Անգլիական «Times of London» եւ իտալական Florenced-ailynews.com լրատվամիջոցները գրեթե միաժամանակ հաղորդել են այն մասին, որ մայիսի 31-ին 81 տարեկան հասակում անհայտ պատճառներից վախճանվել է անգլիացի հայտնի քանդակագործ, նկարիչ եւ գրող Մեթյու Սպենդերը` Արշիլ Գորկու դստեր` Մարոյի ամուսինը:
Մ. Սպենդերը ծնվել էր համաշխարհային Երկրորդ պատերազմի ավարտին, 1945 թվի մարտի 13-ին, Լոնդոնի արեւմտյան մասում եւ մեծացել գրականության, երաժշտության եւ ընդհանրապես արվեստների եւ մշակույթի առինքնող մթնոլորտում, որտեղ իր վրա մեծ ազդեցություն էին ունեցել Ուիստն Հյու Օդենը, Սեսիլ դեյ Լյուիսը եւ Քրիստոֆեր Այշերվուդը: Հայրը` Սըր Սթիվնը իր ժամանակի ճանաչված բանաստեղծներից էր, իսկ մայրը` Նաթաշան, շնորհալի դաշնակահարուհի: Քույրը` Էլիզաբեթը ամուսնացել էր ավստրալիացի կատակերգու Բարրի Համֆրիզի հետ:
Մեթյուն արդի պատմություն էր ուսումնասիրել Օքսֆորդում: Հետագայում հաճախել էր Լոնդոնի Գեղարվեստի Սլեյդ կրթօջախը, որտեղ բացահայտել էր տեսողական արվեստի գաղտնի շերտերը, որոնք բոլորովին տարբեր էին իրեն ծանոթ գրական մթնոլորտից: Տեսողականը ավելի համառ աշխատանք եւ ճշգրիտ կենտրոնացում էր պահանջում: Նրա այդ բացահայտմանը առավել խորություն է պատճառել Արշիլ Գորկու դստեր` Մարոյի հետ ամուսնությունը 1967-ին: Երկու արվեստագետ ընտանիքների միասնությունը նոր դռներ է բացել Մեթյուի առջեւ, որն իր աներհոր կենսագրությունն է ամփոփել «From a High Place» (Բարձր վայրից) խորագրով գրքում` հրատարակված 1999-ին:
Հետագայում, 2009 թվին նա նորից է անդրադարձել Գորկուն` հրատարակելով «Greats on the Roof» (Այծերը տանիքի վրա) հատորը, որտեղ ամփոփված են ընտանեկան փաստաթղթեր եւ Գորկու անգլերեն ու հայերեն նամակները Վարդուշին, Մուրադին, Կարլենին: Երկու գրքերն էլ բարձր գրախոսականների են արժանացել մասնագետների կողմից: Նրանց հիացրել էին հեղինակի անսովոր անկեղծությունն ու լուրջ պատմաբանի մոտեցումը: 1968-ին Մեթյուն եւ Մարոն տեղափոխվել են Տոսկանա (Իտալիա), որն ավելի քան հինգ տասնամյակ դարձել է նրանց տունն ու արվեստագետ քանդակագործի ներշնչումը: Կիանտիի բլուրներում նա ամբողջովին նվիրվել էր նկարչությանն ու քանդակագործությանը: Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Իտալիայում, Անգլիայում եւ Ամերիկայում:
«Ազգ»ի խմբագրությունն ու անձնակազմը խորին ցավակցություն են հայտնում Մեթյուի այրուն` Մարոյին եւ դուստրերին` Սասկիային եւ Կոզիմային:
Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)











