«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:
Մենք մի քանի շեշտադրում կանենք ընդամենը` փառատոնում ներկայացված մի քանի տասնյակ ֆիլմերից ու հեղինակներից կանգ առնելով կինոդեմքերից երեքի վրա եւ տուրք տալով սփյուռքահայ արվեստագետներին Հայաստանում ճանաչելի դարձնելու մեր թուլությանը:
Խոսքը փառատոնը բացող «Արտոյի երկիրը» ֆիլմի հեղինակ Թամարա Ստեփանյանի, ֆրանսահայ աշխարհառչակ դերասան եւ պրոդյուսեր Սիմոն Աբգարյանի (փառատոնում ներկայացված Անտոնեն Բոդրիի` Դը Գոլի մասին երկմասանոց ֆիլմի գլխավոր դերակատար) եւ հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր, «Մեղավորները» ֆիլմի հեղինակ Սեւ Օհանյանի մասին է:
Իհարկե տասնյակ ֆիլմեր եւ հեղինակներ`հանրահայտ եւ ոչ այնքան, այդ թվում` հայ շատ կինոդեմքեր, կինոհանդիսատեսի սիրտն ու միտքը հուզեցին, բայց տողերիս հեղինակի համար առանձնահատուկ սիրելի է շեշտադրում անել վերը նշված սփյուռքահայ կինոդեմքերի վրա, որոնց անունն ու աշխատանքները հոմանիշ են նաեւ հայկական ինքնության:
Դը Գոլը հայ է, կամ` Սիմոն Աբգարյան

Ֆրանսիայում ծնված, նաեւ Լիբանանաում բնակված դերասան եւ բեմադրիչ Սիմոն Աբգարյանը, որն Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում նկարիչ Արշիլ Գորկու, իսկ Ռոբեր Գետիգյանի ֆիլմում` Միսաք Մանուշյանի դերերն էր խաղում, եւ բազմաթիվ ուրիշ դերերով է հայտնի, այժմ ավելի էպիկական դերով է հանդես գալիս` Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» երկմասանոց ֆիլմում Դը Գոլի դերում, որն Աբգարյանո’վ կմնա Ֆրանսիայի քաղաքական, գեղարվեստական հիշողության մեջ որպես խորհրդանիշ:
Իմ հարցին, թե ի՞նչ կերպարի, հերոսի պետք է անդրադարձ անի հայ կինոն, որ նույնն ազդեցությունն ունենա Հայաստանի վրա, ինչ նրա կերտած կերպարը` Ֆրանսիայի վրա, Սիմոն Աբգարյանն ասաց. «Մենք պետք է մեր պատմությունը սեփական մոտեցմամբ պատմենք: Այսօր Հայաստանի եւ Սփյուռքի մասին պատմությունները բազմաթիվ են` մենք հարուստ ժոովուրդ ենք, կարծես գանձի վրա նստած լինենք:
Կարելի է ֆիլմ նկարել Վարդան Մամիկոնյանի, Մոնթեի Անդրանիկի եւ այլոց մասին, բայց ժամանակն է այսօրվա մարդկանց մասին ֆիլմ նկարել: 2026 թվականն է այսօր` դուք այստեղ եք ապրում, դո’ւք եք հերոսները, ու ոչ թե մեկ ֆիլմ, այլ տասնյակ, միլիոն ֆիլմեր պետք է նկարել, դո’ւք պետք է նկարեք, իսկ մենք Սփյուռքում վերապրում ենք հայությունը»:
ԿԳՄՍ-ն «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակով է պարգեւատրել Սիմոն Աբգարյանին:
Հոլիվուդի Սեւ Օհանյանը

Հոլիվուդյան պրոդյուսեր, մոտ քսան կինոաշխատանքի հեղինակ Սեւ Օհանյանին շնորհվեց «Ոսկե ծիրան» փառատոնի «Վարպետ» մրցանակը:
Այս տարի Լոս Անջելեում տեղի ունեցած «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակը շնորհվել էր Սեւ Օհանյանի «Մեղավորները» ֆիլմի սցենարին: Դրանից մի փոքր առաջ ֆիլմը նաեւ «Ոսկե գլոբուս» մրցանակ էր ստացել, առհասարակ` Սեւ Օհանյանի երկու տասնյակ ֆիլմերը բամաթիվ մրցանակների են արժանցել եւ կինովարձույթների առաջատարներից են: Հայ հանդիսատեսը հիշում է նրան «Իմ չաղ հայկական ընտանիքը» ֆիլմով, վերջինս եւ «Մեղավորներն» այս տարի փառատոնային ֆիլմերի շարքում էին:
Սեւ Օհանյանը ՀԲԸՄ երեւանյան կենտրոնի դահլիճում կինոհանդիսատեսի հետ հանդիպմանը շատ հետաքրքիր պահեր պատմեց իր կինոկյանքից եւ իր հաջողության պատմությամբ ներշնչեց կինոստեղծագործող սկսնակներին: Պատասխանելով հայկական թեմաները Հոլիվուդ տանելու մասին հարցին` Սեւ Օհանյանը բացահայտում արեց.«Մենք դրա համար կամաց-կամաց պետք է աշխատենք, իմ նպատակն այն է, որ մեր անունը բարձրանա, մեր մասին ֆիլմերը հայտնի դառնան ու փող աշխատեն, այդ դեպքում ոչ թե մենք, այլ իրենք կաղաչեն, որ մեր թեմաները, մեր ֆիլմերը պտտեցնեն: Սա է իմ նպատակը, կարող է ես մեռնեմ-չանեմ, բայց մեկ ուրիշը կանի, դա պետք է որպես նպատակ դնել»:
Թամարա Ստեփանյանը սիրո միջոցով է պատմել պատերազմի մասին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ֆիլմը Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրն» էր, որը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Կինոբեմադրիչը, որ արդեն շատ տարիներ ապրում է Ֆրանսիայում, մեզանում սիրված դերասան եւ բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի դուստրն է: Ֆիլմն արդեն փայլել է միջազգային կինոփառատոներում, այս ֆիլմով անցած տարի բացվել էր նաեւ Լոկառնոյի կինոփառատոնը:
Աշխարհի շատ երկրներում ֆիլմը ցուցադրվել է`ճանապարհ գտնելով դեպի կինոհանդիսատեսի սիրտը եւ զգացմունքների, հոգու լեզվով պատմելով հայերիս վերջին տարիների կորուստների, անցած դարի իննսունականներին Արցախյան մարտերում կատարվածի, այդ մարտերի մասնակից մեկ հայի ճակատագրի մասին: Ֆիլմի հերոսուհին` ֆրանսուհի Սելինն ամուսնու մահից հետո ժամանում է Հայաստան եւ Արցախ, գտնելու մահացած ամուսնու եւ իր երեխաների հոր անցյալը:
Կոլորիտային պատմությունների միջով անցնելով` նա գտնում է իր իմացածից տարբեր պատմություն, միաժամանակ հայտնաբերելով իր երեխաների հայրենիքը:
Գլխավոր դերերում ֆրանսիացի դերասանուհի Քամիլ Քոթենն ու իրանցի դերասանուհի Զար Ամիր Էբրահիմին են:
Ֆիլմի շատ պահեր եւ տեսարաններ հուզիչ եւ սթափեցնող են, սիրո կորստյան ցավի տողատակերից դուրս է սպրդում եւ սիրտ ցավեցնում հայրենիքի կորստի եւ մարդկային ճակատագրերի փլուզման ուրվականը, սրբագրելով եւ արմատապես փոխելով ֆիլմի հերոսների հետագա կյանքը: Ֆիլմի ասելիքը, կարելի է ասել, ներհայկականի հետ մեկտեղ` համամարդկային է, այդ պատճառով խորապես հուզում է տարբեր ազգությունների մարդկանց, իսկ հայերիս սթափեցնում, հիշեցնում կորցրածի մասին, թարմացնում վերքերը եւ տանում ներհայեցողության:
«Ֆիլմը սիրո նամակ է` ուղղված հայրենիքին, կինոյին, մեր վերքերին, մեր կորցրած հողերին», փառատոնի բացմանը խոստովանեց Թամարա Ստեփանյանը:
Ֆիլմը ձեռագիր ունի, դա ստեծագործական դժվարին ճանապարհ անցած, իր սրտում Երեւանը կրող, հայրենիքի հանդեպ սերը սրտում, ամբողջովին զգացմունքների կծիկ, մի վայրկյան անգամ արմատներից չհեռացող կին ռեժիսորի` Թամարա Ստեփանյանի ձեռագիրն է, որը հարցեր է բարձրացնում ֆիլմում, պատասխանների որոնումը թողնելով կինոհանդիսատեսին:
Այս ֆիլմի անդրադարձներում տեսա, որ քննադատական տեսակետներ կան բավականին, ուղղված ֆիլմի ասելիքին, այն է` պատերազմ, դասալքություն, հայրենիքին ուղղված պարտք, այդ բոլորում մեր ներսի եւ ֆիլմ հերոսուհու պատկերացումների բախումը:
Այո, ֆիլմում կան պահեր, որ ընկալման տարընթերցումներ կարող են առաջացնել, զգացմունքների թատերայնություն կար, հոգեկան խնդիրներ ունեցողներն էին մի տեսակ շատ` երկրաշարժի եւ պատերազմի արգասիք որպես (մերոնք այդ բոլորից ամրացել են` ընդհանրացնել չէր կարելի):
Բայց նկատի առեք, անկախ ռեժիսորի հայ լինելուց` ֆիլմը գլխավոր հերոսուհի ֆրանսուհու հայացքն է, այդ իմաստով երեւույթներին ավելի լայն ընկալմամբ նայելու, բնորդից չհեռանալու առումով: Մի քիչ հայ իրականությունն էր խեղճ ներկայացված, արցախյան պատերազմի ենթատեքստերը ճիշտ չէին ընթերցված, ինքնին ծագում էր հարցը`դասալիքն ինչո՞ւ պիտի երկիր ունենա, կամ ինչո՞ւ պիտի այդ երկիրը Արտոյի` դասալիքի երկիրը լինի:
Բայց էլի ասում եմ` ֆիլմին պետք է որպես համաշխարհային հարթակի ստեղծագործության վերաբերվել, անհատի ողբերգության համամարդկային պատուհանից դիտարկել հերոսուհու ապրումները: Այդ դեպքում քննադատական շեշտադրումները անհրաժեշտ, բայց ոչ դոմինանտ մոտիվ կդառնան:
Թամարա Ստեփանյանին հարցրինք, թե ո՞րն է նրա ֆիլմի հաջողության գաղտնիքը.
-Չգիտեմ: Իմ կարծիքով խոսելը մի թեմայի` պատերազմի մասին շատ նուրբ ձեւով, ցույց չտալով պատերազմը, այդ մասին խոսելով սիրո’ միջոցով, երեւի դա է գաղտնիքը:
-Բովանդակությա՞ն հետ է կապված այսինքն հաջողությունը:
-Չէ, բովանդակությունն ու կինոն իրար հետ են գնում, ես արդեն քսան տարի կինոյով եմ զբաղվում եւ փորձում եմ գտնել մի կինոլեզու` այս խնդրի մասին խոսելու, որպեսզի նրանք համապատասխան լինեն իրար: Երբ վավերագրական ֆիլմ ես նկարում, դա մի կինոլեզու է, խաղարկային կինոյի դեպքում այլ կինոլեզու է, միշտ այդ փնտրտուքի մեջ եմ, երեւի այս ֆիլմում այդ համապատասխանությունը գտնվել է: Սցենարի համար մի քանի մրցանակ եմ ստացել:
Ես ինձ չեմ համարում Սփյուռքի հայ, ես ինձ համարում եմ երեւանցի, ես ծնվել-մեծացել եմ Երեւանում, երեւանցիների զավակ եմ:
Մարիետա Խաչատրյան
Հ.Գ.-Թամարա Ստեփանյանի հետ փոքրիկ ճեպազրույցը դիտեք հեղինակի յութուբյան էջում` ստորեւ.











