«Ինչո՞վ է ապրում ազգը»

Հոգեւոր ծառայությունը եւ կրոնական կրթությունը ոչ թե երկրորդական հարցեր են, այլ հասարակության հենասյուները
Նախորդ հոդվածում (https://azg.am/am/%d5%b8%d5%9e%d6%82%d6%80-%d5%a7-%d6%84%d5%b8-%d5%a5%d5%b2%d5%a2%d5%a1%d5%b5%d6%80%d5%a8/) նկարագրեցի, թե ինչպես է պետությունն իր երիտասարդ զինվորներից պահանջում դիմակայունություն եւ միեւնույն ժամանակ զրկում նրանց այն միջոցից, որի շնորհիվ աճում է այդ ուժը՝ զորանոցում հոգեւոր ծառայությունից, ապահով տարածքից, դպրոցում կրոնական ձևավորումից: Իրականում ի՞նչ են տալիս կրոնական կրթությունը, հոգեւոր ծառայությունը, որ նրանց անհետացումը աղետ է բերում: Հոգեւոր ծառայությունը եւ կրոնական կրթությունը ոչ թե բարեպաշտ անցյալի դեկորատիվ մնացորդներ են, այլ՝ կրող պատեր: Այն պետությունը, որը քանդում է դրանք, կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է:
Հոգեւոր ծառայության վայրը. այնտեղ, որտեղ ամենամութն է
Պատահական չէ, որ հոգեւոր ծառայությունը պատմականորեն կենտրոնացել է երեք վայրերում՝ բանակում, հիվանդանոցում եւ բանտում: Փիլիսոփա Կարլ Յասպերսը դրանք անվանել է «սահմանային իրավիճակներ»: Այն վիճակները, երբ մարդը բախվում է մահվանը, մեղքին, տառապանքին ու անզորությանը, երբ սովորական ապահովությունները ձախողվում են: Սոցիոլոգ Էրվինգ Գոֆմանը նույն վայրերը նկարագրել է որպես «տոտալ հաստատություններ», որտեղ անհատը մերկանում է իր դերերից եւ վերածվում պարզապես սոցիոլոգիական հաշվարկային միավորի՝թիվ է դառնում: Հենց այնտեղ, որտեղ մարդն ինքն իր տերը չէ, այլ վերադասն է նրա փոխարեն որոշումներ կայացնում, խոցելիության հավանականությունն ավելի մեծ է:
Այն, ինչ հոգևորականն առաջարկում է նման վայրերում, չի կարող փոխարինել ո՛չ մի սպա, ո՛չ մի բժիշկ և բանտի ոչ մի հոգեբան, որքան էլ նրանք լավ կատարեն իրենց աշխատանքը: Նա առաջարկում է իշխանությունից զերծ տարածք. նա, իր պաշտոնի բերումով, հրամանատարական շղթայի մաս չէ, եւ նրա լռությունը (գաղտնիությունը) կապված չէ հաստատության շահերի հետ: Եվ նա տեսնում է մի վերք, որի համար բժշկությունը կատեգորիա չունի: Ռազմական հոգեբանությունն այն անվանում է moral injury՝ բարոյական վնասվածք: Այն առաջանում է գործողություններից կամ փորձառություններից, որոնք խախտում են խորապես արմատավորված բարոյական համոզմունքները, կամ վերադասի կողմից դավաճանված լինելու զգացումից, եւ ֆունկցիոնալ առումով տարբերվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Այն չի կարելի բուժել ախտանիշի պես. դա մեղքի, իմաստի եւ ներման հարց է, եւ հետևաբար հատուկ է հոգեւոր հովվին:
Որ սա զուտ բարեպաշտական պնդում չէ, ցույց է տալիս գիտությունը:
- Ռազմական ոլորտում հոգեւորականները համարվում են վստահելի հենման կետ հենց այն պատճառով, որ նրանք ապահովում են գաղտնիություն եւ նվազեցնում այն խարանը, որն առկա է հոգեբուժական օգնության դիմելիս:
- Հիվանդանոցներում համակարգված հետազոտությունները ցույց են տալիս, որ հոգեւոր աջակցությունը կապված է հիվանդների եւ հարազատների ավելի բարձր գոհունակության, ավելի լավ կյանքի որակի եւ հոգեւոր բարեկեցության հետ, մինչդեռ չբավարարված հոգեւոր կարիքները հանգեցնում են ավելի մեծ հոգեկան տագնապի, ավելի ուժեղ ցավերի եւ կյանքի վատ որակի:
- Քրեակատարողական համակարգում, վերջապես, կրոնական աջակցությունը կապված է ավելի լավ հարմարվողականության եւ կրկնահանցագործությունների (ռեցիդիվի) ցածր մակարդակի հետ, քանի որ այն բանտարկյալին տալիս է նոր, դրական ինքնություն, իմաստի զգացում եւ սոցիալական կապերի ցանց:
Ազդեցության ուսումնասիրությունը նոր է, եւ պատճառահետեւանքային կապը միշտ չէ, որ հնարավոր է հստակ առանձնացնել: Բայց արդյունքներն այսքան տարբեր երեք ոլորտներում ցույց են տալիս նույն ուղղությունը. այնտեղ, որտեղ մարդիկ հասնում են իրենց սահմանին, հոգևոր աջակցությունը չափելիորեն օգնում է, ընդ որում այնտեղ, որտեղ զուտ ֆունկցիոնալ խնամքը հասնում է իր սեփական սահմանին:
Բանակը, որտեղ իշխում են նվաստացումն ու բռնությունը, հոգեւորականին մերժելով կորցնում է միակ վստահելի անձին, որ մաս չի կազմում զինվորին ճնշող հիերարխիային: Սա խնայողության միջոց չէ, այլ՝ վկայի վերացում:
Խղճի ձևավորումը
Երկրորդ կորուստը վերաբերում է դպրոցին: Այստեղ նախեւառաջ անհրաժեշտ է արդար տարանջատում, քանի որ կրոնական կրթության ոչ ամեն քննադատություն է անհիմն: Կրոնական փոքրամասնություններ ունեցող մեր պետությունում ( օրինակ՝ Հայաստանում եզդիները) Հայ Եկեղեցու պատմության պարտադիր առարկան կարող է ընկալվել որպես պարտադրանք, եւ այս առարկությունը պետք է լուրջ ընդունել: Խնդիրն այն չէ, որ Հայաստանը պաշտպանում է իր փոքրամասնություններին: Խնդիրն այն է, որ առարկան ընդհանուր պատմության մեջ տարրալուծելով եւ արժեքների կառուցվածքային ձեւավորման վերացմամբ ստեղծվում է վակուում, որը ոչնչով չի լրացվում:
Որ նման վակուումը վտանգավոր է, ցույց է տվել ոչ թե որեւէ աստվածաբան, այլ ժամանակակից սոցիոլոգիայի հիմնադիրը: Էմիլ Դյուրկհեյմը, լինելով համոզված աշխարհիկ գործիչ, բարոյական դաստիարակությունը համարում էր անփոխարինելի. հասարակությունը, որը չի կարողանում իր աճող սերնդին ինտեգրել արժեքային համակարգի մեջ, նրանց թողնում է անոմիայի, անկայունության մեջ: Արժեքները, ըստ Դյուրկհեյմի, չեն ժառանգվում, դրանք ձեւավորվում են, իսկ անհատի արժանապատվությունը ոչ թե բնական վիճակ է, այլ մշակութային նվաճում, որը յուրաքանչյուր սերունդ պետք է նորից սովորեցնի: Վիկտոր Ֆրանկլը, համակենտրոնացման ճամբարների ոչնչացման փորձից ելնելով, դրան ավելացրել է «իմաստի հանդեպ կամքի» հասկացությունը՝ մարդը դիմանում է ամեն ինչին, եթե գիտակցում է, թե հանուն ինչի է, և կոտրվում է, երբ իմաստ չի գտնում: Կրթությունը, որը փոխանցում է հմտություններ, բայց ոչ իմաստի հորիզոն, ստեղծում է կարողություն՝ առանց կողմնորոշման:
Այստեղ շրջանը փակվում է՝ վերադառնալով առաջին հոդվածի բանավեճին: Վարչապետն ասել է, որ իր զինվորների դիմակայունությունը արմատավորված է կրթական համակարգում՝ «սկսած մանկապարտեզից»: Դրանում կա ճշմարտություն, բայց հակառակը. մարդու դիմակայունությունը ձևավորվում է ոչ թե նրան կոփելով, այլ վաղ տարիքից նրան արժանապատվության հաստատակամություն ներշնչելով: Բայց արժեքների ձևավորումն առանց տրանսցենդենտալ հղման դառնում է մակերեսային: Արժեքներն այդ դեպքում վերածվում են սակարկելի նախասիրությունների, և այն, ինչ փիլիսոփա Չարլզ Թեյլորն անվանում է «բուֆերացված», ամեն տեսակ խորությունից կտրված մարդ, քիչ բան ունի, որին կարող է հենվել գիշերվա խավարին դիմակայելիս:
Ինչով է ապրում հայ ազգը
Մինչ այստեղ, ասվածը վերաբերում է ցանկացած հասարակության: Բայց Հայաստանի համար այն գործում է հատուկ սրությամբ, եւ դա ոչ թե բարեպաշտական պաթոս է, այլ պատմական փաստ: Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու «բացառիկ առաքելությունը հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում», եւ դա անում է պետության ու կրոնական կազմակերպությունների անջատմանը զուգահեռ: Բնակչության մոտ իննսուներկու տոկոսն իրեն համարում է եկեղեցու հետևորդ:
Պատճառն ավելի խորն է, քան պարզապես թվերը: Հայաստանն աշխարհում առաջին պետությունն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ չորրորդ դարի սկզբին, ավանդաբար՝ 301 թվականին: Դրանից քիչ անց Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը՝ Սուրբ Գիրքը թարգմանելու նպատակով: Հայ գիրն ինքնին, որ ողջ կրթության հիմքն է, ծնվել է հավատից. դպրոցն ու եկեղեցին սկզբում մեկ էին: Առանց սեփական պետականության, օտար տիրապետության տակ, 1915 թվականի ցեղասպանության, խորհրդային աթեիզմի եւ սփյուռքի ցրվածության, դարերի միջով հենց եկեղեցին էր, որ պահեց ազգը, երբ չկար պետություն, որը կկրեր այդ բեռը: Հայերի համար հավատն ու ազգը ոչ թե գաղափարային առումով, այլ պատմականորեն միահյուսված են:
Ուստի նա, ով զրկում է այս ազգի կրթությունն իր տրանսցենդենտալ միջուկից եւ ոչնչացնում նրա հոգևոր խնամքը, չի զբաղվում չեզոք արդիականացմամբ: Նա կտրում է մի փոքրիկ, գոյութենական սպառնալիքի տակ գտնվող ժողովրդին այն արմատից, որը նրան կենդանի է պահել՝ աղետներին դեմ հանդիման: Նա բարոյապես զինաթափում է նրան այն պահին, երբ նա իր ներքին դիմակայունության կարիքն ամենաշատն ունի:
Առարկությունը եւ պատասխանը
Աշխարհիկ փաստարկն իր տեղն ունի: Եկեղեցու եւ պետության տարանջատումը ձեռքբերում է, փոքրամասնությունների պաշտպանությունը՝ պարտականություն, իսկ ժամանակակից պետությունը ոչ մեկին չպետք է ստիպի հավատալ: Այս ամենը ճշմարիտ է: Սակայն սրանցից եւ ոչ մեկը չի պահանջում վերացնել իշխանությունից զերծ հոգևոր ծառայությունը կամ կրթությունը դատարկել իր բարոյական եւ տրանսցենդենտալ բովանդակությունից: Թեոկրատիայի եւ իմաստից զուրկ էտատիզմի միջեւ բանականությունն է:
Եվ այստեղ ամենաուժեղ ձայնը հնչում է ոչ թե եկեղեցուց, այլ հենց աշխարհիկ սահմանադրական մտածողությունից: Պետական իրավունքի մասնագետ Էռնստ-Վոլֆգանգ Բյոքենֆյորդեն ձևակերպել է այս միտքը. «Ազատական, աշխարհիկացված պետությունն ապրում է այնպիսի նախադրյալներով, որոնք ինքը չի կարող երաշխավորել»:
Այստեղ նա նկատի ուներ հետևյալը. իրավական պետությունը սնվում է բարոյական սուբստանցից, համերաշխությունից, խղճից, մարդու անձեռնմխելիության զգացումից, որոնք նա չի կարող ո՛չ ստեղծել, ո՛չ էլ պարտադրել իր օրենքներով, եւ որոնք պատմականորեն կրել են կրոնական ավանդույթները: Նույնիսկ Յուրգեն Հաբերմասն իր կյանքի վերջին տարիներին խոստովանեց, որ աշխարհիկ բանականությունը ճիշտ կանի, եթե բաց մնա կրոնական ավանդույթների իմաստային պոտենցիալի առջեւ, այլ ոչ թե կտրի դրանք: Պետությունը, որը ոչնչացնում է այս սուբստանցը փոխանցող ինստիտուտները, սպառում է իր իսկ բարոյական կապիտալը՝ առանց այն վերականգնելու:
Դրանում է ներկայիս քաղաքականության ողջ կարճատեսությունը: Ազգը չի հզորանում՝ կոփելով իր երեխաներին եւ լռեցնելով իր քահանաներին: Նա ապրում իմաստի, արժանապատվության եւ համերաշխության ակունքներից սնվելով: Առաջընթացի անունից այդ ակունքները փակելը աշխարհիկացում չէ: Անհեռատեսություն է, որն իր ապագայի համար պայքարող ժողովուրդն ամենաքիչը կարող է ինքնիրեն արտոնել:
ՏԻՐԱՏՈՒՐ քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ
Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ
