Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հետազոտական համալսարանի ստեղծումը կարեւոր է

Վերջերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա հետազոտական համալսարանի ստեղծմանը: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարությունը, ամբիոնների վարիչներ:

«Մենք ունենք մտադրություն Գիտակրթական միջազգային կենտրոնի հենքի վրա ստեղծել հետազոտական համալսարան, որը փորձենք զարգացնել  եւ ներգրավել միջազգային ցանցերի մեջ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ Զարգացման ծրագրերի  եւ մշտադիտարկման վարչության գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու Ս. Կարաբեկյանը ներկայացրեց հետազոտական համալսարանի ստեղծման նպատակներն ու քայլերը: Հետազոտական համալսարանի ստեղծման հիմնական նպատակն է բնագիտական, տեխնոլոգիական, հումանիտար  եւ հասարակագիտական ուղղություններով արդիական գիտական հետազոտություններ կատարելու ունակ, ստեղծագործական-նորարարական մտածելակերպ ունեցող բարձրակարգ մասնագետներ պատրաստելը՝ հաշվի առնելով միջազգային պահանջարկը:

Մասնակիցները բարձրացրեցին հետազոտական համալսարանի ստեղծման հետ կապված բազմաթիվ հարցեր` ներքին կարողությունների գնահատման անհրաժշտության, ֆինանսավորման, ներգրավման, գիտահետազոտական ինստիտուտների հետ համալսարանի  փոխգործակցության, հետազոտական համալսարանում ԲՈՒՀ-երի դասախոսների վերապատրաստման կարողությունների մասին: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ