Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լողացող արեւային կայան երեւանյան լճում

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի եւ ֆրանսիական NEPSEN կազմակերպության հետ մշակվել է «Հայաստանում լողացող արեւային կայանների զարգացման ծրագիր»: Ուսումնասիրվել է  Հայաստանի ջրային պաշարներն ու դրանց վրա լողացող արեւային կայանների կառուցման հնարավորությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ֆրանսիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության FASEP ծրագրի կողմից:

Նախատեսվում է Երեւանյան լճի վրա կառուցել շուրջ 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արեւային ֆոտովոլտային կայան:Այն զբաղեցնելու է մոտ 3000 քառակուսի մետր տարածք: Կայանը  լինելու է հիմնադրամի սեփականությունը: Հիմնադրամը ստանալու է էլեկտրաէներգիայի գնման երաշխիքով էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա: Տարեկան կարող է արտադրվել ավելի քան 200 հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Երեւանյան լիճը  արհեստական ջրամբար  է Երեւանի հարավ-արեւմուտքում Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա: Մակերեսը 0,65 քառակուսի կիլոմետր  է, միջին խորությունը՝ 8 (առավելագույնը՝ 18 մ), ջրի ծավալը՝ 4,8 միլիոն խորանարդ մետր, օգտակարը՝ 0,7 միլիոն խորանարդ մետր:

Լիճը կառուցվել է Հրազդան գետի հոսքը կանոնավորելու եւ ջրերն օգտագործելու համար: Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ: Կամրջի դեր է կատարում Երեւանի աջափնյա եւ ձախափնյա շրջանների միջեւ: Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են: Երեւանյան լիճը հսկայական նշանակություն ունի շրջակա միջավայրի միկրոկլիմայի եւ քաղաքային հանգստի գոտու ձեւավորման համար: Լճից սկսվում են Էջմիածնի եւ Փարաքարի ջրանցքները: Կառուցվել է 1970 թվականին՝ նախկին Նոր Կողբ գյուղի տարածքում:

Սարքավորումների ձեռք բերման համար նախատեսվում է իրականացնել 90 միլիոն դրամի ներդրում: Կստեղծվի երեք աշխատատեղ՝ 300 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 55.7 միլիոն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 միլիոն դրամ:

ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ  նախատեսվում է,որ մինչեւ 2030թ. արեւային էներգիայի օգտագործման բաժինը հասցնել առնվազն 15 տոկոսի:

Հարկ է նշել,որ 2022թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) էլեկտրաէներգիա արտադրող կայանների թիվը կազմում է 48: Նրանց գումարային հզորությունը կազմում է 133,8ՄՎտ, իսկ էլկեկտրաէներգիայի փաստացի միջին տարեկան արտադրությունը`292,1 միլիոն ԿՎտժ: Կառուցվող կայանների գումարային հզորությունը կազմում է 150,7ՄՎտ, տարեկան արտադրանքը` 351,3 միլիոն ԿՎտժ: Ներդրումների ծավալը կկազմի 61,6 միլիարդ ՀՀ դրամ:

2023թ. լրանում է Հայաստանի էներգետիկայի 120 -ամյակը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր