Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իմաստաբանական  բառարան

ԱՂԸ

Երախտիքս եմ ուզում  հայտնել    մեր առողջապահության գերատեսչությանը, որ վերջնականապես պատռեց  թվացյալ համ ու հոտ պարգեւող  վնասակար աղի դիմակը: Բայց դեռ որքա՜ն չպատռված դիմակներ կան:

Ով  չգիտի, որ աղիից բացի, վնասակար հատկություններով  ուրիշ   համեր էլ կան՝  դառը,  կծու,  թթու եւ  քաղցր: Ճիշտ է, դրանք ուտելիքի  մեջ այդքան էլ վնասակար  չեն, բայց երբ  խոսքի են վերածվում   ու  դառնում   «դառը խոսք», «թթու խոսք» եւ «կծու խոսք»,  ազդում  են մեր նյարդային համակարգի վրա:   Քաղցր լեզվից  էլ է պետք զգուշանալ,  քանի որ դրա  հետեւանքների  մասին ավելի  ուշ ենք իմանում,   երբ  այլեւս  «բնից՝»  ապաստարանից  դուրս ենք  գալիս: Թե ո՞ր գերատեսչություններն են պատռելու վնասակար  հատկություններով օժտված այդ  համերի  դիմակները,  դեռ պարզ  չէ:

Նշված համերից բացի, իբր հետագայում գիտնականները պարզել են, որ գոյություն ունի նաեւ վեցերորդը,  որը կոչվում է ՈՒՄԱՄԻ: Ումամին ճապոներենի միջոցով տարածված միջազգային բառ է՝ «հաճելի համ» նշանակությամբ: Չեմ կարծում, որ ճապոնացիները «ումանի խոսք»-ով  կարող են  մարդ վիրավորել:

Իմ  խորին համոզմամբ, հայի քիմքին ծանոթ են բազմաթիվ ու բազմատեսակ այլ համային հատկանիշներ: Դրանցից առանձնացնեմ ԱՐԵՎԱՀԱՄԸ, որն առաջինը Չարենցն է նկատել: Առայժմ այդ համը միջազգային բառի կարգավիճակ չունի, քանի որ այն զգալու համար անհրաժեշտ է լինել Հայաստանում եւ ճաշակել մեր բնաշխարհի մրգի համը:

Անշուշտ, հայի քիմքին խորթ չէ նաեւ մեկ այլ համային հատկանիշ, որին մենք ՆՈՐՄԱԼ ենք անվանում: Ու թեեւ բառը միջազգային է, բայց մյուս ազգերը չեն կարող ընկալել դրա «համն ու հոտը»: Չէ՞ որ Հայաստանում սուրճը խմում են դառը, քաղցր,  նաեւ՝ «նորմալ»:

Հային ընկալելի է նաեւ մի առանձնահատուկ համային հատկություն, որը պայմանականորեն ԽԱՌՆԱՀԱՄ  կարելի է անվանել:  Ինչպես Հրանտ Մաթեւոսյանն իր «Ծառերը» վիպակում է գրել՝ «Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն»: Հենց էդ կարգի  խառնահամի մասին  է ակնարկում մեծանուն գրողը, որին  էլ  մենք ՄԱՐԽՈՇ ենք ասում,  իսկ իրանցիները՝ ՄԱՅԽՈՇ (maykhosh): Իհարկե, մարխոշը քաղցրի եւ թթվի խառնահամն է, բայց էական չէ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա: «ճաշակին ընկեր չկա» արտահայտությունը հասկանալի է դառնում, երբ չափի զգացողությունը կորցրածին հայն իր բերանի համին  համապատասխան  ասում է՝  «համը չհանես», իսկ պարսիկը՝ «շոռը (աղը) չհանես»: Կամ էլ, եթե հայը սիրունիկ ու գրավիչ աղջիկ է տեսնում, ասում է՝ «Ինչ քաղցրիկ աղջիկ է», իսկ պարսիկի համար գրավչության չափանիշն  աղն է՝   [ba-namak],  կամ արաբերենից  փոխառյալ՝    malih եւ malihe, որը դարձյալ ԱՂ բառի հետ է առնչվում: Թերեւս դրա համար էլ արեւմտահայը ԼԱՎ-ի ու ԳԵՂԵՑԻԿ-ի փոխարեն օգտագործում է  ԱՂեկ  եւ ԱՂվոր բառերը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ