Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Շիրակի հայագիտական կենտրոնը գործում է

Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի  գիտնականները մեծ ծավալի աշխատանք են կատարում գիտական տարբեր  բնագավառներում:

Մասնակի պեղումներ են իրականացվել Մեծ Սեպասարի վաղ բրոնզեդարյան  հուշարձանում: Մաքրման եւ վերակոնսերվացման աշխատանքներ  են կատարվել Ազատանի  եւ Ջրաձորի ամրոցների եւ բնակավայրերի տարածքներում: Իրականացվել են փրկարարական պեղումներ Ջրափիի ջրասույզ դամբարանադաշտում, որտեղ պեղվել են 3 դամբարան: Պեղումներ  են կատարվել նաեւ Լեռնակերտի Վերի եւ Վարի Բերդ ամրոցներում եւ դամբարանադաշտերում: ՀՀ երկրագիտական եւ պատմության թանգարաններում քննության է ենթարկվել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանին վերաբերող` նախկինում պեղված կամ պատահական հայտնաբերված հնագիտական նյութը:

Գիտնականների կողմից ապացուցվել է,որ տեղանունների գիտական հավաստի ստուգաբանությունների հիման վրա կարելի է կարեւոր հետեւություններ անել ոչ միայն հազարամյակներ առաջ այն ստեղծած տեղաբնիկների լեզվի եւ էթնիկական պատկանելիության, այլեւ նրանց վարած տնտեսաձեւի, հասարակական կառույցների, կենցաղի եւ դրանց հիմքի վրա բարձրացած պաշտամունքի ու կրոնի ինչ-ինչ տարրերի վերաբերյալ:

Մասնագետների կողմից շարունակվել է պատմական Տայքի եւ հարակից տարածքների պատմաժողովրդագրական ուսումնասիրությունը: Վեր են հանվել բոլոր բնակավայրերի արդի անվանումները, ինչի շնորհիվ հստակորեն տեղագրվել են Տայքի երբեմնի հայաբնակ գյուղերը:

Կատարվել է Գյումրու բանավոր երգաստեղծության տեքստի լեզվական ուսումնասիրություն: Քննության են առնվել ժողովրդական բանահյուսության առավել կենսունակ ժանրերը, որոնք գերազանցապես գրառվել են  նախաաղետյան շրջանում Շիրակի մարզի բնակչությունից: Իրականացվել են  բանահավաքչական աշխատանքներ մարզի Արթիկի եւ Աշոցքի  տարածաշրջանների համայնքներում: Հավաքված նմուշները համակարգվել  եւ տիպաբանական  քննության են ենթարկվել:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Տեխնիկական գիտությունների թեկնածու