Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ժամանակներն ու մենք՝  Կ. Պոլսի  «Ժամանակ» օրաթերթի գլխավոր  խմբագրի դիտակետից

Կ.Պոլսում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը 116 տարեկան է:

Այն ոչ միայն Սփյուռքում, այլեւս առհասարակ հայկական աշխարհում  հայալեզու միակ պարբերականն է, որ 1908 թվականից անընդմեջ հրատարակվում է, միեւնույն ժամանակ ազգային փոքրամասնությունների շրջանում ամենահին պարբերականներից է:

«Ժամանակ» օրաթերթը  Սարգիս եւ Միսաք Գոչունյան եղբայրներն են հիմնադրել: Այն սերնդից սերունդ, ժառանգաբար պապից որդուն, հետո թոռանն ու այսպես շարունակ անցնող-պահպանվող պարբերական է, որը արեւմտահայերն է հրատարակվում՝ դասական ուղղագրությամբ:

Գոչունյանների չորրորդ սերունդն է թերթը խմբագրում ու հրատարակում:
«116 տարի Թուրքիայում հրատարակվելը չի կարելի բացատրել միայն Գոչունյան տոհմի համառությամբ: Բալկաններից մինչեւ Կովկաս, մինչեւ Եգիպտոս «Ժամանակը» կանոնավոր տարածում ու սպառում է ունեցել: Հետո, աստիճանաբար աշխարհագրությունը փոքրացել է, որովհետեւ այդ տարածքները զրկվել են  հայերից: Եվ թերթն աստիճանաբար սկսել է  սահմանափակվել Կ. Պոլսով:

Լրատվամիջոց լինելոով՝ այն ազգային ինքնությունը պահպանելու, հայապահպանության լծակ լինելու առաքելություն է ունեցել: Ընթերցողները հայ իրականության մասին տեղեկություն ստանալուց բացի, նաեւ իրենց մայրենի լեզվի հետ ամենօրյա կապն են պահել: Հայ ընտանիքները ցանկացել են «Ժամանակ» օրաթերթն իրենց օջախներում ունենալ ու փոխանցել սերնդեսերունդ:

Ժամանակները փոխվել են, այսօր տպագիր թերթ պահելը բավականին բարդ է: Տպագիր թերթ հիմա առաջվա պես հաճախ չեն կարդում, այն սպառել է իրեն, բայց շարունակում է հասարակական կարծիքի ձեւավորման  վրա ազդեցություն ունենալ»,-«Ազգ»-ի հետ զրույցում ասաց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Նրա հետ ծավալուն հարցազրույցն առաջիկայում կներկայացնենք 2 մասով՝ հոդվածով եւ Аzg.am կայքում տեղադրված տեսանյութերով: