Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Երբ քաղաքական պայքարը փոխարինվում է «թշնամիների» անվերջ որոնմամբ, իսկ քաղաքացիները կորցնում են փաստերն ինքնուրույն գնահատելու կարողությունը

Ինչո՞ւ են վերջին ժամանակաշրջանում շատացել  «օտարերկրյա լրտեսների» ու «պետական դավաճանների» «բացահայտման» դեպքերը։ Ի՞նչ կապ ունեն դրանք կասկածելի ընտրությունների հետ։

Մեզ այդ հարցում կօգնի բռնատիրական համակարգերի լավագույն տեսաբաններից Հաննա Արենդտը։

Նա իր «Տոտալիտարիզմի ակունքները» գրքում ներկայացնում է այն գաղափարը, որ բռնակալությունը պարզապես տոտալիտար, կամ ավտորիտար իշխանության տեսակ չէ։ Դա իշխանության ձև է, որի նպատակը ոչ միայն մարդկանց վարքագիծը, այլև նրանց մտածողությունը, իրականության ընկալումը և հասարակության ամբողջ կառուցվածքը վերահսկելն է։

Արենդտի կարևոր գաղափարներից մեկն այն է, որ նման համակարգերը մշտապես ունեն «թշնամու» կարիք։ Թշնամին կարող է լինել արտաքին պետություն, ներքին քաղաքական ընդդիմություն, ազգային կամ սոցիալական խումբ, կամ սուբէթնիկ խումբ, ինչպես Հայաստանի դեպքում արցախցիները, «դավադիրներ», «լրտեսներ», ինչպես նաև «արտասահմանյան գործակալներ»։

Թշնամու կերպարը իշխանությանն անհրաժեշտ է մի քանի նպատակով.

– հասարակությանն իր շուրջը համախմբելու համար,

– տնտեսական և քաղաքական խնդիրները բացատրելու նպատակով, այսինքն՝  գտնել «մեղավորներ»,

– այդ ամենը պետք է արտակարգ միջոցներն ու սահմանափակումներն արդարացնելու համար։

Եթե հասարակությունը հավատում է, որ պետությունը մշտական սպառնալիքի տակ է, ապա ավելի հեշտ է ընդունում ազատությունների սահմանափակումը։

Արենդտը պնդում էր, որ տոտալիտար համակարգի կարևորագույն գործիքը քարոզչությունն է։ Նրա հայտնի միտքն այն է, որ նման ռեժիմի «իդեալական քաղաքացին» ոչ թե համոզված գաղափարական կողմնակիցն է, այլ այն մարդը, որը այլևս չի տարբերում փաստը հորինվածքից և ճշմարտությունը՝ ստից։ Այդ դեպքում մարդը դադարում է ինքնուրույն դատողություններ անել և սկսում է ընդունել այն իրականությունը, որն իրեն ներկայացնում է իշխանությունը։

Արենդտը նշում էր, որ մարդիկ կարող են միաժամանակ «ամեն ինչին հավատալ և ոչնչին չհավատալ»։ Եթե քաղաքացին համոզված է, որ բոլորն են ստում, ապա նա կորցնում է ճշմարտությունը գտնելու ցանկությունը։ Այդ իրավիճակում ցանկացած նոր պաշտոնական բացատրություն կարող է ընդունվել ոչ թե այն պատճառով, որ այն համոզիչ է, այլ որովհետև այլ վստահելի աղբյուրներ այլևս չեն մնացել։

Արենդտի մեկ այլ կարևոր գաղափարն այն է, որ նման համակարգերում պայքարը երբեք չի ավարտվում։ Եթե վերացվում է մեկ «թշնամի», շուտով հայտնվում է հաջորդը։ Քանի որ ամբողջ քաղաքական համակարգը կառուցված է պայքարի գաղափարի վրա, իշխանությունը մշտապես նոր հակառակորդների կարիք ունի՝ հասարակությունը մոբիլիզացնելու և վերահսկողությունը պահպանելու համար։

Հայաստանի այսօրվա ռեժիմի թշնամիներն են «կռվից թռած» արցախցիները, «թալանչի նախկինները», «այլասերված» հոգևորականները, փողի դիմաց ընդդիմությանը ձայն տվածները, ռուսական «լրտեսները» և այդպես շարունակ։

Ժամանակակից քաղաքագիտությունը շատ հարցերում շարունակում է զարգացնել Արենդտի գաղափարները։ Օրինակ, Սթիվեն Լևիցկին և Լյուկան Ուեյը ցույց են տալիս, որ մեր օրերի բազմաթիվ ավտորիտար ռեժիմներն ավելի հաճախ օգտագործում են օրենքները, դատարանները, հարկային մարմինները, վարչական լծակները և տեղեկատվական վերահսկողությունը՝ ընդդիմությանը սահմանափակելու համար, քան բացահայտ զանգվածային ահաբեկչությունը։

Հայաստանի դեպքում Արենդտի տեսությունը դրսևորվում է հանրային դաշտում հաճախ հնչող մեղադրանքներով` «արտաքին ուժերին ծառայելու», «օտար ազդեցության», «պետական դավաճանության» կամ «հակապետական գործունեության» մեղադրանքներով։

Միևնույն ժամանակ, քաղաքական պայքարում ակտիվորեն օգտագործվում են տեղեկատվական և քարոզչական մեխանիզմներ, որոնք խորացնում են հասարակության բևեռացումը։

Այսպիսով, Արենդտի գլխավոր դասը հետևյալն է՝ ցանկացած հասարակությունում վտանգավոր է այն իրավիճակը, երբ քաղաքական պայքարը փոխարինվում է «թշնամիների» անվերջ որոնմամբ, իսկ քաղաքացիները կորցնում են փաստերն ինքնուրույն գնահատելու և իշխանության կամ ընդդիմության հայտարարությունները քննադատաբար վերլուծելու կարողությունը։

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ