Աքսել Ֆիշերին՝ մեկ տարի եւ երկու ամիս պայմանական ազատազրկում
Երեկ առավոտյան Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանը Ադրբեջանից կաշառք ստացած՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում պաշտոնական Բաքվի հրահանգները կատարող, քրիստոնյա- դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աքսել Է. Ֆիշերին դատապարտեց մեկ տարի եւ երկու ամիս պայմանական ազատազրկման: Ֆիշերը, որ մինչեւ վերջ պնդում էր, թե «իր ձայնը չի վաճառել», մեղավոր ճանաչվեց, կաշառակերության փաստը ապացուցված համարեց դատարանը: ՔԴՄ նախկին պատգամավորն ավելի քան 30,000 եվրո տուգանք պետք է վճարի նաեւ: Դատարանը ապացուցված է համարել, որ Ֆիշերը, որպես ԵԽԽՎ անդամ, գումար է ստացել Ադրբեջանից՝ երկրի դրական վարկը պահպանելու համար: Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի երեկ հրապարակած վճռի համաձայն, Ֆիշերին տրված 20,000 եվրո կաշառքը կբռնագրավվի: Բացի այդ, նա պետք է 12,000 եվրո վճարի զոհերի աջակցության բարեգործական հիմնադրամին, (մեղադրող կողմը 80 հազար էր պահանջել) եւ երկու տարի ժամկետով արգելվում է պետական որեւէ պաշտոն զբաղեցնել, ինչպես նաեւ ընտրվել, որեւէ խորհրդարանում պատգամավոր լինել: (Մեղադրող կողմը պահանջել էր երեք տարվա արգելք):
Դատարանը հետեւել է մեղադրող կողմի փաստարկներին: Մյունխենի դատախազության հետաքննության համաձայն՝ Ֆիշերը տարիների ընթացքում տասնյակ հազարավոր եվրո է ստացել: Դրա դիմաց դրական ելույթներ է ունեցել Ադրբեջանի մասին, գաղտնի փաստաթղթեր է տրամադրել այդ երկրին: Մեղադրող կողմը պահանջել էր մեկ տարի ութ ամիս պայմանական ազատազրկում: Դատախազությունը նաեւ պահանջել էր 100,000 եվրոն գերազանցող դրամական վճարումներ: Ֆիշերի պաշտպանները ցանկանում էին դատավարությունը ձգձգել՝ սպասում էին վաղեմության ժամկետը լրանալուն: Դատավճռի պատճառաբանության մեջ նախագահող դատավոր Յոխեն Բյոզլը նշել է, որ Ֆիշերն առնվազն 2011 թվականի սկզբից ստացել է ընդհանուր առմամբ 79,000 եվրո կանխիկ վճարում: Սակայն, Ադրբեջանից Ֆիշերին փոխանցված այս վճարումները քրեական հանցագործություն են համարվել միայն 2014 թվականի սեպտեմբերից՝ ԳԴՀ նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո: Դրանք հիմք են հանդիսացել կայացված դատավճռի համար: Ֆիշերը կալանքի տակ էր դեկտեմբերի 22-ից ի վեր, քանի որ բազմիցս չէր ներկայացել դատական նիստերին: Նախագահող դատավորը հայտարարել է, որ մեղադրյալին դատավարության ընթացքում կալանքի տակ պահելը խիստ արտասովոր է, սակայն այլ ելք չի եղել: Դատարանը շեշտել է, որ վաղեմության ժամկետը լրանալու էր մարտ ամսին:
Պաշտպանական կողմը եզրափակիչ ելույթներում սուտ եւ անհիմն է որակել մեղադրանքը, շեշտել, որ հետաքննությունը կողմնակալ է եղել, պահանջել է արդարացում: Ակսել Է. Ֆիշերը Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանում արտասանած եզրափակիչ խոսքում հաստատել է, որ ինքը «կաշառակեր չի եղել եւ Ադրբեջանի շահերին ի նպաստ չի գործել»: Մեղադրյալը շեշտել է, որ ինքը «20,000 եվրո կամ նման բան չի ստացել», «զրպարտել են»: Ֆիշերը վերջին չորս շաբաթներն անցկացրել է Մյունխեն-Շտադելհայմ բանտում՝ նախնական կալանքի տակ, քանի որ բազմիցս առանց պատճառաբանության չէր ներկայացել դատական նիստերին: «Transparency International Germany» հակակոռուպցիոն կազմակերպությունը նրան մեղադրել էր դատավարությունը միտումնավոր հետաձգելու համար, որով ակնկալում էր վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ խուսափել պատժից: «Ազգի» 2025-ի համարներում պարբերաբար անդրադարձել ենք մեկ տարի առաջ հունվարին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանում Ադրբեջանից կաշառառության գործով 4 անձանց դատավարությանը: Հիվանդության պատճառով Ֆիշերի գործն առանձնացվեց մյուսներից, քանի որ այդ պատճառաբանությամբ բացակայում էր նիստերից: Բունդեսթագի նախկին պատգամավոր քրիստոնեա-սոցիալական կուսակցության անդամ Էդուարդ Լինթներն 2025-ի ամռանը դատապարտվեց ինն ամսվա պայմանական ազատազրկման: Լինթները վճիռը բողոքարկել է՝ դիմելով Կարլսռուեի դաշնային դատարան:
Մեր կարծիքով, մեղմ պատժի արժանացան Ադրբեջանից կաշառառու գերմանացի քաղաքական գործիչները, այդուհանդերձ մեկ տարի շարունակ Մյունխենի դատարանում դատապարտվում էր Ադրբեջանը, նրա քաղաքական համակարգը, ներկա ղեկավարությունը: Գերմանիայի դատախազությունը հատորներով փաստ է կուտակել, ո՞վ գիտե՝ հարմար պահի միգուցե այլ հանցագործներ, ոճրագործներ էլ կանգնեն դատարանի առաջ: Իսկ ադրբեջանական աղբյուրները դատավարության մասին լռում են, նրանց գերմաներեն լրահոսը հունվարի 16-ից ի վեր ողողված է «Սոքարից» ԳԴՀ եւ Ավստրիա հասնող գազի առաքման փաստով: Գազն ու նավթը մի օր կվերջանա, կամ՝ կխլեն… Ադրբեջանի հերթը դեռ չի եկել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը` dpa-ի





