Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախը դրախտի դարպաս է…

Մինչ Արցախում շրջափակման մեջ գտնվող մարդիկ իրենց բաժին հասած դառը ճակատագիրը դիմակայում են տարատեսակ դժվարություններ, «Դրախտի դարպասը» ֆիլմը տարբեր երկրներում Արցախը ներկայացնում է որպես իրական դրախտ, ուր մարդիկ անցնելով  պատերազմների  միջով, կյանքի գնով  պաշտպանում  իրենց պապենական երկիրը:

Փետրվարի 12 -ին կրկին մարդաշատ էր Փարիզի Հայ մշակույթի տունը, այս անգամ ծնունդով արցախցի՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»  ֆիլմի ցուցադրումն էր անգլերեն լեզվով, ֆրանսերեն ենթագրերով:

Ֆիլմը պատերազմի ու մարդկային ճակատագրերի մասին է: Երկու պատերազմներում օտար ֆոտոլրագրողի ներկայությունն աշխարհի հայացքն ուղղել է դեպի Արցախ, այն էլ՝ դրախտի դարպասով:

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Չեխիայի, Իտալիայի, Բուլղարիայի համատեղ արտադրությամբ,  գլխավոր դերերում  ընդգրկվել են տարբեր երկրների դերասաններ՝ Ռիխարդ Զամել (Գերմանիա), Տատյանա Սպիվակովա (Ֆրանսիա), Սոս Ջանիբեկյան (Հայաստան), Նաիրա Զաքարյան (ԱՄՆ), Բենեդիկտ Ֆրեյթագ (Շվեյցարիա):

Շատերի համար անակնկալ էր Ջիվան Ավետիսյանի եւ դերասաններ՝գերմանացի ֆոտոլրագրող Ռոբերտ Ստերնվալի դերակատար՝ Ռիխարդ Զամելի  եւ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի դերակատար՝ Տատյանա Սպիվակովայի  ներկայությունը:

91 րոպե տեւողությանբ ֆիլմը  ներկաները դիտեցին քար լռությամբ, իրենց ներսում պահելով բազում հարցեր, որոնք քննարկվեցին ֆիլմի ավարտին:

Առաջին հարցին, թե ինչո՞ւ «Դրախտի դարպաս», Ջիվան Ավետիսյանն ասաց՝ Արցախը դրախտի դարպաս է:

Ֆիլմի գաղափարն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Նկարահանումները տեղի են ունեցել Ասկերանի շրջանի Հարավ գյուղում, որտեղ ծավալվում են Թալիշի իրադարձությունները:

Ռիխարդ Զամելը պատմեց, թե ֆիլմի նկարահանումների ընթացքում ինչպիսի բացահայտումներ է արել՝ տարբեր ժանրի բազմաթիվ ֆիլմերում է խաղացել, սակայն այն ապրումներն ու տպավորությունները, որը ստացել է այս ֆիլմում, ամբողջովին փոխել է իր կյանքը, համոզվել է, որ ապրելու եւ պայքարելու համար հարկավոր է Արցախի նման հրաշք բնություն ու արցախցու նման հզոր կամք:

Զարմանալի չէր,  Ջիվան Ավետիսյանն ասաց, որ դեռեւս նկարահանումների ընթացքում Ադրբեջանը փորձել է խոչընդոտել նկարհանումներին ,անգամ ճնշումներ է գործադրել գլխավոր օպերատոր, լիտվացի Ռիտիս Կուրկուլիսի եւ Ադրբեջանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանի վրա:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին ու հանդիպման կազմկերպիչներին, որոնք բուռն ծափահարում էին, Ջիվան Ավետիսյանն  ասաց՝ եկեք ծափահարենք շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին:

«Դրախտի դարպաս» ֆիլմը, որը ցուցադրվել է Լոս Անջելես, Վաշինգտոն,  Սան ֆրանցիսկո, Բոստոն, Մոնրեալ, Տորոնտո, երեկ Փարիզ, վաղը Շվեյցարիա, Գերմանիա եւ այլուր, աշխարհին ուղղված  բաց նամակ է, որով արցախցին  գերտերություններից պահանջում է  իր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ