Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Քողարկված նվերներ

Երբեմն ունեցվածքն ու եկամուտը քողարկելու համար անհայտ ծագում ունեցող ֆինանսական միջոցներով ձեռք բերված գույքը ներկայացվում է որպես «նվիրատվություն»: Հայաստանում ավելի տարածված է, օրինակ, փեսային պատկանող անշարժ գույքի կամ բիզնեսի «նվիրատվությունը» զոքանչին եւ չփոխկապակցված այլ անձանց:

Նման «կեղծիքի» դիմում են բոլոր այն երկրներում, որտեղ անհրաժեշտ է հայտարարագրեր լրացնելիս քողարկել եկամտի աղբյուրը:

Ուշագրավն այն է, որ վաղ անցյալում նույնպես եղել են գնված ապրանքի «քողարկման» նմանօրինակ եղանակներ:
Մատենադարանի հրատարակած հայերեն ձեռագրերի հիշատակարաններում մեզ հանդիպող որոշ ձեւակերպումներ առաջին հայացքից կարող են այլ իմաստով ընկալվել:

Օրինակ, կարդում ենք այսպիսի նախադասություն. «Ստացայ զսուրբ գիրքս, որ կոչի Ոսկեփոր» (Անիի վերջին եպիսկոպոս Հովհաննես Բ Ոսկեփորիկի ընդօրինակած Աստվածաշնչի մասին):

Կամ 1283 թվականին Կարինում ընդօրինակված մի ձեռագրի հիշատակարանում կա այսպիսի ձեւակերպում՝ «Ես տէր (Աւաքս) ստացայ զսուրբ Աւետարանս… յիշատակ ծնաւղաց իմոց եւ ամենայն նախնեաց…»:

Տեղագրական որոշակի հստակություն ենք նկատում նաեւ հետեւյալ նվիրատվական հիշատակարանում. «Տուաք զսուրբ գիրքս ընծայ Ստեփանոս Նախավկային, որ ի յՈստան քաղաք, յերկիրն  ըՌշտունեաց, որ է հանդէպ լերինն Արտօսայ»:

Հայերեն հիշատակարաններում կան նաեւ գրչության նյութերի, թանաքների եւ գործիքների նվիրաբերությանը վերաբերող վկայություններ:  12-րդ  դարով թվագրվող ձեռագրի հիշատակարաններից  տեղեկանում ենք, որ կաշեգործ Կիրակոսը հորթի կաշի է ընծայել գրչության համար:

Նմանատիպ օրինակները բազմաթիվ են:

Կասկած չունեմ, որ վերը նշված նախադասություններում «ՍՏԱՑԱՅ» բառը նշանակում է «ԳՆԵՑԻ», իսկ «ԸՆԾԱՅԵՑԻ» բառն էլ օգտագործվել է  «վաճառեցի» իմաստով, քանի որ հնում սուրբ գրքերի վաճառքը համարվում էր սրբապղծություն եւ միայն առատաձեռն գնորդի «ընծայած» գումարի դիմաց էր սուրբ գիրքը «նվիրաբերվում»:

Նույնը վերաբերում է իսլամական աշխարհին, որտեղ նույնպես սրբապղծություն էր համարվում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի վաճառքը: Այդ պատճառով էլ Ղուրան ձեռք բերելու համար գնորդը երկխոսության մեջ էր մտնում գրավաճառի հետ ու ասում, թե ինքը մտադիր է x գումար նվիրաբերել, որի դիմաց ցանկանում է նվեր ստանալ Ղուրանը:

Իրանում եւ Աֆղանստանում ընդունված է եղել Ղուրանի գինը սահմանել գրքի կազմարարության համար ծախսած գումարով, եւ գնորդը Ղուրան գնելիս, վճարում էր ոչ թե բովանդակության, այլ կազմի, թղթի եւ կազմարարական աշխատանքի դիմաց:

Առակս կցուցանե, որ Հայաստանում եկամուտների համատարած հայտարարագրի համակարգ ներդնելիս հարկային մարմինները պետք է առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեն  նվիրատվությունների քողարկման բոլոր եղանակների նկատմամբ ու փակեն  հնարավոր  կեղծիքների սողանցքերը:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ