Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գիտնականների ուշադրության կենտրոնում տիեզերական աղբն է

Տիեզերական թռիչքների արդյունքում տիեզերքն աղտոտվել է մետաղական  բեկորներով: Նրանց բախումը գործող արբանյակների հետ կարող է աղետալի հետեւանքներ  ունենալ:

Այդ բախումը կանխելու համար ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի գիտաշխատողները ռուսական «Աստղագիտական  կենտրոն» ընկերության հետ միասին իրականացնում են  մերձերկրյա տիեզերական  տարածության մշտադիտում:

 Գիտնականները  գտնում են, որ 2021թ. Երկրի շուրջը պտտվել է 0.1-1.0 սմ չափերով մոտ 130 միլիոն օբյեկտ, որոնցից մոտ 20 միլիոնը գտնվել է մինչեւ 2000 կմ բարձրության վրա: Դրանք շարժվում են  շուրջերկրյա ցածր ուղեծրերով: 1.0-10 սմ չափերի բեկորների ընդհանուր թիվը մոտ 900 հազար է, որոնցից 500 հազարը պտտվում են ցածր ուղեծրերում: 10 սմ ավելի մեծ  չափերով օբյեկտների թիվը հասնում է 34 հազարի, որոնցից 23 հազարը Երկրին առավել մոտ գտնվողներն են:  Այդ բեկորների  բախումը գործող եւ կառավարվող արբանյակների հետ կարող է աղետալի հետեւանքների  հանգեցնել: Որպեսզի  հնարավոր լինի խուսափել այդպիսի բախումներից, անհրաժեշտ է  հետազոտել շատ թվով բեկորների շարժման ուղեծրերը:

Միայն 2021թ-ին հայ-ռուսական համատեղ կայանում 260 դիտողական գիշերների ընթացքում արվել է 650 հազար չափում եւ վերականգնվել 700 ուղեծիր արհեստական արբանյակների համար:

Ծրագրում հիմնականում ներգրավված են երիտասարդ գիտնականներ: Այժմ բանակցություններ են ընթանում Ավստրիայի «Աստղահամակարգեր»  ընկերության հետ, որը ցանկություն է հայտնել Հայաստանում նման ինքնաշխատ  դիտակայան ունենալ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր