Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Ղազանչեցոցում


Ադրբեջանը Շուշիի Մայր տաճարում գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության հետ խորհրդակցելու։

📎 Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` հիշեցնելով, որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը: 

Գերատեսչությունից հիշեցնում են, որ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործած բազմաթիվ պատերազմական հանցագործությունների շարքում առանձնակի աչքի է ընկնում բարձր ճշգրտությամբ զինատեսակներով մեկ օրում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի դիտավորյալ կրկնակի հրթիռակոծումը, որին հրադադարի հաստատումից հետո հաջորդեցին նաև վանդալիզմի դեպքեր:

«Հատկանշական է, որ Ադրբեջանը  Շուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակհայտորեն խախտում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։ Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը»,–գրված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ  արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

@ArmeniaSputnik