Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Անշարժը շարժելու սպասումի հույսով

Տարօրինակ թե յուրօրինակ միջավայրում ենք հայտնվել, որի պայմաններում անգամ չենք մոռանում ու զլանում հիշել ու վերհիշել մեր ինչ-որ ներուժի մասին: Մեղա մեղա, անգամ այս պայմաններում, երբ սեփական անվտանգային համակարգն ապահովելու ուղղությամբ գրեթե ոչինչ չենք ձեռնարկվում, անգամ երկրի գյուղատնտեսության համար պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարն է հայտարարում, որ երկրում հացահատիկ ցանելն է աննպատակահարմար, կառավարություն համարվող բարձրագույն գործադիր մարմինը ծաղիկ ու ելակ աճեցնողներին սուբսիդավորման, նույնն է թե համաֆինանսավորման ծրագրերից է խոսում, սխալների յուրօրինակ մուտքագրում է իրականացնում: Միայն պարզ չէ, ինչո՞ւ է կոնկրետ պատասխանատու պաշտոնյաների ստեղծած այս քաոսիկ վիճակի համար, ովքեր միլիոններով աշխատավարձեր ու վրան էլ պարգեւավճարներ են ստանում, պետք է վճարի մի կերպ գոյատեւող շարքային հարկատուն, հատկապես նրա փոքր ու միջին գործարար հատվածը:

Տնտեսություն իր ուղղակի իմաստով ՀՀ-ում գրեթե չկա, քանզի մի քանի տոննա երշիկեղենն ու կաթնամթերքը, որ արտադրվում են մեզանում, հիմնականում արտեկրներից ներմուծված փոշիներից են ու խոր սառեցված մսատեսակներից: Հատկապես վեջիններիս վերաբերյալ կարծիքներ են հնչում, որ դրանք եվրոպական ռազմաբազաների ժամկետային սպառման սննդահումքեր են, մարդկանց խոսակցությամբ ասած դուրսգրման մթերքներ, որոնք աննշան գներով վաճառքի են հանվում: Նայեք ՀՀ առեւտրային ցանցում դրանց գներին. 700-800 դրամ, երբ տեղական համարվողը նվազագույնը եռապատիկ թանկ է: Նույն պատկերն է պանրի պարագայում. կաթի փոշուց պատրաստված արտադրանքը պիտակավորվում է որպես պանրային մթերք կամ կաթ պարունակող արտադրանք, որն առաջարկվում է մինչեւ 1500 դրամով, երբ հարեւանությամբ ցուցադրվող պանիր որակվողը կրկնակիից բարձր գնով է վաճառվում: Պատճառը մի քանի տարի առաջվա 320 հազար կաթնատու կովերից հազիվ կեսն է մնացել, որոնց կաթնատվությունը ըստ ոլորտի պատասխանատուների միլիգրամներով են ավելացել: Երեք միլիոն հայաստանաբնակների ու զբոսաշրջիկների տարեկան պահանջը բավարարելու համար նվազագույնը 1 մլն տոննա կաթ է անհրաժեշտ, երբ բուն արտադրությունը 300 հազար տոննա էլ չի կազմում: Մսամթերթի պարագայում պահանջարկը մոտ 300 հազար տոննա է, երբ արտադրությունը 100 հազար տոննայի էլ չի հասնում: Երկիր մոլորակի տասնյակ երկրներում են, ասենք, հավի մսի արտադրությունը 1 բնակչի հաշվով տարեկան մինչեւ 50 կգ-ի հասցրել, երբ ՀՀ-ում այն 10 տոկոսն էլ չի հասնում:

Այս պայմաններում թե ինչքանով է արդարացված ՀՀ համեստագույն բյուջեի միջոցները դեպի ջերմոցների ու ինտենսիվ այգիների աճին ուղղել, մասնագիտական հաշվարկների է կարոտ: Երկրի պարենային անվտանգության մակարդակը հուշում է, որ մասնագիտական ներուժն այս հարցում լուրջից լրջագույն անելիք ունի հայաստանյան հանրության հանդեպ, քանզի որոշակի հիվանդությունների ակտիվացում է արձանագրվում: Այստեղ էլ են գումարներ ուղղվում, երբ գերադասելի է նախազգուշական միջավայրի ներդնումը: Արձանագրվում է հանրահայտ իրավիճակ՝ ցանկանում են լավ բան անել, ստացվում է ինչպես միշտ:

Հենց օրերս տեսակապի միջոցով հենց հացահատիկի դաշտից ելույթ էր ունենում Սարգսյան ազգանվամբ ֆերմեր, որը ափին հավաքած ցորենով նշում էր, որ հեկտարից 12 տոննա բերք է ակնկալում, ոգեւորված բացատրում էր, որ այս տարվա բերքի 1 հատիկը նախորդ տարիների 3 հատիկների քաշն ունի:

Հավատալ-չհավատալը ոմանց գործն է, ֆերմերի ոգեւորությունը ուսումնասիրելը՝ մասնագետ պաշտոնյա-պատասխանատուների առաջնահերթ պարտականությունը: Ավաղ, պարզվում է դյուրին խնդիր չէ Երեւանի հրապարակամերձ տարածքում գտնվող աշխատավայրից Արարատյան դաշտում գտնվող համայնք հասնելը. հարկավոր է գործուղման հրաման ունենալ, տրանսպորտային ու սննդի հարցերը լուծել, որոնք այսօր պարզապես անլուծելի են, որոնց արդյունքում էլ պարզ հարցերը խնդիրների են վերածվում, նախարարական լուծումներ ենթադրում, որոնց համար կուսակցական միջոցառումների ընթացքում ժամանակ է պահանջվում: Ընդամենը մի քանի տարի առաջ համանման խնդիրների լուծումը դրված էր գյուղատնտեսության աջակցության մարզային կառույցների վրա, որոնք տարօրինակ ինչ-որ որոշումով լուծարվեցին. չկա պատասխանատուն՝ չկա խնդիրը… Ահա այսպիսի կառավարում:

Հընթացս՝ հարց ՀՀ էլեկտրաէներգետիկ առումով հանրապետությունը ինքնաբավ ներկայացնող մեր ինքնավստահ պատասխանատուներին էլեկտրոմոբիլների 1 մլն քանակի պարագայում ինչ ծավալի էլեկտրաէներգիա է պահանջվում անխափան էլմատակարարում ապահովելու ուղղությամբ: Համակարգը պատրաստ է թե պատրաստվում է լուծել այսօրինակ խնդիը, որը կենսական անհրաժեշտություն է՝ ՀՀ տնտեսության անխափան գործունեության ուղղությամբ:
Տրվենք՝ անշարժը շարժելու սպասումի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

07.07.2026թ.