Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Առցանց զամբյուղով գնումներ

«Թեժ առաջարկ, գործում է 30% զեղչ», «տեսականին առկա է», «պատասխանել ենք անձնական նամակով», «տեսականին պատվերով է, պատվերը հասնում է 15-20 աշխատանքային օրվա ընթացքում». նման արտահայտությունների հանդիպում է սոցիալական հարթակներում գրանցված յուրաքանչյուր օգտատեր:

Համացանցի զարգացմանը զուգահեռ մեր կենցաղ մտավ օնլայն գնումներ կատարելու հնարավորությունը: Շատ տնտեսվարողներ նոր աշխատանքային գործիքի հնարավորությամբ սկսեցին ավելի լայն շրջանակներ  ընդգրկել իրենց  բիզնեսի տարածման եւ զարգացման գործում: Եվրոպայից մինչեւ ասիական երկրներ եւ Կովկաս յուրաքանչյուր ոք կարող է գնել կամ վաճառել հագուստ, կոսմետիկ միջոցներ, տեքստիլ, անգամ երկաթյա դարպասներ:

Այստեղ իրականությունը եւ առաջարկվող ապրանքի նկարից որակը հասկանալու հմտությունները տարբեր են, քանզի զուգահեռ հանդիպում են իրականությանը ու ապրանքի նկարագրին չհամապատասխանող մեծաթիվ դեպքեր, որոնց բախվում են սպառողները:

«Վերջերս պատվիրել էի գեղեցիկ էջանիշ: Էջում ըստ նկարի ու ապրանքի նկարագրության ենթադրել էի, որ այն ապակուց է պատրաստված, բայց պատվերը վերցնելուց հետո հասկացա, որ այն ոչ միայն ապակի չէ, այլեւ ընդհանրապես չէր համապատասխանում տվյալ խանութի ներկայացրած ապրանքին»,- ասում է 22-ամյա Արփինեն: 

Օնլայն խանութներից օգտվող քաղաքացիների տեսակետները տարբեր են այս հարցում. 25-ամյա Անուշը մեզ հետ զրույցում նշեց, որ հետեւում է օնլայն խանութներին, բայց նշված իրողությամբ պայմանավորված բացառում է գնումները, քանզի կարեւորում է ապրանքը տեսնելը, որակը ու չափերը տեղում հասկանալը:

Սակայն ծանրաբեռնված առօրյա ու գրաֆիկ ունեցող անհատներին օգնության են հասնում հենց նման վաճառատները՝ խնայելով ժամանակը:

«Ինձ մեծամասամբ ավելի հարմար է օնլայն կատարել գնումներս, քանի որ երկու բալիկներիս հետ դժվար է հաճախակի խանութներ այցելել: Բավական հաճախ եմ օգտվում օնլայն խանութներից, գնում եմ ե՛ւ տնտեսական պարագաներ, ե՛ւ հագուստ, անգամ խնամքի պարագաներ: Շատ դեպքերում գոհ եմ, պատահում են նաեւ ապրանքի նախնական նկարագրությունը չհամապատասխանող դեպքեր, որոնք վերադարձնում եմ ոչ համարժեք լինելու պատճառով»,- պատմում է 28-ամյա Մառլենան:

Չնայած տիրող իրավիճակին՝ կան կայացած եւ հայտնի խանութներ, որտեղ վստահությունը առաջին պատվերից հետո ամրապնդվում է հաճախորդ-վաճառող հետադարձ կապի շնորհիվ:

Օնլայն հարթակում իրական հետեւորդների կողմից թողնված մեկնաբանությունները շատ դեպքերում հիմք են հանդիսանում կարծիքի նախնական ձեւավորման համար:

 Ի դեպ, սոցիալական հարթակներում հաստատված շատ բիզնեսներ շահույթով պայմանավորված օնլայն վաճառքին զուգահեռ անցնում են սեփական խանութ-սրահն ունենալուն, իսկ օնլայն իրականությունն այնքան է սերտաճել , որ դարձել է աշխատանքային գործիք:

«Այլեւս այցեքարտ չենք տրամադրում այցելուներին, այլ միանգամից առաջարկում ենք միանալ սոցիալական հարթակներում գործող մեր էջերին, որտեղ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կան թե՛ ապրանքի, թե՛ գնային քաղաքականության մասին»,- ասում է 33-ամյա Նանեն, որը զբաղվում է օնլայն վաճառքով:

Ի դեպ, հարկային դաշտը դեռեւս չի վերահսկում օնլայն խանութները, ինչն իր հերթին անհավասար պայմաններ  է ստեղծում գրանցված եւ գործող բիզնեսների համար:

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ