«Ազգ»-ի զրուցակիցն է բանաստեղծ Դավիթ Մշեցին
– Դավիթ, 5 տարի առաջ դուք նույնպես փողոց էիք փակում, «Մերժիր Սերժին» վանկարկում, ոստիկանական բաժանմունքում հայտնվում, մի խոսքով՝ «հեղափոխություն» էիք անում: Այսօր նորից իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում եք, դատական գործընթացներով եք անցում: Կխնդրեի նախ մանրամասնել՝ ի՞նչ գործով եք անցնում ու կմտածեի՞ք արդյոք, որ «հեղափոխական» ուժի կառավարման ժամանակաշրջանում նույնպես կարող եք ինչ–որ բանի մեջ «մեղադրվել»:
– Ոչ միայն 5 տարի առաջ, այլեւ վերջին 15 տարում մշտապես եղել եմ պայքարի առաջնագծում՝ խրամատից մինչեւ քաղաքական հարթակ: Միշտ էլ հայտնվել եմ ոստիկանության բաժամունքներում, նույնիսկ 2013-ին բառի առարկայական իմաստով աքսորվել եմ երկրից: 2018-ին Սերժ Սարգսյանը ստեղծել էր այնպիսի մի իրավիճակ, երբ, պատկերավոր ասած, մի «երեխայիդ մորթել էր, իսկ մյուսի պարանոցին դանակն էր շողում»:Պետք էր որեւէ քայլ, շարժում անեինք՝ «փրկելու» համար մյուս երեխային: Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն ուղղակի պարտադրեց մեզ 2018-ի «հեղափոխությունը»:
Իշխանափոխությունից մեկ շաբաթ չանցած ինձ արդեն պարզ էր՝ ինչ է կատարվել ու կատարվելու: 2018-ի քաղաքական դեպքերը ես միշտ համեմատում եմ 1908-ի հետ, երբ հայ մտավորականությունը երիտթուրքերին էր աջակցում, երբ կործանելով Համիդին՝ իշխանության բերեցին իրենց ծոցում քնած ընկերներին, որոնք հետո պետք է մի ամբողջ ազգի դահիճը դառնային:
Ինչ վերաբերում է իրավական գործընթացին, ապա անցնում եմ մի գործով, որով, առանց բացառության, ՀՀ որեւէ քաղաքացի կարող էր անցնել:
Հիմքում Facebook-ի գրառում է, որտեղ ասում եմ «Նիկոլին սատկացնելը» յուրաքանչյուր հայի սրբազան պարտքը պետք է լինի: Իրավապահները սա որպես բռնության կոչ ու ահաբեկչության կազմակերպում կամ հրահրում են որակել եւ գործ հարուցել: Կարճ ասած՝ նույնիսկ Բեն Լադենի համար նախանձելի հոդվածի մասին է խոսքը:Արդեն տարուց ավելի արգելափակել են երկրից դուրս գալս, համայնքային կալանք են կիրառել… Իմ տեսած ամենափնթի ու ցինիկ դատավարությունն են իրականացնում:
– 2018-ին կմտածեի՞ք, որ 5 տարի անց այսպիսի՝ պատերազմում պարտված, Արցախի 75 տոկոսը կորցրած, հակառակորդին մեր տնից ներս թողած իրավիճակում կհայտնվենք:
– Հայոց պատմության բոլոր ժամանակներում էլ մտավորականները, մասնավորապես՝ բանաստեղծները, բոլոր աղետները կանխագուշակել են, հուշել՝ դրանցից խուսափելու հստակ քայլերը: Բայց, ցավ ի սիրտ, մեր հանրությունը գոնե վերջին 2000 տարում ավելի շատ ատել ու արհամարհել է մտածող մարդուն, քան՝ եղեռնող «հարեւանին»:
– Հիմա էլ, փաստորեն, Փաշինյանը համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն՝ ըստ երեւույթին Արցախը ներառյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք, եւ ըստ ձեզ՝ ո՞րն է հաջորդ աղետը:
– Փաշինյանն իր գիտակցական ամբողջ կյանքում է ձգտել նրան, որ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, ավելին՝ ամեն բան արել է դրան հասնելու համար: Այնպես որ, այժմ նրա հայտարարությունները որեւէ մեկին զարմանալ պետք չէ թվան: Հաջորդ աղետը միջանցքի հանձնումն է: Տեսեք՝ նոյեմբերի 9-ի ազգադավ փաստաթղթի 6-րդ կետով ՀՀ-ն պարտավորվում է ապահովել անխափան ենթակառուցվածքներ՝ Ադրբեջան-Նախիջեւան կապի համար: Սա այլ ինչ չէ, քան՝ ՀՀ ինքնիշխան տարածքի տրամադրում: Հիմա էլ Ալիեւն ասում է՝ ստորագրել ես, տո՛ւր: Անունը կուզես «միջանցք» դիր, կուզես՝ «կածան», դրանից հարցի էությունը չի փոխվում: Ալիեւի այս պնդմանը որեւէ երկիր չի հակադարձում, քանի որ, ի տարբերություն մեզ, մարդիկ ընդունում են ոչ թե ձեւակերպումը, այլ ձեւակերպման էությունը:
– Փաշինյանն ու թիմակիցներն անդադար խոսում են վայ–հարեւանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու ու խաղաղ համակեցության մասին: Դա, ըստ ձեզ, հնարավո՞ր է:
– Խաղաղ դարաշրջան ոչ թե մուրում, այլ պարտադրում են. դա՛ է բնության ու աշխարհի անխախտ օրենքը: Մեզ քարով խփողին պատժելու փոխարեն՝ հարցերը քարի հետ ենք փորձում պարզել: Հետեւաբար դեռ այնքան ժամանակ չես կարող հարեւանություն անել քեզ վրա արկ գցողի հետ, քանի դեռ դրա հարցերը չես լուծել:
– Արդեն ասացիք, որ բանաստեղծները սովարաբար ամեն բան կախազգում են, ծանր իրավիճակներից էլ ելքեր են գտնում կամ տեսնում: Այս իրավիճակի համար ի՞նչ լուծում եք տեսնում:
– Հայ ժողովրդի վերջին 2000 տարվա աղետալի պատմության միակ լուծումը Փոքր Մհերի խորհուրդը հասկանալն ու ըստ այդմ ապրելն է: Հայ մարդու միակ խնդիրը ինքնաճանաչ չլինելն է: Մեզ դարերով համոզել են, որ մենք դավաճան, գետնաքարշ, թույլ, տկար հանրություն ենք, հետեւաբար՝ ոչ թե հզոր պետություն կերտելու մասին, այլ ո՞ր տերության գիրկը նետվելու մասին պետք է մտածենք: Տեղյակ չենք, որ արքայական ու արարչական արան կրողն ենք, ու մուրացկանի պես գոյում ենք դարերով: Եվ դեռ այնքան ժամանակ կգոյենք, քանի դեռ ինքնաճանաչման ճանապարհը չենք բռնել:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ