Երկօրյա այցից հետո Երեւանից Բաքու մեկնելուց առաջ տված ճեպազրույցում, բարձր գնահատելով իր երկրի կողմից Հայաստանին տրամադրվելիք՝ այսպես կոչված «ներդրումային» ծրագիրը, որը, իր խոսքերով, Մ. Նահանգներում ստեղծելու է բազմահազար աշխատատեղեր, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ամերիկյան ընթացիկ արտահայտությամբ վստահեցրեց, որ երկու երկրների միջեւ ստեղծվում է win-win situation, այսինքն՝ երկուստեք շահեկան իրավիճակ. շահում է Հայաստանը, շահում է Մ. Նահանգները:
Առայժմ մեկ կողմ՝ մասնագիտական շրջանակներին վերապահելով ստեղծված կացության ավելի խորը քննության պարտականությունը, որի արդյունքում կիմանանք, թե խնդրո առարկա գործարքներից իրականում ի՞նչ է շահելու մեր երկիրը, ուրիշ ո՞վ եւ ովքե՞ր են շահելու դրանցից, իսկ, մյուս կողմից, ի՞նչ են կորցնելու տարածաշրջանի մյուս երկրները՝ գլխավորաբար Ռուսաստանը, Իրանը, նույնիսկ՝ ոչ տարածաշրջանային Չինաստանը, Ֆրանսիան եւ այլք, Վենսի արտահայտություններն ու պահվածքը իմ վրա թողեցին ընտրարշավային տպավորություն, նկատի ունենալով, որ ամերիկյան նախագահական գալիք ընտրություններում Վենսը համարվում է հանրապետականների գլխավոր թեկնածուն:
Միայն այն փաստը, որ վերջին պահին Վենսը ջնջեց թուիթերյան իր գրառումը՝ տիկնոջ հետ Ցեղասպանության հուշահամալիր այցելելու եւ Հավերժական կրակի առջեւ ծաղկեփնջեր խոնարհելու վերաբերյալ, ցույց տվեց նրա ծայրահեղ զգուշավորությունը, անգամ թուրքական լոբբիից վախենալու անբացատրելի վարմունքը. կարծեք Փաշինյա՛նը վարակած լիներ նրան… Դա հրաշալի առիթ տվեց Նենսի Պելոսիին՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին, որ հանդիմանի ու հիշեցնի նրան, որ Վաշինգտոնը, Կոնգրեսով ու նախագահով հանդերձ 2019-ին պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Մեծ Եղեռնը: Այդ միջադեպով, կարծում եմ, փաստորեն սեղմվեց start-ի կոճակը ամերիկյան նախընտրական պայքարի:
Նույն՝ ցեղասպանության հարցով ավելի քան նկատելի եղավ նաեւ Վենսի վարմունքի խիստ համահունչ լինելը նիկոլական իշխանության մոտեցմանը: Էրդողանի փափո՜ւկ սիրտը չվշտացնելու, նրան հուսախաբ չանելու մտահոգությամբ, Ծիծեռնակաբերդ այցելող բարձրաստիճան զույգին չուղեկցեց պետական համապատասխան որեւէ պաշտոնյա: Ավելին՝ ի տարբերություն տարիներից ի վեր կիրառվող արարողակարգի, փոխնախագահին զլացվեց հարակից՝ Հիշատակի պուրակում անվանական եղեւնի տնկելու պատեհությունը, ի դիմաց, անշուշտ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլի վերընտրությանը փողով-թմբուկով աջակցելու Էրդողանի հայտարարության:
Ասենք՝ նույնը արեց նաեւ Ջեյ-Դի-Վենսը, որ հրաժեշտի ճեպազրույցում աջակցություն հայտնեց Փաշինյանի թեկնածությանը, խախտելով նման հարցերում միջամուխ չլինելու ամերիկյան սկզբունքը:
Այս բոլորը եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ո՞վ, ովքե՞ր են Փաշինյանին բերել իշխանության, ինչո՞ւ են բերել եւ ինչո՞ւ են ցանկանում նրան պահել աթոռին: Իսկապես դեռ շատ գործ կա անելիք: Բացի «Թրամփյան միջանցքի» մեծամասշտաբ ծրագրից, որը գլխավոր օրակարգի հարցն էր Վենսի այցելության ու բանակցությունների, տակավին կան օրակարգային հայտնի ու դեռեւս անհայտ այլ հարցեր, սկսած Մեծամորի ատոմակայանը ամերիկյան կիսամիջոցներով փոխարինելու, այդպիսով «Ռուսատոմը» Հայաստանից վռնդելու, երկաթուղային ցանցը զարգացնելու անվան տակ՝ կոնցեսիոն հիմունքներով գործող ռուսական ընկերությանը տրված մոնոպոլիան վերացնելու, Իրանի հետ մեր երկրի էներգետիկ համագործական հարաբերությունները խզելու, եւ Մ. Նահանգների համար ամենակարեւորը՝ Սյունիքում գործող պղնձամոլիբդենային եւ հանքարդյունաբերական մյուս ճյուղերի, այդ թվում՝ ուրանի եւ այլ հանածոների հայ-ամերիկյան «համատեղ» շահագործման իրավունքի կորզումը:
Այո, Մ. Նահանգները, թրամփյան հայտնի նպատակասլացությամբ մխրճվում, խորանում է մեր երկրում, միաժամանակ այստեղից վանելով մեր ավանդական բարեկամներին ու գործակիցներին, գլխավորաբար Ռուսաստանին եւ Իրանին, հեռու պահելով նաեւ Չինաստանին, ի վերջո հասնելու համար գերնպատակին՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի վերացմանը:
Վերջում կուզենայի հարց տալ՝ հիմք ընդունելով Վենսի այցի նախօրեին Երեւանում վայրէջք կատարած ամերիկյան ռազմական բեռնափոխադրող օդանավերով բերված անօդաչու սարքերի պարագան: Ասվում է, որ դրանք հետախուզական են եւ ո՛չ մարտական: Ամոթ չլինի հարցնելը, թե դրանցով ո՞ւմ ենք հետախուզելու, անշուշտ եթե թողնվի, որ մեր զինուժը օգտագործի դրանք:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ





