Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել կրոնական առաջնորդների արժանապատվությունը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։

Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգության պատճառ են դարձել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումները։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ տեղ ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում, ինչպես նաև կարևոր դեր է կատարում համաշխարհային քրիստոնեական համայնքում։

Կազմակերպության գնահատմամբ՝ սրբավայրերում ուժի կիրառման և հոգևորականների ձերբակալությունների մասին հաղորդումները հարցեր են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի վայրերի անձեռնմխելիության և կրոնական հաստատությունների ինքնավարության վերաբերյալ։

WCC-ն նաև զգուշացրել է, որ հասարակական կոշտ հռետորաբանությունը կարող է խորացնել հասարակության ներսում առկա բաժանումները։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ապահովել կրոնական առաջնորդների և հաստատությունների իրավունքներն ու արժանապատվությունը, պահպանել պատշաճ իրավական ընթացակարգերը և զերծ մնալ այնպիսի քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես կրոնական կառույցների թիրախավորում։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նաև կոչ է արել խրախուսել բաց և կառուցողական երկխոսություն պետական կառույցների և կրոնական համայնքների միջև։

Հայտարարության վերջում WCC-ն հայտնել է իր համերաշխությունը Հայ Առաքելական եկեղեցուն և բոլոր կողմերին կոչ արել գործել պատասխանատվությամբ ու փոխադարձ հարգանքով։