Հոգեպարար հայերենը
Հայերենն առանձնահատուկ լեզու է ո՛չ միայն իր բառակազմական հնարքներով ու հարուստ բառապաշարով, այլ նաեւ երեւույթների նկատմամբ իր ուրույն վերաբերմունքով:
Օրինակ՝ մարդկանց գլխաքանակը հաշվելիս, հայերից բացի, մեզ շրջապատող ժողովուրդները գերադասում են որպես չափման միավոր օգտագործել հիմնականում թանձրացական բառեր՝ «մարդ», «անձ», երբեմն նաեւ «մարմին» թուրքերը՝ kii, ադրբեջանցիները՝ nfr, վրացիները՝ adamiani, պարսիկները՝ (գրական լեզվով) tān:
Մինչդեռ մենք՝ հայերս, մարդկանց թվաքանակը որոշելիս չափման միավորի մեջ հոգի ենք դնում եւ օգտագործում «հոգի» բառը. տասը հոգի, քսան հոգի… Իսկ մարդն իր խոսքի մեջ հոգի է դնում միայն այն ժամանակ, երբ ցանկանում է ողջ սերն ու ջերմությունը փոխանցել իր նմաններին:
Ընդ որում, մյուս բոլոր լեզուներում մարդկանց հաշվման միավորը արտահայտվում է արական սեռով թուրքերեն kii բառը նաեւ «տղամարդ» է նշանակում: Վրացերեն adamiani-ի հիմքում Ադամ բառն է՝ Աստծո ստեղծած առաջին տղամարդը, Եվայի անփոխարինելի ու անդավաճան ամուսինը:
Հայերենում «շունչ» բառն էլ է մարդկանց հաշվման միավոր համարվում: «Մեկ շնչին ընկնող» վիճակագրական ցուցանիշը դրա ապացույցներից է:
Մյուս լեզուներում (ռուսերենից բացի) այդ ցուցանիշն արտահայտվում է «գլուխ» բառով, ինչը մեզ համար մերժելի է, քանի որ «գլուխ» հաշվման միավորն օգտագործում ենք բացառապես կենդանիների գլխաքանակը ցույց տալու համար:
Շեղվելով բուն թեմայից, հիշենք, որ կուսակցությունների թվաքանակով Հայաստանում մեկ շնչին ընկնող ցուցանիշը միջազգայինի համեմատությամբ բավական բարձր է: 2026 թվականի տվյալներով Հայաստանում գրանցված է մոտ 128 կուսակցություն: Փաստորեն, Հայաստանում յուրաքանչյուր 24 հազար շնչին բաժին է ընկնում մեկ կուսակցություն:
Գնահատել է պետք հայերենն ու կուսակցությունների առատությունը:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ











