանգուցանել

Ծնվել (ծնունդ առնել)  բայիմաստի  համար հայերը որպես արտահայտչաձեւ  հորինել են ընդամենը   «լույս աշխարհ գալ»  արտահայտությունն ու վերջ:
Իսկ մեռնելու համար՝ որքա՜ն ուզես:

Անշնչանալ, կյանքին հրաժեշտ տալ, կյանքի թելը կտրվել, հոգին ավանդել եւ բազմաթիվ ու բազմատեսակ այլ արտահայտությունների կողքին կա մի դարձվածք, որն արժանի է հատուկ ուշադրության: Եվ դա «հանգչել» արտահայտչաձեւն է:

Հին հայերը հուրն ու կրակը պաշտել են՝ դրան վերագրելով մաքրագործող սրբազան նշանակություն: Այստեղից էլ առաջացել է «տան օջախի պաշտամունքը», «կրակն ապականելու արգելքը» եւ այլն : Այդ պատճառով էլ  կրակ մարելը մեծ հանցանք էր  համարվում. այնքան մեծ, որ մեղավորին պատժում էին ամենադաժան եղանակներով: Այդ պատճառով էլ մարդկության համար կրակի առանձնահատուկ նշանակությունն իր արտահայտությունն է գտել տարբեր լեզուներում: Հայերենում, օրինակ, ՀԱՆԳԵԼ (ՀԱՆԳՉԵԼ) բայը նշանակում է ե՛ւ «կրակը մարել» ե՛ւ «մեռնել»: (հմմտ. «Աստ հանգչին ոսկերք …, հանգուցյալ եւ այլն»):

ՄԱՐԵԼ բառը նույնպես երկու իմաստ ունի. Նշանակում է ՀԱՆԳՑՆԵԼ եւ ՄԵՌՆԵԼ:

Մեր կենցաղում կրակի առանձնահատուկ նշանակության մասին է վկայում նաեւ հայերեն «ԿՐԱԿԻ ԳԻՆ» արտահայտությունը, որը հակադրվում է «ՋՐԻ ԳԻՆ» արտահայտությանը:

Պարսկերենում կրակը հանգցնելուն բառացիորեն ասում են՝ «կրակը լռեցնել» (khamush kardan) :

Իմ կարծիքով, իրանահայերի մոտ ԿՐԱԿԸ ՄԱՐԵԼ իմաստով «հաշկացնել» բայի կիրառությունն առաջացել է պարսկերեն  khamush kardan (ԼՌԵՑՆԵԼ) բայի պատճենման հետեւանքով: Նկատենք, որ ՀԱՇ-ը հայերեն ԼՈՒՌ իմաստն արտահայտող ձայնարկություն է, որից էլ ՀԱ՛Շ ԿԱՑ նշանակում է լռի՛ր:

Կրակ մարելու փոխարեն «ԿՐԱԿ ՍՊԱՆԵԼ» արտահայտությունը նույնպես կիրառելի է պարսկերենում:

Ներքոգրյալ ասացվածքում «կրակ սպանել» բայը օգտագործված է «կրակը մարել» իմաստով.
ԿՐԱԿԸ ՄԱՐԵԼ (ՍՊԱՆԵԼ), ՄՈԽՐԻ ՀԵՏ Է ԽԱՂՈՒՄ: Նշանակում է` «հիմնական գործը թողել՝ ոչ էական գործերով է զբաղված»:

Իրանցի անվանի բանաստեղծ Սաադին իր սիրեցյալին  քողարկելու համար որոշում է մոմը տանից դուրս հանել ու սպանել (հանգցնել).

Հարկավոր է մոմը տանից դուրս հանել ու սպանել (հանգցնել),

Թող դրացին չիմանա, որ դու մեր տանն ես թաքնվել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ